ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Ա1+»–ը ակնկալիք չունի հեռուստահաճախությունների մրցույթից

«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսորոպ Մովսիսյանը ակնկալիք չունի հուլիսի 20-ին հայտարարվելիք հեռուստահաճախությունների մրցույթից։
«ես կարծում եմ, որ սա Ամալյանի հերթական ավանտյուրան է , համոզված եմ դրանում», հայտարարել է նա «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում։
Հուլիսի 20-ինՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կհայտարարի, թե երբ և ինչ պայմաններով է անցկացվելու հեռուստահաճախությունների մրցույթը։
ՀՌԱՀ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը օրերս հայտարարեց, որ հաջորդ տարվա հունվարին ավարտվում է վերջին լիցենզիայի ժամկետը, ուստի հուլիսի 20-ից սկսած 6-ամսյա ժամկետում պետք է մրցույթներ անցկացվեն:
Հեռարձակման լիցենզավորման մրցույթները սառեցվել Էին երկու տարի առաջ' երկրում հեռուստատեսության թվայնացման գործընթաց սկսելու պատճառաբանությամբ: Սակայն լրագրողական շատ կազմակերպություններ կասկած են հայտնում, որ թվայնացման գործընթացը միայն պատրվակ էր «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադարձը կանխելու համար:
Հուլիսի 20-ին, երբ արդեն պետք է հայտնի դառնան մրցույթի պայմանները, շուրջ երեք ամիս է մնացել, սակայն մինչ այժմ թվայնացման մասին օրենք գոյություն չունի, եւ պարզ էլ չէ' այն ընդունված կլինի՞ մինչեւ հուլիսի 20-ը: Գրիգոր Ամալյանի հավաստմամբ' ընդունված լինի օրենքը թե ոչ, անկախ ամեն ինչից' մրցույթներն անցկացվելու են:
Մեսրոպ Մովսիսյանի պնդմամբ, սակայն, հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ արդեն թյուրիմացություն կա.
«Եթե լինի օրենքը թվայնացման' պետք է այդ օրենքով անցկացվի, եթե չլինի' ուրեմն հին օրենքով պետք է անցկացվի, հին կարգավիճակով: Եթե անցկացվում է ըստ թվայնացման օրենքի' այս դեպքում որտեղի՞ց հայտնվեցին այդ հաճախությունները, եթե կան գործող հեռուստաընկերություններ. [Ամալյանը] միշտ հայտարարել է, որ չկա, չէ՞, որեւէ ազատ հաճախություն»:
Բայց չկա՞ն արդյոք այնպիսի հեռուստաընկերություններ, որոնց լիցենզիայի ժամկետն ավարտվել է, հարցին «Ա1+»-ի ղեկավարը արձագանքեց.
«Համարյա բոլորինը արդեն ավարտվել է, եւ հերթականությամբ արդեն բոլորը պետք է 2008 թվականից արդեն սկսեին նոր մրցույթ հաճախության համար: Սակայն թվայնացման պատրվակով դա հետաձգել էր, հիմա թվայնացման օրենքը դեռ մոտիկ էլ չի ավարտին, սակայն արդեն մրցույթը հայտարարվում է, եւ հայտարարվում է այն բանով, որ եթե պատրաստ լինի օրենքը թվայնացման' այդ օրենքով կանցկացվի, եթե չէ' ուրեմն կմնա, ոնց որ կա»:
«Ա1+»-ը եթերազրկվել է 2002 թվականի ապրիլի 1-ից: Անցած տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման 10-ից ավելի մրցույթների եւ բոլոր դեպքերում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ լիցենզիա չի ստացել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատեց, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության' ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, եւ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին որպես վնասի եւ դատական ծախսերի հատուցում։
Եվրադատարանի որոշումից ամիսներ անց' 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, Հայաստանի Ազգային ժողովը լրացում կատարեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ երկու տարով դադարեցրեց հեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը' երկրում հեռուստատեսության թվայնացման գործընթաց սկսելու պատճառաբանությամբ։
Կարինե Քալանթարյան
«Ազատություն» ռադիոկայան
