ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության իրականացումը Հայաստանում

Մարտի 19, 2010
2010թ. ապրիլի 6-8 Երևանում կայանալիք «Արդարադատություն. Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք. Նոր մարտահրավերներ» Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և իր անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հկ-ի կողմից կազմակերպվող ֆորումի նախօրեին, FIDH-ը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ, ևս մեկ անգամ ցանկանում են արտահայտել իրենց մտահոգությունները Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի աշխատանքի վերաբերյալ։
Մեր կազմակերպությունները արտահայտում են իրենց մտահոգությունը արդար դատաքննության իրավունքի տարբեր ոտնահարումների կապակցությամբ, որոնք արձանագրվել են Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների ընթացքում, այդ թվում նախնական կալանքի լայն կիրառումը, անմեղության կանխավարկածի ոտնահարումը, պաշտպանության իրավունքը։ Արձանագրվել են դատավորների կողմնակալության մի շարք դեպքեր, մասնավորապես 2008-ի մարտի դեպքերից հետո կալանավորված ընդդիմության առաջնորդների դատավարությունների ընթացքում։ Ավելին, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբորպես մեղադրանքի հիմք օգտագործվել են անօրինական ճանապարհով՝ խոշտանգումների միջոցով ձեռք բերված ապացույցներ։ Մեր կազմակերպությունները նշում են, որ խոշտանգումները և դաժան վերաբերմունքը դեռևս կիրառվում են ոստիկանության կողմից և հաճախ ազատազրկման պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին և ազգային օրենսդրությանը։ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների» աշխատանքի ոչ բավարար թափանցիկությունը, ինչպես նաև անչափահասների արդարադատության առանձին համակարգի բացակայությունը նույնպես ներառված է մտահոգությունների շարքում։
Մեր կազմակերպությունները հիշեցնում են, որ Արդարադատությանը նվիրված ֆորումը, որին աջակցում ու մասնակցում են այնպիսի միջազգային փորձագետներ ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանի (ICC) դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և այլ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, բացառիկ հնարավորություն է ընձեռում Հայաստանին՝ բարելավելու արդարադատության իր համակարգը։ Այս իրադարձությունը կարող է նաև առիթ հանդիսանալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ամրապնդի դրական զարգացումները միջազգային ոլորտում և վավերացնի Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը, օրինակելի դառնալով միջազգային հանրության և հատկապես տարածաշրջանի համար։
Փաստաթուղթն ամբողջությամբ անգլերեն (PDF - 237.5 kb)
Փաստաթուղթն ամբողջությամբ հայերեն (PDF - 180 kb)
