ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճիռների հոսք եվրոպական դատարանից

«Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարության դեմ բողոքները քննելով, վճիռներ կայացնելով, ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ բացի այն պատկերացումներից, որ ունենք դատական համակարգ կամ դատարան հասկացությունների մասին, գոյություն ունեն նաև իրական դատարաններ: Դատարանն իր գործունեությամբ ցույց է տալիս, որ մարդու իրավունքները վերացական եզրեր չեն: Դրանց պաշտպանությունը կարող է լինել շատ առարկայական, Եվրոպական դատարանի վճիռների տեսքով»,- վստահ է փաստաբան Վահե Գրիգորյանը:
Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախորդ ութ տարիների ընթացքում ուղղվել է շուրջ 1500 բողոք, դրանցից վճիռ է դարձել 20-ը: Ընդ որում, 20 վճռից 9-ը կայացվել է 2009 թվականի ընթացքում, պետությունը շահել է դրանցից միայն մեկում:
Ութ տարիների ընթացքում դիմումները Եվրադատարան են ուղղվել, այսպես ասենք, թեմատիկ հոսքերով: «Հայաստանից գնացած դիմումների առաջին մեծ հոսքը եղել է վարչական կալանքի հարցերով, 2004 թվականից:
Քաղաքացիական գործերով գանգատներ են գնացել Հյուսիսային պողոտայի, Գլխավոր պողոտայի գործերով: 2005-2007 թվականներին բազմաթիվ գործեր են ներկայացվել նախնական կալանքի վերաբերյալ:
Գանգատների վերջին խումբը մարտիմեկյան դատավարություններին է վերաբերում՚, - Հայաստանից Եվրադատաարան ուղղված դիմումներն ամփոփելով»,- նշում է փաստաբան Արա Ղազարյանը:
2010-ին սպասվում են Եվրադատարանի որոշումները Հյուսիսային և Գլխավոր պողոտաների գործերով: Դրանց մեծ մասը քննության վերջին փուլում է: Այս գործերի համար կա նաև նախադեպային որոշում:
«Մինասյանն ու Սեմիրջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Եվրոպական դատարանի 2009 թվականի հունիսին կայացրած վճիռը, Արա Ղազարյանի գնահատմամբ, կարող է նախադեպ դառնալ Եվրադատարանում քննվող տասնյակից ավելի գործերի համար:
«Այդ վճռով Եվրոպական դատարանը հաստատեց, որ գույքի օտարումը չի եղել օրենքով սահմանված կարգով: Օտարման, նաև փոխհատուցումը հաշվարկելու ամբողջ գործընթացը կատարվել է ոչ թե օրենքների, այլ կառավարության որոշումների հիման վրա: Սա էր ամենակարևոր մեկնաբանությունը»:
Արա Ղազարյանի խոսքով՝ կարևոր էր նաև Եվրոպական դատարանի մեկնաբանությունը գույքային իրավունքը ճանաչելու հարցում: Եվրադատարանը, փաստորեն, ընդունելի չհամարեց կառավարության մեկնաբանությունը, որի համաձայն ընդհանարապես գույքի օտարում տեղի չի ունեցել և պետությունը պարզապես «վերցրել» է իրեն պատկանող հողը:
Փաստաբան Վահե Գիրգորյանը նույնպես կարծում է, որ սեփականության իրավուքի պաշտպանության հարցերով Եվրադատարան գնացած գործերի մեծ մասի վճիռները կլինեն 2010-ին: Նրա գնահատմամբ, այս գործերը թեև առանձնահատկություններ ունեն, բայց և բոլորի հիմքում նույն ընդհանուր խնդիրն է :
«ՀՀ կառավարության ու դատարանների որդեգրած մոտեցումների մասով գործերը միանման են: Այսինքն, մարդիկ իրենց սեփականությունից ապօրինաբար զրկվել են Սահմանադրությանը հակասող իրավական ակտերի հիման վրա, և սեփականության պաշտպանության իրավունքի խախտման մասով դրանք միանման են»:
Լուսինե Մանուկյան
