Կապուղիների նոր մրցույթ բոլոր հեռուստաընկերությունների համար

Հեռուստաեթերի չափորոշիչների շուրջ նախորդ տարվա դեկտեմբերից սկսված բուռն քննարկումներում երկու տարբեր մոտեցումներ ուրվագծվեցին: Դրանցից մեկով ակնկալիքները խիստ մեծ էին ու լավատեսությունն էր շատ, կար սպասելիք, թե չափորոշիչների ներդրմամբ կլուծվեն հեռուստաեթերի բոլոր, այդ թվում բովանդակային խնդիրները:

Մյուս' ավելի հոռետես տեսանկյունից, չափորոշիչների կիրառմամբ ոչ միայն փոփոխությունների ակնկալիք չկար, այլեւ կար մտավախություն , թե հենց դրանց կիրարկումը կարող է չարաշահումների գործիք դառնալ: Ներդրված չափորոշինչները ոչ թերագնահատման ու ոչ էլ գերագնահատման կարիք ունեն, մոտավորապես այսպես դրանց գործարկման մեկամսյա ընթացքն ամփոփեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:

«Ի՞նչ ունենք այս մեկ ամսվա ընթացքում: Կարծես այն բոլոր դրսեւորումները, որ ունեինք հեռուստաեթերում եւ որոնց պատճառով էլ հենց սկսեցինք չափորոշիչներ մշակել, նվազել են: Ունենք, այսպես ասեմ, պակաս ռիսկային եւ անակնկալներից զերծ եթեր: Անձամբ ես փոփոխությունը երկու ամիս առջվա համեմատությամբ նկատում եմ»:

Գիրգոր Ամալյանը նկատեց, որ չափորոշիչները կոչված չեն լուծելու հեռուստաեթերի բովանդակային հարցերը։ Դրանց խնդիրը միայն հեռուստաեթերի զտումն էր անթույլատրելի դրսեւորումներից: Ինչ վերաբերում է բովանդակային լուծումներին, ապա հանձնաժողովի նախագահը չի կարծում, թե դրանք չափոփոշիչների հետ կապելը լավագույն լուծումն է:

«Ես ինքս շարունակում եմ մնալ այն տեսակետին, որ պետք չէ բովանդակային կարգավորում ներմուծել: Չարժե գնալ այն տարբերակով, որ օրենքը կամ կարգավորող մարմինը սկսեն բովանդակություն թելադրել լրատվամիջոցներին»:

Ընդհանրապես՝ հանձնաժողովի նախագահը կարծում է, թե հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ ՀՌԱՀ- ը պետք է վերահսկի եթերը բոլոր տեսանկյուններից: Նրա խոսքով' եթերին վերաբերող ոչ բոլոր պահանջներն են, որ ճիշտ է հասցեագրել հանձնաժողովին: Եթերային լեզվի հարցում, օրինակ, հիմնական անելիքը մասնագիտացած կառույցինն է' Լեզվի պետական տեսչությանը: Այս կառույցի լծակները, Ամալյանի կարծիքով , թուլացած են եւ պետք է ուժեղացվեն:

«Հակառակ պարագայում, եթե մենք ներխուժենք այս մասնագիտական ոլորտը, հավանաբար արդար տրտունջ կլինի. թե որքանով է ՀՌԱՀ- ը մասնագիտացած լեզվաբանական փորձագիտության իմաստով»:

Եվ վերջապես կապուղիների ու լիցենզիաների առաջիկա մրցույթի մասին խոսելով՝ ՀՌԱՀ նախագահը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե թվայնացմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները ավարտին կհասցվեն, թե՝ ոչ, հուլիսի 20- ին կապուղիների նոր մրցույթ կհայտարարվի: Մրցույթը կվերաբերի գրեթե բոլոր հեռուստաընկերություններին, բացառությամբ որոշ մարզայինների:

Ամալյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներից բոլորի մրցակցային հնարավորությունները հավասարեցված են:

«Մրցույթները մաքուր, դատարկ էջ են, որտեղից հեռուստագործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող բոլոր ընկերությունները սկսում են իրենց գործունեությունը: Նախկին գործունեությունն ընդամնեը կարող է առավելություն դիտվել հավասար պայմանների դեպքում: Մնացած բոլոր դեպքերում եւ գործող, եւ անհայտ ընկերությունների հնարավորությունները հավասարեցված են»:

Միակ խնդիրը, ըստ Ամալյանի, այն է, թե ինչ կարգով կանցկացվի առաջիկա մրցույթը: Նրա պարզաբանմամբ՝ եթե կառավարությունը հասցնի մինչ հուլիսի 20- ը ավարտին հասցնել թվայնացման հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները, ապա lլիցենզիաների տրամադրման առաջիկա մրցույթը նոր ընթացակարգով կանցկացվի:

Լուսինե Մանուկյան