Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում

Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից անցկացված «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում» հետազոտության արդյունքներով պարզվել է, որ թրաֆիքինգի մասին իրազեկվածության մակարդակը մեծերի շրջանում ավելի մեծ է, քան երեխաների։ Հարցվողների անտեղյակության աստիճանն, ըստ մարզերի՝ Սյունիքում, Լոռիում, Արարատում ավելի մեծ է, քան Երևանում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն ասում է, որ նման հետազոտությունը հնարավորություն է Հայաստանի իշխանություններին' ձևավորելու օրենսդրություն կամ արդեն գոյություն ունեցող օրենսդրությունը բարելավելու'ի պաշտպանություն երեխաների իրավունքների:

Հետազոտությունն  իրականացվել է  2009 հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: 2 ամսվա ընթացքում կազմակերպվել է ուսումնասիրություն, որում ընդգրկվել են 1200 տնային տնտեսություն' ներառյալ ՀՀ բոլոր մարզերը: Հարցազրույց է անցկացվել 5-18 տարեկան 800 երեխաների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի 5 մարզերը:

Թիրախ խմբեր ընտրվել են ինչպես հանրակրթական դպրոցի, այնպես էլ ՀՀ տարբեր հատուկ նշանակության հաստատություններում գտվող երեխաներ: Փորձել են առաջին հերթին պարզել' որքանո՞վ է ՀՀ բնակչությունը տեղեկացված «թրաֆիքինգ» երևույթի մասին, որքանով են նույն խմբերը իրազեկ թրաֆիքինգի երևույթը նկարագրող իրավիճակների մասին:

Հետազոտության հեղինակ Միրա Անտոնյանն ասում է, որ ավելի տեղեկացված են աղջիկները, քան տղաները․

«Մասնավորապես բարեկեցիկ ընտանիքներն ավելի իրազեկված են, քան անապահովները, որքան աղքատ, այնքան երևույթի մասին իրազեկվածությունը քիչ, և որքան կրթական մակարդակը բարձր, այնքան իրազեկվածության մակարդակը բարձր, սա թե մեծերի, թե փոքրերի համար: Ինչպես նաև 9-11 դասարանցիների 64,2 %-ը տեղեկացված է թրաֆիքինգ երևույթի մասին»։

Միրա Անտոնյանը արձանագրեց նաև, որ բնակչության մեծ մասը' 56,9 %-ը նշել է, որ բոլորովին չի վախենում նմանատիպ իրավիճակներից, ինչը խոսում է մեր խոցելիության մասին:

«Անգամ եթե լսել են թրաֆիքինգի մասին, անհագստացած չեն: Ավելին, նրանք պատրաստ են իրենց երեխաներին երկրից դուրս, բնակավայրից դուրս աշխատելու ուղարկել, միայն թե բարձր աշխատավարձ լինի: Պարզապես նշում են' եթե պայմաններն ապահով լինեին, իհարկե չբացատրելով' ինչ են հասկանում ապահով ասելով»,- նշում Միրա Անտոնյանը' ավելացնելով, որ հետազոտության իրականացման ընթացքում կոնկրետ թրաֆիքինգի դեպքեր  չեն եղել, այլ դրանք առանձին բռնության դեպքեր են եղել:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և Չեխիայի կառավարության կողմից, ընդհանուր առմամբ 448 հազ. 454 եվրո գումարի չափով, որից 90 տոկոսը տրամադրվել է Եվրամիության կողմից:

Ավելի վաղ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն ասել էր, որ կենտրոնի տվյալներով, անչփահասների հանդեպ բռնությունների դեպքերն աճել են՝ նախորդ տարիների համեմատ։ Եթե 2007-ին եղել է 31 դեպք, իսկ 2008-ին՝ 39, ապա անցյալ տարի գրանցվել է 44 դեպք։ Միրա Անտոնյանը նշել է, որ ամեն տարի հայտնաբերում են բռնության ենթարկված, ապա մարմնավաճառության ուղին բռնած անչափահասների։