Լրագրողի տեղը բանտում չէ

«Արդարադատություն.Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք, «նոր մարտահրավերներ» թեմայով համաժողովի մասնակիցներից իրանցի իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին երեկ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Սասուն Միքայելյանին, Սարգիս Հացպանյանին ու Ժորա Սափեյանին։

 «Լրագրողի տեղը բանտում չէ», Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է իրանցի իրավապաշտպանը՝ նշելով, որ լրագրողին տեսակցել է ոչ թե բանտախցում, ինչպես ինքն էր ցանկանում, այլ՝ տեսակցության սենյակում։  

«Այն բոլոր քաղբանտարկյալները, ում ես այսօր այցելեցի, ասացին, որ իրենց նկատմամբ կայացվել է անարդար դատավճիռ։ Ինձ թույլ չտվեցին, որ նրանց հետ հանդիպեմ իրենց խցերում, բոլորի հետ հանդիպեցի տեսակցության սենյակում: Ես նրանց մի ճյուղ ծաղիկ էի նվեր տարել», լրագրողներին ասել է Շիրին Էբադին։

Իրավապաշտպանը նշել է, որ եթե  Հայաստանում քաղբանտարկյալների թիվը 14-ն է, ապա Իրանում նրանք 1000-ից ավելի են:

«Եվ եթե Հայաստանում ես հնարավորություն եմ ստացել այցելելու կալանավայրեր, ապա դա Իրանում գրեթե անհնար է», - ասել է Էբադին՝ ընդգծելով, թե կալանավայրեր ազատ ու անկաշկանդ այցելության հնարավորություն իրեն խոստացել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր հանդիպման ընթացքում նա ասաց' մեր կալանավայրերը բաց են և ցանկացած պահի կարող եք այցելել ում որ ցանկանաք», լրագրողներին պատմել է Էբասդին՝ նշելով, որ նախագահը զրույցի ընթացքում չի օգտագործել «քաղբանտարկյալ» տերմինը, ասելով, թե նրանք ովքեր բանտերում են, դատապարտված են ոչ թե քաղաքական գործունեության համար, այլ քանի որ կատարել են օրենքին հակառակ գործողություն»։

Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների հետ հանդիպելիս իրանցի իրավապաշտպանը մանրամասնորեն հետաքրքրվել է նրանց քրեական գործերով. 

«Ես ինքս եղել եմ քաղբանտարկյալ և առանձնակի հետաքրքրված եմ քաղբանտարկյալների ճակատագրով: Շուրջ 20 տարի անվճար պաշտպանում եմ քաղբանտարկյալների շահերը Իրանում: Ես որտեղ էլ լինեմ, որ երկրում էլ լինեմ, մեծ հետաքրքրությամբ եմ հետեւում քաղբանտարկյալների ճակատագրին»։

Հարցին, թե հնարավոր  համարում է, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համագումարից և կալանավայրեր իր կատարած այցերից հետո Հայաստանի իշխանությունները ազատ կարձակեն հետընտրական իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ գտնվողներին՝ Շիրին Էբադին դրական պատասխան է տվել։

«Այո, դա հնարավոր է, քանի որ երեկ համագումարի մի շարք մասնակիցներ միացան ցուցարարներին և պահանջեցին ազատ արձակել քաղբանտարկյալներին»:

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին հետխորհրդային երկրների շարքում «համեմատաբար բարվոք» է համարում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։

«Մենք եկել ենք, որպեսզի Հայաստանը իրական առաջընթաց արձանագրի արդարադատության ոլորտում», - հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը։

Նշենք նաև, որ հայաստանյան իրավապաշտպաններից շատերը բոյկոտել են համագումարը։

«Դա իրենց' մեր կոլեգաների դիրքորոշումն է, և մենք ողջունում ենք ցանկացած դիրքորոշում», - ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ՝ Սուեր Բելասենին  ընդունել էր  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին և հույս հայտնել, որ նրանք այս օրերին նաև հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի պատմությանն ու ավանդույթներին։