ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը բավարարել է Զարուհի Փոստանջյանի հայցը

Մարտի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է Ազգային ժողովի «Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ «Ազատամություն» թերթի (Քր․օր.136 հոդվածի 1-ին մաս (Վիրավորանք)։
Դատարանը վերացրել է քրեական գործը կարճելու մասին ՀՀ ոստիկանության քննիչի 2009թ. դեկտեմբերի 21-ի որոշումը և գործը հետ ուղարկել վարույթն իրականացնող մարմնին՝ լրացուցիչ քննության:
Ըստ Կենտրոն վարչական տարածքի քննիչ Աշոտ Մխիթարյանի որոշման, լրագրողներն ընդամենը գնահատել են Զ. Փոստանջյանի մասնագիտական գործունեությունը և նրան վիրավորելու նպատակ չեն ունեցել։
Փոստանջյանի հաղթանակը՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինաչափ է համարում.
«Քաղաքական մասնագիտական գործունեության դիմաց պոռնիկ պիտակը, մերկ մարմինը, ՀՀ քաղաքացու, մարդու իրավունքի և ՀՀ-ի՝ որպես պետության հեղինակության մասին լավ բան ասել չի կարող: Ովքեր մտահաղացել են, հրապարակել են այդ քստմնելի ձևակերպումները, իրենք հազար անգամ ավելի անպարկեշտ են, քան բուն մասնագետ պոռնիկները: Սա միայն Փոստանջյանի հայցը չէ: Սա պայքար է ՀՀ շարքային քաղաքացու համար, որ ինքը ապահովված լինի, իր պատիվն ու արժանապատվությունը ապահովված լինի, որ ինքը կարողանա իր մասնագիտական գործունեությունը կատարել առանց նման անվայել, անմարդկային և հակահայկական երեւույթների»:
Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ իրավապահ համակարգը, որը կարճելով փորձել է նաև ինչ-որ տեղ պարտակել արարքը, իր մեջ կգտնի իրավարար աղբյուրը եւ առավելագույն չափով հաշվետվության կկանչի հրապարակման հեղինակներին:
Դատախազ Սերգեյ Աբրահամյանը հրաժարվել է մեկնաբանել դատավճիռը, քանի դեռ չի հրապարակվել վճռի եզրափակիչ մասը։
