«Միլանոյի» գործը Վերաքննիչ դատարանում

«Օլիմպի» կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա ընտանիքի անդամների հետ վտարվում էր տարածքից և կորցնում սեփականության իրավունքը նույն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։

Վիճարկման հիմքում այն փաստն է, որ «իրավաբանական անձը»՝ այս դեպքում Հովհանես Ղուկասյանի «Օլիմպ» կոոպերատիվը, սեփականության իրավունքով որև է մեկին չի կարող պատկանել։ Ըստ Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի՝ դա նույն բանն է, ինչ «օրինակ ցանկացած ոք հայտարարի, թե Հայաստանի Հանրապետությունը պատկանում է իրեն»:

Չնայած պատշաճ ծանուցմանը՝ պատասխանող կողմ «Ավո» ՖՄԸ ՍՊԸ-ի նախագահ Ավետիս Կարագուլյայնի ներկայացուցիչն ու փաստաբանը դատավարությանը չէին մասնակցում։ Հայցվոր կողմի համաձայնությամբ, անյուամենայնիվ, դատարանը վճռեց շարունակել գործի քննությունը։

 

Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործը ժամանակավոր  կասեցնելու վերաբերյալ, քանի դեռ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վարույթում գտնվող Միլանոյի հետ կապված 2 գործերի մասով վճիռ չի կայացվել։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվում է Հովհաննես Ղուկասյանի 2 հայցադիմումը. առաջինը՝բանկի դեպոզիտային հաշվին փոխանցված գումարին է վերաբերում, որը մինչև հիմա չի փոխանցվել Հովհաննես Ղուկասյանին՝ որպես փոխհատուցում  և երկրորդը՝ «Միլանոյի» չգնահատված  տարածքի մի հատվածին (Ղուկասյանը պնդում է, որ գնահատումը սխալ է արվել, քանի որ ուսումնասիրվել է խանութի միայն մեկ հարկի 125 քմ տարածքը մոտ 207 միլիոն դրամ փոխհատուցումը առաջարկվել է միայն 125 քմ-ի համար, չի գնահատվել շենքի մի հատվածը, նկուղն ու ինքնաշեն 3-րդ հարկը)։

Փաստաբանի հիմնավորմամբ՝ այդ երկու գործերի մասով կայացված դատավճիռները հետագայում էական ազդեցություն կունենան  վերաքննիչի դատարանի վճիռը կայացնելիս։

Դատարանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվող գործի առկայությունը չի արգելում  վերաքնիչ քաղաքացիական դատարանում քննվող գործին։

Ընթերցելով պատասխանող կողմի դատարանին ուղարկած նամակը՝ դատարանը հարցեր ուղղեց փաստաբան Հայրապետյանին՝ նամակում շարադրված հանգամանքերը պարզաբանելու համար։ Փաստաբանը ժամանակ խնդրեց՝ դատարանին ներկայացնելու  Զվարթ և Լուսիկ Մրյաննների՝«Օլիմպ» կոոպերատիվի համասեփականատերեր լինելու հանգմանքն ապացուցող փաստաթղթերը։ Փաստաթղթերը ներկայացնելու համար էլ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։ Այն տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 11։50-ին։

 

Քրիստինե Վարդանյան