ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1+Գայանե

Շարժումը մեկ մարդով պակասեց, սակայն այդ մի մարդը շատ ավելին էր, քան մեկը: Երբ Նիկոլը հայտարարում էր 1+1+1... Գայանեն այն մարդկանցից էր, ով ոչ միայն 1-ն էր, այլ նաև +, այն + -ը, ով կապում էր բազմաթիվ մեկեր իրար հետ ու ստանում մի ամբողջ: Այդ + ն էր, որով բազմաթիվ 1-եր իրար կապվում էին ու դառնում մի հզոր ուժ, որի դեմ բռնապետությունն անզոր էր:
Նա իր հոդվածներով ու հարցազրույցներով, բանաստեղծություններով ու պատմվածքներով գումարում էր մարդկանց ու իրար կապում, միաժամանակ իր սեփական մեկը դարձնելով յուրաքանչյուրինս: Հիանալի է, երբ կան տաղանդավոր լրագրողներ, սակայն, երբ լրագրողը նաև գրող է, նա կարողանում է իր հոդվածներում առավելագույնս ներկայացնել մարդու ոգին, իսկ գրականության մեջ է'լ առավելագույնս ներկայացնել այն իրականությունը, որտեղ այդ հոգին դրսևորվում է:
Գայանեն այն գումարումն էր, որով գումարվում էր լրագրությունը գրականության հետ, ազնվությունը' անձնազոհության, պայքարը' անմնացորդ նվիրումի, լինի դա գրված հոդվածներում, Հյուսիսային պողոտայում, դատարանների դիմաց կանգնած, թե Սարյանի արձանի շուրջ, որտեղ ամեն երեկո շարժման ակտիվիստները անհամբերությամբ սպասում էին հենց Գայանեին, ով այն քչերից էր, ով լսում էր այդ մարդկանց ու նրանց միտքն ու հոգին տեղափոխում "Հրապարակ", իսկ հաջորդ օրն էլ "Հրապարակից" բերում Սարյանի արձան:
Նա գնաց, այն միակը, ով ստանալով Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակ, հեռացավ նույն մահով, ինչով հեռացել էր հենց ինքը' Տիգրան Հայարապետյանը, ով գումարեց մարդուն ու "Հրապարակին", ու ստացավ Հայաստանում ապրող մարդու ճշգրիտ պատկերը:
Երբ մարդիկ խոսում էին, թե "Հրապարակում" մի հատ մեր մասին հրաշալի հոդված ա տպվել, միանգամից իրար հարցնում էինք' որ Գայանեն ա գրել' Բաբայան, թե Առուստամյան, ու առանց կարդալու էլ համոզված էինք, որ այդ հոդվածը հենց այն էր, ինչը նրանց կսփոփեր: Ու պատահական չէ, որ այսօր այս հոդվածս ուղարկում եմ Գայանեին Առուստամյան, որովհետև նա այսօր մնաց մենակ, ամենամենակը խմբագրությունում, ում շատ ժամանակ մարդիկ խառնում էին Գայանե Բաբայանի հետ ու էլի ստանում իրենց ուզածը: Ես ցավակցում եմ Գայանեի ընտանիքին, ընկերներին, խմբագրությանը, Գայանե Առուստամյանին ու այն բոլոր շարժման մասնակիցներին, ովքեր նրան անհամբեր սպասում էին Պայքարի կիզակետում:
Այսօր հանրահավաք է, բայց չգիտես ինչու, բազմահազար մասնակիցների մեջ պակասում է մեկը, հենց այն մեկը, ում անունն է Գայանե Բաբայան, և ում սպասում էինք մենք բոլորս, երկու Հրապարակում։
Առաքել Սեմիրջյան
