ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խլողն է իր կամքը թելադրում դատարանին

Երևանի կենտրոնում, Աբովյան թիվ 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի սեփականատիրոջը՝ Հովհաննես Ղուկասյանին սեփական տարածքից վտարեցին բարբարոսաբար, առանց դատարանի օրինական որոշման և առանց վնասի փոխհատուցման։ Հարկադիր կատարողները ոստիկանների ուղեկցությամբ ներխուժեցին խանութ, թանկարժեք եվրոպական հագուստը լցրեցին ալյուրի ու շաքարավազի պարկերը և տարան անհայտ ուղղությամբ։
Հովհաննես Ղուկասյանը իր ընտանիքի անդամների հետ վտարվում է տարածքից և կորցնում սեփականության իրավունքը այդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։
Դատարանի վճռով Ղուկասյանը պարտավորվում էր «Անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին» պայմանագիր կնքել։
«Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռն անօրինական է առաջին հերթին իրավական տեսանկյունից, դրա համար էլ ոչ մի կերպ գնորդի հետ պայմանագիր կնքել չի ստացվում»,-պարզաբանում է «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նրա խոսքով «իրավաբանական անձը», այս դեպքում Հովհհանես Ղուկասյանի «Օլիմպ» կոոպերատիվը, սեփականության իրավունքով որև է մեկին չի կարող պատկանել, դա նույն բանն է, ինչ «օրինակ ցանկացած ոք հայտարարի, թե Հայաստանի Հանրապետությունը պատկանում է իրեն»:
Երկու տարի առաջ, 2008-ի հոկտեմբերի 24-ին, «Ավո ՖՄԸ» ՍՊԸ սեփականատեր Ավետիս Կարագուլյանը դատի էր տվել «Միլանոյի» սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին, որպեսզի վերջինս ազատի հանրային գերակա շահ ճանաչված տարածքը։ Դատարանը, սակայն առանց պատշաճ ծանուցելու Ղուկասյանին ու նրա փաստաբանին, նրանց բացակայություն պայմաններում վճիռը կայացրել էր հօգուտ Կարագուլյանի:
Վերաքննիչ դատարանը 1-ին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ:
«Մի քանի անգամ դիմել ենք դատարան՝ բողոքելով առանց մեր ներկայության կայացրած անօրիանական վճռի դեմ ու՝պահանջել դատական նիստի ձայանագրությունը,- պատմում է Հովհաննես Ղուկասյանը,- Սակայն մերժել են՝ ասելով, թե ձայնագրությունը փշացած է, չի եղել և այլն»։
Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում Կարագուլյանի առաջարկով կատարվել է «Միլանոյի» տարածքի գնահատում, ապա վերագնահատում: Ղուկասյանը պնդում է, որ գնահատումը սխալ է արվել, քանի որ ուսումնասիրվել է խանութի միայն մեկ հարկի 125 քմ տարածքը մոտ 207 միլիոն դրամ փոխհատուցումը առաջարկվել է միայն 125 քմ-ի համար: Նրա խոսքով՝ հնարավոր չէ այդքան գումարով նույնիսկ փոքրիկ խանութ գնել քաղաքի կենտրոնում։
Պետությունը 1998թ. Դեկտեմբերի 28-ին Ղուկասյնաին է վաճառել 6 մետր բարձրությամբ երկհարկանի կառույցը՝ ներկայիս «Միլանոն», որի յուրաքանչյուր հարկը 125 քմ է: Առաջին ատյանի, ապա վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանները մերժել են պաշտպանական կողմի միջնորդությունները՝դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու ու գնահատելու նաև նկուղը և ինքնաշեն 3-րդ հարկը։
Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ եթե նույնիսկ դատավորը հաշվի չի առել կադաստրի տված վկայականը, ապա կարող էր գալ ու սեփական աչքով տեսնել.
«Անգամ կույրը շոշափելով կհամոզվի, որ 2 հարկ է, եթե ալարում էր, կարող էր մարդ ուղարկել՝ ստուգելու, իսկ եթե Ղուկասյանն ինքնաշեն կառույցի նկատմամբ իրավունք չունի, ապա տարածքը ձեռք բերողն ընդհանրապես նման իրավունք չունի»:
Ըստ Ալումյանի «երբ տարածքը պետության կարիքների համար օտարելու մասին որոշումն արդեն կար, Կարագուլյանի և քաղաքապետարանի ներկայացուցիչը եկել ու անշարժ գույքի մասին արձանագրություն են կազմել, որում գույքը նկարագրվում է» որպես 2 հարկ ունեցող օրինական կառույց՝ յուրաքանչյուրի մակերեսը՝125 քմ:
«Իսկ երբ Կարագուլյանը դիմում է դատարան՝ հայցադիմումի մեջ նշում է, որ գույքը բաղկացած է 6 մետր բարձրությամբ 1 հարկից,- ասում է փաստաբանը, - Այդ դեպքում բա ի՞նչ եղավ իրենց ստորագրությամբ այդ թուղթը։ Դատարանը հնարամիտ քայլ կատարելով՝ կադաստրից Կարագուլյանի միջնորդությամբ նամակ է ստանում՝ իբրև թե գույքը 125 քմ է: Փաստն այն է, որ. գործածեցին պետության բոլոր լծակները՝մարդու ձեռքից տարածքը խլելու համար»։
«Ինքն է չէ՞ սարքել, ձեր աչքի առաջ այդ 3-րդ հարկը, խանգարեիք, եթե չէիք ուզում, բա ձեռք բերողի՞ն ինքնակամ ինչու եք տալիս: Եթե այդքան օրենքի ջատագով էիք, գոնե հավասարաչափ օրենքը կիրառեիք,- ասում է Ալումյանը,- Ես չեմ ուզում առանց դատավճռի որևէ մեկին մեղավոր ճանաչեն, բայց հակված եմ մտածելու, որ երևույթը կոռուպցիոն է. տարածք խլողներն այստեղ անձնական շահ ունեն, որովհետև դատարանն հասարակ կամակատար է, իսկ խլողն իր կամքն է թելադրում դատարանին»։
Հովհաննես Ղուկասյանն ասում է, որ շենքի դիմաց դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցված 137 միլոն դրամն փոխհատուցումն է բազմիցս փորձել ստանալ, սակայն, այդպես էլ չի ստացել։ Դատարանը պատճառաբանում է թե պետք է տարածքը լքի նոր, սակայն, ըստ փաստաբանի, օրենքն այլ բան է ասում՝գումարը ստանալուց հետո նա կարող է լքել տարածքը։
Սա միակ դեպքը չէ, որ Կարագուլյանը կադաստրի պետական կոմիտեից իր ուզած փաստաթուղթը վերցնելով՝ կարողանում է հանրային գերակա շահ ճանաչված տարածքն առանց փոխհատուցման իրենով անել։
Կեղծվել է Նալբանդյան 5 հասցեում բնակվող Կարինե Մարգարյանի անունով գրանցված բնակարանի սեփականության վկայականը: Կարինեի ամուսին Ալբերտ Մանիջոյանը պատմում է, որ իրենց էլ են օտարել 50 տարի շարունակ իրենց սեփականությունը համարվող բնակարանից, երբ այն համարվել է պետության գերակա շահ ճանաչված տարածք:
Կարագուլյանը Մանիջոյանների 9 հոգանոց բազմանդամ ընտանիքին առաջարկել է սեփականության դիմաց 23 հազար դոլար փոխհատուցում: Եվ քանի որ տունը գրանցված էր միայն կնոջ անունով, ընտանիքի մյուս անդամներին Կարագուլյանը նախնական պայմանավորվածության համաձայն խոստացել է խրախուսական գումար տալ:
«Նախքան Կարագուլյանը մեզ գումարը կառաջարկեր, փոխհատուցման պահանջով դիմել էինք դատարան ու երկու ատյաններում՝ առաջին և վերաքննիչ, վճիռ էր կայացվել մեր օգտին։ Իսկ վճռաբեկ դատարանում նրանց դիմում-բողոքը բեկանվեց մեզ առաջարկեցին պայմանագիր ստորագրել ու գումարը ստանալ, մենք էլ համաձայնեցինք»,- պատմում է Ալբերտը:
Նրա խոսքով՝ պայմանգիրը ստորագրելուց հետո Կարագուլյանը ոչ միայն չի տվել խոստացած գումարը, այլև ցույց է տվել կադաստրից վերցրած իրենց բնակարանի մասին մեկ այլ սեփականության վկայական, որի մեջ իր ու երեխաների անունները գրված են՝ որպես սեփականատերեր:
«Նա սարքել էր այդ վկայականը, որ տանը բնակվող յուրաքանչյուր անձի համար նախատեսված խրախուսումը չտար,- պարզաբանեց Ալբերտը,- հետո ես հասկացա, որ նա մեզ խնդրում էր պայմանագիր ստորագել միայն մեկ պատճառով․պետք է պետությունից երկու միլիոն վարկ ստանար, իսկ եթե իր վրա դատական գործ լիներ հարուցված,չէին տա»:
Նա դատի է տվել Կարագուլյանին, իսկ հիմա ընտանիքի հետ ապրում է ընկերոջ տանը։
2009թ․ սեպտեմբերին կառավարությունը 2 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել սիրիահայ բարերար Ավետիս Կարագուլյանին' Կենտրոն համայնքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Կարագուլյանն աշխատում է ՀՀ նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի «տանիքի» տակ։ Այս մասին լուրերը հաստատել է հենց ինքը՝ Լևոն Սարգսյանը՝մամուլին տված հարցազրույցներից մեկում․
«Միայն Ավետիս Կարագուլյանը չէ, մի քանի հալեպցիներ կան, որ ես եմ բերել, ու ես դա հպարտությամբ եմ ասում, դա նաև իմ ծառայողական պարտականությունների մեջ էր, երբ ես Սիրիայում Հայաստանի դեսպանն էի: Առաջին երկու նախագահների ժամանակ հստակ առաջադրանք էր դրված, ես նույնիսկ կարող եմ մեջբերել նախագահ Քոչարյանի հրահանգները, որ դեսպանների աշխատանքը գնահատվելու է ներդրումների քանակով, որ նրանք բերել են՝ ես էլ բերել եմ»։
«Օլիմպ» կոոպերատիվի սեփականատեր Մրյանը դատի է տվել «ԱՎՈ ՖՄԸ» ՍՊԸ-ին՝ սեփականության նկատմամաբ իրենց իրավունքները ոտնահարելու համար: Հայցը ընդունվել է վարույթ: Ապրիլի 15-ին Կենտրոն և Նորք- Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի սեփականատերեր Մրյանների, իսկ ապրիլի 16-ին Մանիջոյանի բողոքը՝ ընդդեմ «Ավո ՖՄԸ» ՍՊԸ-ի տնօրեն Կարագուլյանի:
Ավետիս Կարագուլյանը խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով իր հայերենին լավ չտիրապետելու հանգամանքը։ Հարցերին խուսափեց պատասխանել նաև Կարագուլյանի շահերի ներկայացուցիչ՝ Սեյրան Գրիգորյանը։
Եվ չնայած անօրինական դատավճռին՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վտարեց Ղուկասյաններին իրենց տարածքից։ Վերջիններն էլ գույքի հափշտակության մասին գրավոր հայտարարությամբ դիմեցին Ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն ու ոստիկանություն, սակայն այդպես էլ մինչ հիմա քրեկան գործ չի հարուցվել (նայել այստեղ՝ http://www.hra.am/am/hr-reviews/2010/03/10/milano)։
Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ Հայաստանում ոչ մի մարմնից արդարություն չեն սպասու և, պատրաստվում են դիմել նաև Եվրոպական դատարան: Նա համոզված է, որ իրենք հաղթելու են դատական գործը, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու մեր պետության համար։
«Ինչ-որ մեկին Ղուկասյանի հաշվին լավություն են անում, Եվրոպական դատարանում տարվելու են, իսկ Ղուկասյանին հատուցվելու է պարտության չափով, ստացվելու է՝ ինչ-որ մեկին լավություն են անում հենց պետության հաշվին,- ասում է նա
Այդ խելացիները, որ «Միլանոյի» գլխին օյիններ ու պատմություններն են բերում, թող նայեն ուղիղ դիմացի մայթը. այնտեղ կա Գևորգ Ճղլյան անունով մի մարդ, որի սեփականությունն էլ խլել էին ձեռքից, ու հետո պետությունը ստիպված եղավ 150 հազար դոլար մեր բյուջեից հատուցում տալ, որ եվրոդատարանը չքննի գործը: Պարզ է, որ նման տեմպերով առաջ շարժվելով՝ոչ մի պետության բյուջե չի դիմանա»:
Քրիստինե Վարդանյան
