Գյումրեցի ընտանիքին սպասվում է ևս մեկ երկրաշարժ

Երբ առանց համապատասխան համազգեստի ԴԱՀԿ աշխատակիցները եկել են Գևորգ Հարությունյանի բնակարան՝ դատարանի վճիռը կատարելու, «երկաթյա ձողով կոտրել են դարպասը, եռակցման սարքը վախեցնելու նպատակով պահել տանտիրոջ երկու աղջիկների ոտքերի վրա, քաշքշել տանտիկնոջը՝ Սաթենիկին»(պատմում է Սաթենիկը)։ Վերջինս էլ այդ մասին հայտարարությամբ դիմել է ոստիկանություն, սակայն հայտարարությունը չեն ընդունել։

Գևորգ Հարությունյանի կինը՝ Սաթենիկն ասում է, որ ոստիկանությունից հայտարարություն չվերցնելու կապակցությամբ բացատրություն են խնդրել պետից․

«Ոստիկանության պետի տեղակալ Հակոբ Ղևոնդյանն ասաց՝ դուք որ ընտանիքում որոշում եք կայացնում, ամուսինդ ոնց ասում է, այնպես էլ անում եք չէ՞, դե էս դեպքում էլ ես պիտի ասեմ, նոր վերցնեն հայտարարությունը»։

Գյումրիի Ոստիկանության պետի տեղակալ Հակոբ Ղևոնդյանը մեր հարցին ի պատասխան ասաց,  որ չի ցանկանում հեռախոսով պատասխանել Հարությունյանի հայտարարության հետ կապված հարցերին՝ պատճառաբանելով, թե հնարավոր է՝ լրագրողի անվան քողի տակ իր հետ ուրիշ մարդ է խոսում ու ինքը իրավունք ունի չհավատալու մեզ։

Դեռևս մարտի 20-ին «Առավոտ» օրաթերթը Հարությունյանների ընտանիքի մասին գրելիս դիմել է ԴԱՀկ ծառայության Շիրակի մարզային բաժին, որտեղ պարզել են, որ «մայրաքաղաքային գործընկերները նրանց զրկել են ձայնի իրավունքից» և ոչ պաշտոնապես փոխանցել են, որ քննչականը կորոշի՝ ԴԱՀԿ  աշխատակիցները բռնություն կիրառել են, թե ոչ։

Հարությունյանների  ընտանիքը բնակվում է Գյումրիի Գարերգին Նժդեհ 7 հասցեում գտնվող թիվ 2 հանրակացարանում։ Դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները (ԴԱՀԿ) նրանց ստիպում են նոր մուտք բացել շենքի ընդհանուր մուտքից։

Հանրակացարանը 4-րդ կարգի վթարային շենք է, ու նոր մուտք բացելը նշանակում է՝ նվազագույնը շենքի փլուզում(անգամ աղբահանության մեքենա չեն կարողանում բերել, քանի որ միայն մեքենայի ձայնից կարող է շենքը փլվել)։

Նախկինում շենքում բնակվող 50-ից ավելի անօթևան ընտանիքներ լքել են տարածքը, իսկ Հարությունյանների  4 հոգանոց ընտանիքը գնալու տեղ չունի։ 13 տարի առաջ՝ 1997թ մայիսի 14-ին, ամուսինների բարեխիղճ աշխատանքը հաշվի առնելով՝ Տեքստիլի խորհուրդը որոշում է Հարությունյանների անօթևան ընտանիքին տրամադրել 2-րդ հանրակացարանում նախկին կինոդահլիճի հանգստի սենյակը։ Տարածքը հատկացնելու փաստաթղթում ժամկետ չկա նշված, ինչը նշանակում է, որ ընտանիքը պետք շարունակի բնակվել հենց այս տարածքում։

«Երկրաշարժից հետո՝ մինչև էստեղ տեղափոխվելը 8 տարի ապրում էինք դոմիկում, որի փայտերը փտել էին,- պատմում է ընտանիքի մայրը՝ Սաթենիկ Գևորգյանը,- Մենք  2 երկրաշարժ ենք տեսել՝ մեկ 1988թ․-ին, մեկ էլ մեր դոմիկը մեր գլխին փլվելուց, հիմա էլ ուզում են էստեղից հանեն, բնակարան տվեք, գնամ ապրեմ, էս տարածքն էլ թող ձեզ լինի»։

Գյումրիի Տեքստիլ ԲԲ ընկերության սնանկության գծով կառավարիչ Կամո Մկրտչյանը դատի է տվել Գևորգ Հարությունյանին՝ պահանջելով ազատել աստիճանավանդակին հարակից 113,19քմ տարածքն ու վերջինիս կողմից կառուցված 66,6քմ պահեստարանը։ Մկրտչյանը դատը շահել է և այժմ փորձում է աստիճանավանդակը քանդել։

«Առաջին ատյանի դատարանի վճռում նշվում է միայն տարածքի մասին, իսկ աստիճանավանդակի հետ կապված որևէ խոսք չկա, մինչդեռ ԴԱՀԿ-ն կպնում է աստիճանավանդակին,- ասում է Գևորգ Հարությունյանը։

Վերջինս նաև պարզաբանում է պահանջել ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկի մասով և պարզել է,, որ պետք է ազատի տարածքը.

«Տարածքի մեջ ինքնակամ կառույց էլ կա, բայց դատարանի վճռում  ինքնակամ կառույց ու աստիճանավանդակ չկա գրված, եթե դատավորին պետք լիներ աստիճանավանդակի մասով վճիռ կայացնել՝ կկայացներ»,- ասում է տանտերը։

Դատական ողջ գործընթացին դատավորը թույլ չի տվել, որ Հարությունյանի կինը՝ Սաթենիկը որպես կողմ հանդես գա։ Առաջին ատյանի դատարանում  Հարությունյանը հանդես է եկել փաստաբանի օգնությամբ, իսկ հետո «հասկացել է, որ փաստաբանը լավ չի աշխատում» ու սկսել է ինքնուրույն պաշտպանվել։

Վերաքննիչ վարչական դատարանը առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ։

Հարությունյանը պատմում է, որ անցած տարի նոյեմբերին նա փաստաթուղթ է գրել, որում նշել է, թե ազատել է իր գույքը հարակից տարածքից ու տարածքին այլևս չի տիրապետում, ԴԱՀԿ-ն էլ իր հետ համաձայնության է եկել աստիճանավանդակի հարցով, որ այն չի քանդվելու։

Ավելի ուշ Տեքստիլ ԲԲ ընկերության սնանկության գծով կառավարիչ Կամո Մրկրտչյանը  ընտանիքին պարզաբանել է, թե աստիճանավանդակին կից հողատարածքն արդեն սեփականատեր ունի, այն պատկանում է վարչական դատարանի աշխատակից Գարիկ Մկրտչյանին, բայց երբ ընտանիքը պահանջել է ցույց տալ սեփականության իրավունքի մասին փաստաթուղթը, Գարիկ Մկրտչյանը խուսափել է։

«Ես  ասացի, եթե առքուվաճառքի պայմանագիր կամ վկայագիր ներկայացնի, որ արդեն իրենն է, տարածքի բանալին պատրաստ եմ հանձնել, մարդը թող իր սեփական տարածքը մտնի, բայց Գարիկը հիմնավորող որևէ թուղթ ցույց չի տալիս: Եթե Գարիկը ինձ ոչ մի բան չունի տալու, ես էլ իրան բանալի չունիմ տալու, սա առիթ հանդիսացավ, որ ԴԱՀԿ-ն կողմնակալ վերաբերմունք ցույց տա ու վերսկսի վարույթը»,- ասում է Հարությունյանը։

ԴԱՀԿ-ն Հարությունյանին խորհուրդ է տվել հողատարածքի, աստիճանվանդակի մասին հարցում անել դատավորին, իսկ երբ վերջինս հարցում է արել, պատասխան է ստացել, որ դատավորին պաշտոնական հարցում պիտի անի ԴԱՀԿ-ն։ Վերջինը մինչ օրս հարցում չի արել։

«ԴԱՀԿ-ին ասում եմ,  ես պատրաստ եմ կատարել իմ դեմ կայացված վճիռը, դուք գնացեք  կնոջս նկատմամբ վճիռ բերեք, նույնիսկ դատախազությունում այս մասին բողոքելիս ինձ բացատրեցին, թե մի ընտանիք եք, ես էլ ասացի, մենք ընդհանուր սեփականություն չունենք, ասենք եթե քրեական հանցանք կատարեմ կնոջս հե՞տ պիտի բերդ տանեք, ասում են' չէ, դե որ չէ, գնա  վճիռ բեր, որ կինս էլ կատարի»,- պարզաբանում է Հարությունյանը։

Սաթենիկ Գևորգյանն ունի Տեքստիլին պատկանող տարածքի ուրվանկարը՝ քաղաքապետ Ղուկասյանի ստորագրությամբ,  որով սեփականությունը պատկանում է համայնքին, ոչ թե Տեքստիլին։ Նա պնդում է, որ տարածքի համայնքապատկան լինելու փաստը հաստատել է նաև քաղաքապետը՝ իր հետ հանդիպման ժամանակ։ Ընտանիքի կարծիքով՝ տարածքը քաղաքի կենտրոնում է, դրա համար էլ կռիվ են տալիս հողի համար։

«Հիմա թիզմ հողի համար իրար կուտեն: Իրենցը հզոր է՝ փող են տալիս, մենք էլ օրենքին ենք զոռ տալիս, որ օգուտ չունի,- ասում է նա,- Գործազուրկի կարգավիճակով մի կերպ յոլա կերթանք ու էն միջոցները չունինք, որ վարձով ապրինք, մինչև մեզ բնակարան տալու հարցը լուծվի»։

Քրիստինե Վարդանյան

Հ.Գ. Նյութի հրապարկումից առաջ տեղեկացնաք, որ Շիրակի մարզի դատախազությունը վերցրել է Սաթենիկ Գևորգյանի հայտարարությունը և ընթացք տվել դրան։ Կատարվում է նախաքննություն։