Ոստիկանությունը զբաղված էր գործը կոծկելով

Ուղիղ մեկ տարի առաջ, 2009 թվականի ապրիլի 30- ին « փաստաբան, Armenia Today տեղեկատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը դաժան ծեծի էր ենթարկվել: Անցած շաբաթ' դեպքից մեկ տարի անց, Կիվիրյանը լրագրողներին է ներկայացրել գործի քննության մանրամասները՝ մտահոգություն հգայտնելով, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարող է կարճվել ու հանցագործները կարող են մնալ անպատիժ:

Նրա տեղեկացմամբ' քննությունն առայսօր որեւէ արդյունք չի տվել: Նախաքննությունը թեեւ շարունակվում է, բայց գործով ձերբակալվածներ այս պահին չկան: Նման ընթացքը Արգիշտի Կիվիրյանին լավատեսություն չի ներշնչում ու պատկերացում է տալիս ելքի մասին:

«Ներկա դրությամբ գործը քննվում է, բայց ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ է սպասվում: Որոշ ժամանակ անց սույն քրեական գործը կկասեցվի եւ կգցվի ինչ- որ դարակի մեջ»,- ասել է Կիվիրյանը:

2009-ի ապրիլի 30-ի վաղ առավոտյան Armenia Today տեղեկատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը Նալբանդյան 8 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքում հարձակման էր ենթարկվել մի խումբ անձանց կողմից:
«Ինձ վրա հարձակվել են առնվազն երեք անձինք, որոնք զինված էին փայտե մահակներով եւ հրազենով»:

Բռնարարքի փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշնեորվ' միտումնավոր առողջությանը թեթեւ մարմնական վնասվածքների պատճառում:

«Ամենազավեշտալին քրեական գործը 117 հոդվածով հարուցելն էր' թեթեւ մարմնական վնասվածք»:

Նախորդ տարվա մայիսի 7-ին գործի քննությունը տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ եւ վերաորակվել որպես մի խումբ անձանց կողմից սպանության փորձ:

Լրագրողների հետ հանդիպմանը Կիվիրյանը համոզմունք հայտնեց, որ կատարվածի պատճառը իր մասնագիտական գործունեությունն է, մասնավորապես՝ հոդվածները Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի գործունեության վերաբերյալ:

«Ես չունեմ անձնական թշնամիներ», - ասաց Կիվիրյանը: - «Ես դա կապում եմ միայն իմ լրագրողական գործունեության հետ: «Բագին»-ում հիմնականում եւ Armenia Today-ում ներկայացվել է ճշմարտությունը Ախալքաղաքի ոստիկանապետի անձի մասին»:
Գործով կալանավորվել են երկու անձինք՝ Վլադիկ Սերոբյանն ու Գուրգեն Կիլիկյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար՝ Վերջերս, մարտ ամսի սկզբներին նախաքննական մարմինը կալանավորված անձանց խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն կարճ ժամանակ անց իր միջնորդությունը հետ է վերցրել եւ կալանավորվածները ազատվել են կալանքից:

«Եթե նախագահի մամլո խոսնակը հայտարարում է, որ գործը գտնվում է խիստ հսկողության տակ, ապա արդյո՞ք խիստ հսկողության պարագայում չեն ազատ արձակվել այդ երկու անձինք», - հարց հնչեցրեց Արգիշտի Կիվիրյանը:

Հարցին, թե այժմ,  որքանով է իրեն ապահով զգում, Արգիշտի Կիվիրյանն արձագանքեց.

«Իսկ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը իրեն ապահով է զգում»:

Քրեական գործը մինչեւ այժմ նախաքննության փուլում է, եւ Կիվիրյանը կարծում է, թե գործը կասեցնելու միտում կա»:

«Գործի հենց սկզբից ոստիկանությունը զբաղված էր ոչ թե գործը բացահայտելով, այլ գործը կոծկելով», - հավելեց Արգիշտի Կիվիրյանը:

Լուսինե Մանուկյան