«Գիտնականը շտուչնի բան է»

Պետական բուհերի ուսանողներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել'բուհերում տարկետման իրավունքով տեղերի կրճատման դեմ: Կառավարության  այս տարվա որոշմամբ կրճատվել են 100 ասպիրանտուրայի և 1000 մագիստրատուրայի տարկետման իրավունքով սովորելու տեղեր:

Այս որոշումը վերաբերում է, հատկապես, տղաներին, քանի որ բակալավրն ավարտելուց հետո նրանցից շատերը կզորակոչվեն բանակ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Դանիել Իոննիսյանը կարծում է, որ տեղերի կրճատումն այսքանով չի սահմանափակվի ու հաջորդ տարի էլի կրճատումներ կլինեն:

Նրա խոսքով՝ 2004թ. նույն թեմայով ուսանողական բողոքի ակցիան ցույց տվեց, որ երիտասարդները կարող են հասնել իրենց նպատակին, ու դրա համար էլ հիմա այլ միջոցների են դիմում.

«Օրենք փոխելն ավելի բարդ գործընթաց է, ու պիտի ԱԺ-ով անցնի, ու իրենց գործը հեշտացնելու համար կառավարության որոշմամբ տեղերը կրճատեցին»:

Անդրադառնալով օրեր առաջ քաղաքապետարանի կողմից արտոնված, բայց չկայացած նույն բողոքով ակցիային' Դանիելն այն համարեց լոկալ հաղթանակ.

«Նախորդ ակցիայի կազմակերպիչների մեծ մասը կրճատման տակ ընկնող ֆիզիկոսներ էին, ու երբ նրանք ընդառաջ գնացին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին'ակցիան չանելու փոխարեն պահպանել ֆիզիկայի ֆակուլտետի տեղերը, այս փաստը կարելի է համարել դրական հաղթանակ»:

Ըստ ցուցարար ուսանողների' ֆակուլտետներ կան, որտեղ տարկետման իրավունքով 0 տեղ է՝ հոգեբանություն, սոցիոլոգիա, և ֆակուլտետներ, որտեղ ընդամենը մեկ տեղ է հատկացված՝ կենսաբանաության, քիմիայի և այլն:

Ակցիայի մասնակից ոոմանագերմանական ֆակուլտետի 4-րդ կուրս-ի ուսանող Սոս Ավետիսյանին ավարտելուց հետո կարող են տանել բանակ, եթե ֆակուլտետում տարկետման իրավունքով տեղ չավելացնեն: Նա համոզված է, որ 4 տարի հատկապես լեզու սովորելուց հետո 2 տարի բանակի «փակ համակարգում ծառայելով կկոտրվի սովորածը»: Նա ցույցին մասնակից մյուս ուսանողների պես դժգոհում է, որ բուհի ուսանողական խորհուրդը նման ակցիա իրականացնելիս իրենց կողքին չէ:

«Ես չեմ հասկանում, ո՞նց կարող է ուսխորհուրդը  չպաշտպանել ուսանողների շահերը,- ասում է նա,- Ի՞նչ է նշանակում, պարտիան որոշեց մենք բոլոր կոմերիտականներով ենթարկվում ենք: Սա՞ է մեր երազանքը: Ասում են, թե կրճատելու արդյունքում սովորելու կմնան միայն արժանավորները, ես կասկածում եմ իրենց ասած արժանավորի վրա»:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանն ասաց, որ ուսխորհուրդը փորձում է օգնել յուրաքանչյուր անհատ ուսանողի ու իրենց համար վիրավորական է, որ ակցիայի կազմակերպիչներն իրենց նախապես չեն տեղեկացրել ցույցի մասին ու «միայն մեկ օր առաջ երեկոյան զանգել և ասել են, որ  առավոտյան ուսխորհրդի նախագահը պետք է ելույթ ունենա»:

Ըստ Ցոլակ Հակոբյանի՝ ակցիայի մասնակիցների հետևում քաղաքական ուժ է կանգնած (խոսքը վերաբերում է Ժառանգություն խմբակցության երիտասարդական թևին)»:

«Ուսանողական խորհուրդը չի ստեղծվել, որ ինչ-որ քաղաքական ուժի հետևորդ դառնա, այն ուսանողության շահերը պաշտպանելու համար է,- ասաց նա,- Եթե մենք տեսնում ենք, որ ուսանողության մեծ մասը չի բողոքում ու հիմնականում ահատներ են, ովքեր ունեն բանակի խնդիր, թող գան, զրուցենք, ընդհանուր ելքի ճանապարհ մտածենք»:

Ուսխորհրդի նախագահն ասում է, որ իրենք մի քանի անգամ բողոք են ներկայացրել բուհի ռեկտորին ու պրոռեկտորներին, որ վերջիններս առանց իրենց մասնակցության բաշխել են մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի տեղերն ու ցուցակը ներկայացրել կառավարություն:

Նրա խոսքով՝ «Ինչ արել են՝ դեմ չենք, բայց բողոքում ենք, որ չենք մասնակցել բաշխմանը»:

«Հայք» երիտասարդական ուսանողական խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ կուսակցական ուսանողներն էլ իրավունք ունեն մասնակցելու նման միջոցառումների.

«Ինքս լինելով ժառանգության կուսակցության անդամ՝  չեմ կարծում, որ այստեղ կան այդ քանակի ուսանողներ, որ քաղաքականացնեն ցույցը»:

Ուսանողներից շատերի այն բողոքին, թե ռեկտորատից զգուշացրել են իրենց, որ եթե մասնակցեն ցույցին, ապա պետական քննության ժամանակ միգուցե խնդիրներ ունենան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը.

«Դուք կարծում եք ես այնքան պրիմիտիվ եմ, որ պիտի ընկնեմ ուսանողների հետևից, թե ինչու՞ են գնում ցույցերի: Համալասարանի կողմից որևէ խոչնդոտ չի արվում, բայց ԵՊՀ ադմինիստրացիան դեմ է այդ միջոցին, քանի որ այդ կերպ հարցեր չեն լուծում. նրանք ինձանից շատ չեն մտահոգված այդ խնդիրներով»։

Ռեկտորի խոսքով'տարկետման իրավունքով տեղերի բաշխումն արվել է' ելնելով պետության գերակա շահից:

«Դուք կարծում եք լավ գիտնականը շատությա?ն մեջ է, այն որակի մեջ է: Վստահաբար կարող եմ ասել, որ ամեն պաշտպանող չի, որ գիտնական է դառնում: Գիտությունը էլիտար զբաղմունք է.թող լինի քիչ, բայց որակով,- պարզաբանում է ռեկտորը,- Ո՞վ ասաց, որ պիտի, օրինակ, օպերային երգիչը կամ գիտնականը լինեն մասսայական. դա ռուսի ասած շտուչնի բան է»:

Սիմոնյանի խոսքով'չնայած սուբյեկտիվ մոտեցում էլ կա, բայ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ընդառաջեցին ու տեղեր չկրճատեցին, քանի որ բողոքող ուսանողներից երկուսը միջազգային օլիմպիադաների հաղթող էին ու «անարդարացի կլիներ, եթե նրանք չսովորեին»:

Սիմոնյանն ասում է, որ «բանակն ինչ կլինի, իմ որոշելիքը չէ, կառավարությունը որոշել է, ինքը պարտավոր է կատարել»:

Խնդրի հետ կապված այսօր Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակ է ուղարկել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին, որտեղ մասնավորապես ասել է.

«Ժառանգությունը հետամուտ է լինելու ուսանողության իրավունքների պաշտպանությանը եւ ակնկալում է, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակավ պարզաբանումներ ներկայացնի խնդրո առնչությամբ, քանի որ փաստի մասին բարձրաձայնել են բազմաթիվ լրատվամիջոցներ»:

Ուսանողական բողոքի ակցիան ավարտվեց երթով՝ Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա-Ալավերդյան և Հանրապետության հրապարակ ուղղությամբ՝ կառավարության շենքի մոտ:

Քրիստինե Վարդանյան

 Հ.Գ.Հայկական պետական բուհերի ռեկտորների խորհուրդը առաջիկայում նախատեսում է ՀՀ նահագահի առջև բարձրացնել ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորելու տեղերի կրճատման հարցը և անցկացնել քննարկում։