«Խոշտանգում չի եղել», հայտարարում է ոստիկանապետը

ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանին խոշտանգել ու սպանել են:

«Ուղղակի հայտարարում եմ՝ նման խոշտանգում չի եղել», հայտարարել է ոստիկանապետը։

Ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանի մայրը՝ Անահիտ Խալաֆյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ որդու դեմքն ու ամբողջ մարմինը պատված են եղել բռնության ու խոշտանգումների հետքերով, և համոզմունք էր հայտնել, որ նրան ոստիկանությունում սպանել են։ /նայել այստեղ` http://www.hra.am/am/point-of-view/2010/04/19/police/

Սակայն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շարունակում է պնդել, որ տեղի ունեցածը սպանություն չէ։ 

«Ի՞նչ ծեծելու, ի՞նչ սպանելու մասին է խոսքը: Ինքնասպանությունն ու սպանությունը շատ պարզ մենք կարողանում ենք միմյանցից զատել, ու այստեղ սպանության մասին խոսելը համարում եմ ավելորդ»:

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործով առաջ քաշված վարկածների՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածի վերաբերյալ Ալիկ Սարգսյանն ասել է.

«Ուսումնասիրվում է [սպանության վարկածը]: Թող մասնագետները ուսումնասիրեն, իրենք էլ հրապարակեն իրողությունը»։

Ոստիկանապետը վստահեցրել է նաև, որ որևէ կերպ չի միջամտելու փորձաքննությանը։

«Եզրակացությունը կլինի ռեալ եւ օբյեկտիվ», - ասել է նա: - «Դիահերձման այդ ամբողջ գործընթացին ես ինքս չեմ մասնակցել, չեմ էլ ուզում, որ մերոնք մասնակցեն: Բացառապես որեւէ միջամտություն ուղղակի բացառում եմ... Եթե ոստիկանները մեղավորություն ունեն՝ բոլորը կպատժվեն»:

(Նշենք, որ դիահերձմանը ներկա են գտնվել Խալաֆյանի հարազատները)։

Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ ծառայողական քննություն է անցկացնում ոստիկանության աշխատակիցների շրջանում։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ, դեպքի հաջորդ օրը Չարենցավան էր մեկնել նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով հաստատել էր, որ ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդները խոշտանգումների են ենթարկվել։ Իրավապաշտպանը այցելել էր նրանց։

«Նորայրը տանն էր՝ անկողնում պառկած, հազիվ էր շարժվում ու խոսում, սթրեսային վիճակ էր, կարծես վերացած լիներ իրականությունից։ Դժվարությամբ ասաց, որ 7 անց կես տարան։ Ինքը նույնիսկ չէր էլ հիշում, թե երբ է տուն եկել։ Ծնողները նշեցին, որ գիշերը երկուս անց կես ոստիկանությունից զանգել են իրենց ու ասել՝ եկեք ձեր տղային տարեք»,- պատմել էր իրավապաշտանը՝  նշելով, որ երիտասարդը խոսելիս մեկ-մեկ դադար էր տալիս, հետո շարունակում, լռում էր, հետո հանկարծ իրեն-իրեն պատմում։

«Երիտասարդը հազիվ հասկացրեց, որ ինքն ուրիշ սենյակում է եղել, բայց կողքի սենյակներից մնացածների ծեծի ձայները լսել է»։,

Ժաննա Ալեքսանյան