ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բռնությունների վերաբերյալ փաստերը Ոստիկանությունը մշտապես համարում է անհիմն

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հրապարակած 2009թ տարեկան զեկույցն արձանագրում է «որ ավելացել են ոստիկանության կողմից խոշտանգումների վերաբերյալ դիմում բողոքները:
«Նախորդ տարվա համեմատ ՀՀ ոստիկանության համակարգի դեմ ուղղված դիմում-բողոքների թվի զգալի աճ է նկատվել, սակայն դրանց բովանդակությունը չի փոխվել: ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների (անգործության) ու որոշումների դեմ ուղղված դիմում-բողոքները վերաբերել են քաղաքացիներին ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն և անազատության մեջ պահելուն, այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորված անմարդկային վերաբերմունքին և խոշտանգումներին, հանցագործությունների մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չտալուն, որպես մեղադրյալ ներգրավված անձանցից բռնությամբ և սպառնալիքի ազդեցությամբ ցուցմունքներ կորզելուն, քաղաքացու օրինական պահանջով անձնագիր չտրամադրելուն:
Մտահոգիչ է, որ հաշվետու տարում ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքների թիվն ավելացել է, իսկ քաղաքացիների դժգոհություններն էլ ավելի են խորացել, քանի որ նշված մարմինների գործունեության նկատմամբ հսկողությունը ոչ պատշաճ է իրականացվում:
Պրակտիկան ցույց է տալիս, որ անձանց ծեծի ենթարկելը, բռնությունն ու խոշտան-գումները կիրառվում են հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Եղել են նաև դեպքեր, երբ Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ոստիկանության բաժին, որտեղ հայտնաբերել են կապտուկներով և մարմնի վրա խոշտանգ-ման հետքերով քաղաքացիներ:
Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ հասցեագրած բողոքի հետքերով ՀՀ ոստիկանության բաժին կատարած այցելության ժամանակ Պաշտպանի ներ-կայացուցիչների հետ հանդիպման պահին քաղաքացու քթից արյուն է հոսել:
Նմանատիպ դեպքերով բերման ենթարկված բոլոր քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով:
Եղել են նաև դեպքեր, երբ ծեծի ենթարկելու, բռնության և խոշտանգման դեպքերը շա-րունակվել են նաև հենց Ոստիկանության բաժնում:
Ընդունենք, որ խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքներով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանը հասնելը մեր իրականության մեջ գրեթե անհնար է: Քաղաքացիների ներկայացրած փաստերը' ՀՀ ոստիկանության աշխատակիցնե
րի կողմից իրենց նկատմամբ բռնությունների և խոշտանգումների դրսևորման վերաբերյալ, ՀՀ ոստիկանությունը մշտապես համարում է իրականությանը չհամապատասխանող և անհիմն, իսկ այդ կապակցությամբ Պաշտպանի կատարած հարցումներին ներկայացնում է հետևյալ բովանդակությամբ պատասխաններ. ՙՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ գրությունում նշված հանգամանքները իրականությանը չեն համա-պատասխանում՚ կամ ՙՀՀ ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ բռնության գործադրելու հանգամանքներ չեն հաստատվել՚:
Ցավով պետք է արձանագրել, որ նման երևույթներն արդեն արատավոր պրակտիկա են դարձել մեր իրավապահ համակարգում, իսկ տիրող անպատժելիության մթնոլորտը հանգեցնում է նմանատիպ դեպքերի աճին:
ՀՀ ոստիկանության դեմ բողոքները վերաբերել են նաև այն հանգամանքին, որ ոստիկանության բաժինները հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ստանալու դեպքում ՀՀ քր. դատ օր-ի 181-րդ հոդվածով նախատեսված պահանջներով չեն ղեկավարվել: Նման դեպքերում որոշում կայացնելու փոխարեն նրանք բավարարվել են միայն նշված հաղորդումները իրենց կողմից, այսպես կոչված, երկրորդ մատյանում հաշվառելով:
Ոստիկանության բաժինների ղեկավարների կողմից հղում է կատարվում ՀՀ գլխավոր դատախազի և Ներքին գործերի նախարարի 1999թ. թիվ 12/354 հրամանին, ըստ որիª հաղոր-դումները, պատահարները ..... հաշվառվում են ոստիկանության գրասենյակում մուտքի գրանցման մատյանում, զեկուցվում է բաժանմունքի պետին, այնուհետև գրանցվում հերթապահ մասի թիվ 2-րդ ստուգված տեղեկությունների հաշվառման մատյանում:
Պետք է նշել, որ ՀՀ գլխավոր դատախազի և Ներքին գործերի նախարարի 1999թ. թիվ 12/354 հրամանը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից:
Վերոգրյալի կապակցությամբ առաջարկ է արվել ՀՀ ոստիկանապետին քննարկել ՀՀ գլխավոր դատախազի և Ներքին գործերի նախարարի 1999թ. թիվ 12/354 հրամանի գործողու-թյունը դադարեցնելու նպատակահարմարության հարցը, և ստացվել է հետևյալ պատասխանը. ՙԵրևան քաղաքի վարչությանը, մարզային վարչություններին և նրանց ենթակա բաժիններին ցուցում է տրվել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման ընթացքում ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջներով: 1999թ. թիվ 12/354 համատեղ հրամանը ենթակա ստորաբաժանումների կողմից կիրառվելու է այնքանով, որքանով այն չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին՚: Չնայած ոստիկանության պետի վերը նշված ցուցումի, որոշ դեպքերում ոս-տիկանության աշխատակիցների կողմից, այնուամենայնիվ, խախտվել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջը և միայն Պաշտպանի միջամտության արդյունքում նրանց նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ: Այս փաստը կարելի է դիտարկել որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ ոստիկանության փոխհարաբե-րությունների դրական տեղաշարժ' հաշվի առնելով նաև, որ նշանակված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության տարբեր բաժինների մի քանի աշխատա-կիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ինչը չի փաստվել նախորդ տարիներին:
Մի շարք բողոքներ էլ ուղղված են եղել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև անձնագրային բաժինների ու դրանց աշխատակիցների գործողությունների (անգործության) դեմ: Բողոքները հիմնականում վերաբերել են քաղաքացու օրինական պահանջով անձնագիր չտրամադրելուն' պատճառաբանելով մշտական բնակության վայր չունենալու կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսանալու հանգամանքները:
Որոշ դիմումներով էլ քաղաքացիները խնդրել են Պաշտպանի միջամտությունը իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռները վերանայելու համար: Նման դեպքերում Պաշտպանի որոշմամբ դիմողին պարզաբանվել է իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները:
Հատկանշական է, որ վերջին ժամանակները Պաշտպանին հասցեագրվում են նաև դիմում-բողոքներ' ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվող ոչ իրավաչափ գորոծողությունների /անգործության/ վերաբերյալ: Սակայն, խախտման փաստերը չեն հիմնավորվում:
Հանցագործության մասին հաղորդումների, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ Պաշտպանին հասցեագրած մի շարք բողոքներ էլ փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազու-թյան, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկա-նության քննարկմանը:
Պետք է նշել, որ փոխանցված գործերով դատախազությունից, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից պատասխանները, որպես կանոն, ստացվել են ողջամիտ ժամկետում և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի քննարկման արդյունք են հանդիսացել»:
