ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անչափահաս վկան բերման է ենթարկվել ոստիկանություն

Այսօր առավոտյան անհայտ պատճառաբանությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել Հասմիկ Սինանյանը, ով այսօր որպես վկա պետք է հանդես գար Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում' Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի գործով դատական նիստին: Վերջինս մեղադրվում է դպրոցի սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ (Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մաս):
Հասմիկ Սինանյանը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի այն սաներից մեկն է, ում նկատմամբ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանը կասկածվում է բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Դատական նիստի ընթացքում Հասմիկի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ աղջիկը մինչ հիմա գտնվում է ոստիկնությունում, ու նրա երկրորդ պաշտպան Ավագ Լալայանին թույլ չեն տալիս տեսակցել հետը, որպեսզի մանրամասներ ճշտեն:
Հասմիկն այն միակ աշակերտն է, ով մինչև վերջ շարունակում էր հաստատել իր նկատմամաբ կատարվածը, իսկ մյուս աշակերտները փոխել էին իրենց ցուցմունքները։
Դատական նիստին Ավագյանը միջնորդություն ներկայացրեց' պատճառաբանելով, որ նիստից առաջ իր ու պաշտպանյալի' Վիկտորիա Կիրակոսյանի միջև անհարթություններ են եղել, ու ինքը հրաժարվում նրանից: Ավագյանը դատարանից խնդրեց մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի նոր փաստաբանը հասցնի ծանոթանալ գործին:
Տուժողի շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանն ասաց, որ պաշտպանյալից հրաժարվելը մեղադրյալի իրավունքն է ,և ոչ մի արտառոց բան չկա այն փաստի մեջ, որ Ավագյանը հրաժարվեց իր պաշտպանյալից նիստից առաջ:
Գործով վկա է ճանաչվել նաև Մարիամ Սուխուդյանը, ով ներկայացել էր դատարան և պատրաստակամ էր վկայություն տալու սույն քրեական գործով։ ՄԱԿ-ի կամավորականների ծրագրով դպրոցում աշխատած ու ուսուցչի անառակաբարո գործողությունների մասին բարձրաձայնած ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ սկզբում սուտ մատնության, ապա զրպարտության մեղադրանքով:
Սուխուդյանը պատմում է, որ հետո իրեն առաջարկում են ընդունել համաներում կիրառելու հանգամանքը, ինչից ինքը հրաժարվում է: Ապա լրագրող Կարինե Իոնեսյանի' տուժած երեխաների հետ արված նոր ձայնագրություններն ու ԱՄՆ դեսպանի կողմից շնորհված <Խիզախ կին> մրցանակի մասին փաստերը, ինչպես նաև գործով ստացված նյութի նոր տվյալերը նպաստում են, որ Սուխուդյանի վրայից հանվի մեղադրանքը ու վերջինը հանդես գա վկայի կարգավիճակում
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 4-ին, ժամը 12:00-ին:
Քրիստինե Վարդանյան
Հ.Գ. Աշխատանքային օրվա ավարտին, սակայն մեզ հաջողվեց կապվել գործով վկա անչափահաս Հասմիկ Սինանյանի պաշտպան Ավագ Լալայանի հետ, ում ի վերջո հաջողվել էր հայտնվել ոստիկանությունում գտնվող իր պաշտպանյալի կողքին։ Նրա խոսքով Հասմիկը ոստիկանություն է բերվել գողության մի դեպքի առթիվ ցուցմունքներ տալու։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործով վկա անցվնող Հասմիկ Սինանյանը ոստիկանությունում ցուցմունքներ տալուց հետո ազատ է արձակվել։ Մեզ հետ զրույցում Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Հասմիկին 5 ժամ պահել են ոստիկանությունում, ձեռքից վերցրել հեռախոսն ու թույլ չեն տվել զանգահարել փաստաբանին։ Վստահորդին թույլ են տվել հանդիպել փաստաբանի հետ միայն այն ժամանակ, երբ միջամտել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը։
«Ըստ էության առանց որևէ հիմքի մարդուն 5 ժամ ՝ 9-ից մինչև 2-ը, անազատության մեջ պահելը կարելի է համարել կալանք, ինչը թե սահմանադրության և թե եվրոպական կոնվենցիայի խախտում է»,- ասում է փաստաբանը։
Այս մասին Մարիամ Սուխուդյանը Facebook սոցիալական ցանցով նոր տեղեկություններ է տարածել վկային ոստիկանությունում պահելու փաստի կապակցությամբ.
«Այսօր նուբարաշեն դպրոցի նախկին սան, անչափահաս, տուժող Հ.Սինանյանը բերման է ենթարկվել չորս ոստիկանների կողմից նոր նորքի ոստիկանություն, ժամը իննից մինչև երկուսը պահվել է մի սենյակում, նրան թույլ չի տրվել հեռախոսազանգեր կատարել և ոչ էլ պատասխանել զանգերին, երբ նա ցանկացել է այդ մասին տեղեկացնել իր փաստաբանին, քննիչն ասել է «փաստաբան քեզ պետք չի, ինքը ինչ կարող ա անի...»։
Աղջիկը, որն ի դեպ առավել ակտիվ պայքարողներից էր, որն հենց սկզբից չի հրաժարվել ցուցմունք տալուց, միշտ պնդել է Լևոն Ավագյանի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին, տեղեկացրել է նաև նոր նորքի ոստիկանության քննիչին, որ որպես տուժող կանչված է դատական նիստի ժամը 13:00, որ բաց թողեն, սակայն քննիրը պատասխանել է «ոչինչ կհետաձգեն..»։
Մոտ երկու ժամ սպասելուց հետո փաստաբանը կապվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որ նրանք խառնվեն...Պետի հետ վերջապես խոսելուց հետո ազատ են արձակել աղջկան....
Հիմա ասեմ, թե ինչ գործով էր կանչվել, Հ.Սինանյանենց բակից երեկ առևանգվել է ավտոմեքենա, կասկածյալների շարքում եղել է Հասմիկի ամուսինը...
ու առանց ծանուցման այսօր առավոտը իր ամուսնու հետ միասին բերման են ենթարկել նաև Հասմիկին, ասելով' դու մեզ պետք ես, դու շատ բան գիտես....»
