Իշխանություններին ուղղված կոչով

«Արդարադտություն. նոր մարտահրավերներ» խորագիրը կրող երեւանյան համաժողովին մասնակցում են Մարդու իրավունքերի միջազգային ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների երեք հարյուրից ավելի պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից: Հրավիրվածների թվում իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակություն վայելող կառույցների ղեկավարներ են, իրավապաշտպաններ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: 

Համաժողովի բացման արարողությանը բոլոր մասնակիցները կարեւորել են ներկայացուցչական նման հավաքն ու հույս հայտնել, թե համաժողովի քննարկումները ներդրում կլինեն հայաստանյան խնդիրների լուծման համար: Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի առջեւ, որտեղ կայացել է համաժողովի բացման արարողությունը , նաեւ բողոքի ակցիա է կազմակերպվել:

Ընդդիմության ներկայացուցիչներն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ համաժողովի մասնակիցների ուշադրությունն են հրավիրել հայաստանյան խնդիրների վրա:

Բացման արարողությանը ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը հրապարակեց համաժողովի ' իշխանություններին ուղղված կոչը: Կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել մարտիմեկյան դատավարությունների արդյունքում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին, կոչ է անում մարտիմեկյան 10 զոհերի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ արդյունավետ քննություն իրականացնել: ֆեդերացիան նաեւ իր մտահոգությունն է արտահայտում ընտրական գործընթացի եւ ազատ մամուլի խոչընդոտների վերաբերյալ:

«Մենք արտահայտել ենք այս մտահոգությունները շարունակաբար, վերջին ամիսների ընթացքում եւ հուսով ենք դրանց վերաբերյալ կոնկրետ պատասխաններ ստանալ»,- ասաց Սուեր Բելասենը:

Իսկ ընդհանրապես, բացման բոլոր ելույթներում հույս հայտնվեց, թե համաժողովի քննարկումները կնպաստեն իրավունքների ոլորտում տեղական խնդիրների լուծմանը:

Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդարձակման հարցերով Եվրամիության հանձնակատար Շտֆան Ֆյուլեն ընդգծեց. իրավունքների հարգումն ու դրանց գերակայությունը միանշանակ պայման է մեր այն գործընկերների համար, որոնք ցանկանում են իրենց հարաբերությունները սերտացնել Եվրամիության հետ: Ապա նաեւ հավելեց' իրավունքների հարգումը երկրում պետք է թելադրվի ոչ թե միջազգային կառույցների կողմից, այլ պայմանվորված ու դրդված լինի ներքին շահերով:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Յանեշ Լենարչիչն էլ իր խոսքում ասաց, որ թեեւ անկախ դատական համակարգը իրավունքների պաշտպանության անկյունաքարն է, բայց շատ հաճախ այս կապակցությունը իմիտացոն, քան իրական բովանդակություն է կրում:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդգծեց միտումը, ըստ որի, բազմաթիվ իրավական ակտեր ՍԴ- ի քննությանն արժանանալով հակասահմանադրական են հռչակվում:

«ՍԴ որոշումները իրավունքի կարեւոր աղբյյուր են»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ խոսեց դատաիրավական բարեփոխումների ու դրանց տարամաբանության մասին:

Հարցին, թե համաժովը կարո՞ղ է արդյոք ներդրում լինել իրավունքների պաշտպանության հայաստանյան իրավիճակին, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դրական պատասխան տվեց:

«Ես կարծում եմ, որ նման հեղինակավոր կազմակերպության համաժողովը Երեւանում անցկացնելը շատ կարեւոր է' ի տարբերություն շատերի, ովքեր կարծում են, թե նման հավաքները անիմաստ են, քանի որ Հայաստանում իրավունքները խախտվում են, ինչին ես նույնպես համաձայն եմ»:

Բողոքի ակցիայի մասին խոսելով էլ' իրավապաշտպանը կարծիք հայտնեց, թե դրանում նաեւ քաղաքական շահարկումներ է տեսնում:

«Դա արդեն իրենց իրավունքն է, ես չեմ ուզում գնահատականներ տալ, բայց կարծում եմ, որ դա ավելի շատ քաղաքական պայքարի ոլորտից է»:

Ֆեդերացիայի անդամ եւ համաժողովի համակազմակերպիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը նույնպես մեզ հետ զրույցում համաժողովն ուղեկցող բողոքի ակցիան նորմալ գնահատեց:

«Դա նշանակում է, որ իսկապես մարդու իրավուքների համաժողովի մասին է խոսքը: Տարօրինակ կլիներ, որ միայն ակադեմիական հանդիպում լիներ: Նորմալ եմ գնահատում եւ կարծում եմ, որ խնդիրները պետք է բարձրացվեն թե ներսում, թե դրսում»:

Համաժողովը կշարունակի իր աշխատանքը եւս երկու օր: Արդարադատությանն ոլորտին ու մարտահրավերներին վերաբերող տարբեր թեմաներ կդառնան պլենար նիստերի քննարկման առարկա:

Լուսինե Մանուկյան