Հայաստանյան ԶԼՄ–ների վիճակը առաջին եռամսյակում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն երեկ իր հերթական զեկույցն է հրապարակել լրագրողների իրավունքների խախտումների եւ, ընդհանրապես, Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ:

Կազմակերպությունը, ի դեպ, այսուհետ իր զեկույցները կհրապարակի ավելի հաճախ' ոչ թե տարեկան, այլ եռամսյակային պարբերականությամբ: Այս կերպ կոմիտեի ներկայացուցիչները հույս ունեն ավելի օպերատիվ դարձնել իրենց արձագանքը:

2010 թվականի առաջին եռամսյակը ներկայացնող զեկույցը տեղեկություններ է ներառում ոչ միայն խախտումների մասին, այլ նաեւ ոլորտի օրենսդրական փոփոխությունների, քաղաքական, տնտեսական գործոնների ազդեցության վերլուծություն է ներկայացնում: Զեկույցի հեղինակները թե դրական, թե բացասական փոփոխություններ են նկատել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյյանն իր խոսքը սկսեց ամենաթարմ օրինակով:

Ապրիլի 2-ին «Ազգ» օրաթերրթն էր տեղեկատվություն հրապարակել իր թղթակցի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնության վերաբերյալ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները փորձել են հետեւողականություն ցուցաբերել , պարզել միջադեպի մանրամասները, նաեւ իրավաբանական օգնություն են առաջարկել:

«Սկզբից համաձայնեց մեր գործընկերը, հետո սակայն հրաժարվեց: Նա համոզված է, որ իրավապահներին դիմելն անիմաստ է եւ ժամանակի, գումարի, նյարդերի իզուր վատնում է»:

Այս օրինակը, Աշոտ Մելիքյանի խոսքով, բնութագրում է իրավիճակն ու ցույց է տալիս իրավապահների գործողությունների նկատմամբ լրագրողների թերահավատությունը:

«Այն գործելակերպը, որ որդեգրել են իրավապահ մարմինները ինֆորմացիոն ոլորտի կոնֆլիկտների նկատմամբ, հավատ չի ներշնչում»:

Աշոտ Մելիքյանը որպես օրինակ մատնանշեց հունվարի 10- ին տասներորդ ընտրատարածքում կայացած ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործն ու դրա կարճումը: Կոմիտեի նախագահը քրեական այս գործի կարճումը տարօրինակ համարեց հատկապես այն առումով, որ առկա էին միջադեպերին վերաբերող տեսաերիզներ ու ձայնագրություններ:

Ընդհանրապես՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածը հարուստ է եղել տեղեկատվական ոլորտին առնչվող իրադարձություններով, եղել են եւ միջադեպեր, եւ դատական գործեր, նաեւ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների ակտիվություն է նկատվել:

Նախ' իրավունքների խախտումներ մասին:

«Լրագրողների նկատմամբ ֆիզիզկական բռնությունները 5- ն են այս տարի եղել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում' երեքը: Ավելացել են նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները: 2009- ին նույն ժամանակահատվածում երկու փաստ էր արձանագրված, 2010-ին' 6 փաստ»:

Օրենսդրական փոփոխություններից խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը խոսեց այս տարվա ընթացքում ոլորտին վերաբերող մի քանի նախաձեռնություններ են քննարկվել : Մեսրոպ Հարությունյանը դրանցից երկուսը դրական գնահատեց:

Առաջինը Ազգային Ժողովում ընդունված օրենքն է, որով վերացվում են Քրեական օրենսգրքի եւ լրատվամիջոցների մասին օրենքի միջեւ եղած հակասությունները, իսկ երկրորդը' Քրեական օրենսգրքի 164- րդ հոդվածում կատարված փոփոխությունն է, որով բարձրացվում են լրագրողների գործունեության խոչընդոտման պատժաչափերը:

Փոխարենը' փորձագետը բացասական է գնահատում այն փոփոխությունները, որոնցով ապաքրեականացվում են վիրավորանքն ու զրպարտությունը: Օրենսդարական փաթեթն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ձեւակերպումները Մեսրոպ Հարությունյանը վտանգավոր է գնահատում եւ համարում, որ դրանք լուրջ խոչընդոտ կարող են դառնալ լրատվամիջոցների գործունեության համար: Փորձագետն ընդգծում է, որ խոսքը ապաքրեականացմանը դեմ լինելու մասին չէ:

«Ապաքրեկանացման մասին մենք խոսում են վերջին տասը տարվա ընթացքում: Մեզ չի բավարարում այն ձեւը, որով դա իրականացվում է, որովհետեւ Քրեական օրենսգրքի ներկա ձեւակերպումներն ավելի քիչ են խոչընտում լրատվամիջոցներին, քան այն ձեւակերպումները, որոնք ներկայացված են»:

Լուսինե Մանուկյան