Ձերբակալված լրագրողի հարազատները դիմում են ՀՀ նախագահին

Մերձդնեստրի իշխանությունները ապրիլի 7-ին  ձերբակալել են  հայազգի լարգրող Էռնեստ Վարդանյանին, ով մեղադրվում է  պետական դավաճանության և  լրտեսության մեջ։ Նրան ձերբակալել են իր տան մուտքի մոտ, երբ կնոջ ու երեխաների հետ վերադառնում էր զբոսանքից։

Մերձդնեստի չճանաչված հանրապետության պետանվտանգության նախարարության զինված աշխատակիցները Էռնեստ Վարդանյանին հայտնել են, որ նա կասկածվում է պետական դավաճանության մեջ, նստեցրել են մեքենան և տարել, տանը խուզարկություն են անցկացրել, առգրավել այն, ինչը առնչվում է լրագրողի մասնագիտական գործունեության հետ՝ համակարգիչը, նոթատետրերը, ձայնագրիչը։

Էռնեստ Վարդանյանը ծնվել է Հայաստանում, 1988թ-ի երկրաշարժից հետո  տեղափոխվել Մերձդնեստր։ Հայաստանում ճանաչում չունեցող 33-ամյա Վարդանյանը տարիներ շարունակ եղել է ռուսական «Նովի ռեգիոն» գործակալության թղթակիցը, իսկ նախորդ տարվանից սկսել է աշխատել մոլդովական «Պուլս» պարբերականի համար։

Ազատություն ռադիոկայանի մոլդովական ծառայության թղթակից Ռադո Բենեան, ով Մերձդնեստրում տիրող իավիճակի շուրջ տասնյակ հարցազրույցներ է վարել էռնեստ Վարդանյանի հետ, ասում է, որ նա մեկն էր Մերձդնեստրում ապրող այն փոքրաթիվ լրագրողներից, ով առանց վախի քննադատում էր տեղական իշխանություններին և  երբևիցե չէր խախտում լրագրողական էթիկայի կանոնները։

Լրագրողը ֆինանսական սուղ պայմանների պատճառով ամեն առավոտ ավտոբուսով Տիրասպոլից մեկնել է Քիշնև, երեկոյան վերադարձել տուն։

Լրագրողի  ճակատագրին նախօրեին անդրադարձել է նաև Մոլդովայի նախագահ Միխայիլ Գիմպուն։ Դատապարտելով միջադեպը' նախագահն  ընդգծել է, որ պաշտոնական Քիշնևը որևէ լծակ չունի Տիրասպոլի վրա ազդելու համար։

«Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը, խնդիրը, սակայն այն է, որ Տիրասպոլի իշխանությունները մի յուրօրինակ բուրգ են ստեղծել, որտեղ հաշվի չեն առնում ո'չ օրենք, ո'չ իրավունք։ Իրավիճակը կարող է փոխել միայն հասարակական կարծիքը, եվրոպական կառույցների արձագանքը, և մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում' նրանց աջակցությունը ստանալու համար»,- ասել է նա։

Պաշտոնական Քիշնևը  խոստացել է Վարդանյանին ազատ արձակելու հարցը բարձրացնել  Բրյուսելում, ապա Վաշինգտոնում' միջազգային կառույցների հետ նախատեսված քննարկումներում, որտեղ Մոլդովան ներկայացնելու է Վերամիավորման հարցերով փոխվարչապետ Վիտալի Օսիպովը։

Մոլդովական «Պուլս» պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Կավրուկը փաստում է, որ Վարդանյանը ամիսներ շարունակ Տիրասպոլի իշխանություններից սպառնալիքներ է ստացել:

«Դեռեւս անցած տարվա աշնանը նրան զանգահարել էին պետանվտանգության նախարարությունից և պահանջել դադարեցնել համագործակցությունը մոլդովական լրատվամիջոցների հետ», - Deutsche Welle-ին ասել է «Պուլս»-ի խմբագիրը։

Միջադեպը դատապարտել է նաև Մոլդովայում Ռուսաստանի դեսպանը: Հատուկ հայտարարությամբ են հանդես եկել  նաև մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կառույցներ, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Անկախ լրագրության կենտրոնը, Անկախ լրատվամիջոցների ընկերակցությունն ու մոլդովական լրատվական կազմակերպությունները՝ ընդգծելով, որ այս ձերբակալությունը կարող է «ճանապարհ հարթել Տիրասպոլի իշխանությունների համար՝ ընդդիմադիր ձայները լռեցնելու և բիրտ միջոցներով անհաճո տեղեկությունների տարածումը կանխելու համար»։

Իսկ Վարդանյանի հարազատները նամակ-խնդրանքվ դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝միջամտելու նրան ազատ արձակելու խնդրով։

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, խնդրում ենք Ձեզ՝ որպես աշխարհասփյուռ հայերի իրավունքների ու շահերի երաշխավորի, դիմել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ հայրենասեր, արժապատիվ հայորդի, միջազգային շրջանակներում հեղինակություն ունեցող, ընտանիքի երիտասարդ հայր Էռնեստ Վարդանյանին ազատ արձակելու խնդրով», - ասված է հայ լրագրողի հարազատների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։

Մինչ լրագրողներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, Մերձդնեստրի անջատված հանրապետության իշխանությունները Վարդանյանին ներկայացված մեղադրանքների և այն հիմնավորող փաստերի մասին որևէ մանրամասներ ու բացատրություն չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ եթե առաջադրված մեղադրանքը ապացուցվի, լրագրողը կարող է  դատապարտվել 12-20 տարվա ազատազրկման։