ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ունենք սպանության փաստ, բայց ոչ մեղավորներ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի վերջին նիստը տեղի է ունենում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում, որտեղ ՀԱԿ համակիրներն ու իրավապաշտպանները կազմակերպել են հերթական բողոքի ակցիան՝ հյուրերին եւս մեկ անգամ հիշեցնելու Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին:
Եռօրյա ակցիաների կազմակերպիչ' Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանն ասում է, որ իրենց նախաձեռնած ակցիաները արդյունք տվել են։.
«Համաժողովի մասնակիցները եկան, մասնակցեցին ընդդիմության հանրահավաքին: Իշխանության առաջ բարձրացրեցին քաղբանտարկյալների խնդիրը»:
Վարդան Հարությունյանը այն իրավապաշտպաններից մեկն է, որը հրաժարվել է մասնակցել համագումարին։.
«Եթե չլիներ այս ամբողջ աղմուկը, բոյկոտողների ճնշումները, չբոյկոտողների ակտիվությունը, չէր լինի այն, ինչ եղավ: Մենք հասանք մեր նպատակին: Այն աղմուկը, որ բարձրացվել էր, ճնշում էր եւ աշխատեց»:
Իսկ Կառավարության շենքի առաջ հերթական լուռ բողոքի ակցիան էին անում իրացման գոտու բնակիչներն ու խաղաղ պայմաններում զորամասերում սպանված զինվորների ծնողները: Նրանք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահին են ներկայացրել իրենց բողոքները:
«Սեփականության իրավունքի պաշտպանություն» ՀԿ նախագահ Վաչագան Հակոբյանն ասում է, որ իրենց խնդիրը ներկայացնող ֆիլմը տրամադրել են ՄԻՄՖ-ին:
«Օրինակ, երեկ մեր մյուս խմբին է ընդունել Երևանի քաղաքապետի տեղակալ Կարո Արեյանը և դժգոհել, թե ինչու են գնացել: Ասում է' իմացեք, ով գողացել է, նրանից վերցրեք: Ասում է' բյուջեում փող չունենք, այստեղ էլ չգաք: Բեգլարյանը մի տարի տարավ, բերեց , ասում է' ես իրավասու չեմ: Այս իշխանությունները մինչեւ չգնան, մենք ոչ մի բանի չենք հասնելու»,-ասում է Հակոբյանը։
Իսկ սպանված զինվորի մայր Գոհար Սարգսյանն էլ հավելեց, թե իրենք ՄԻՄՖ նախագահին ներկայացրել են իրենց որդիների սպանությունների պատմությունը։
«Այս պետությունն է խախտել մեր որդիների իրավունքները, որովհետև այսօր մենք ունենք միայն գերեզմանաքար, սպանության փաստ, բայց չունենք մեղավորներ: Ասաց, թե հետամուտ կլինի, որ պատժվեն իրական մեղավորները։
