ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հրապարակային քննության պահանջ՝ խոշտանգումների բացահայտման համար

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումներ և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) Հայաստանի իշխանություններին հորդորում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հրապարակային քննություն իրականացնել:
Կոմիտեն ուրբաթ օրը հրապարակել է 2008 թ մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը' Հայաստանի կառավարության պատասխանի հետ միասին: Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ 2 փաստաթղթերն էլ հրապարակվել են Հայաստանի իշխանությունների առաջարկությամբ։
Հաղորդագրությունում ասված է, որ պատվիրակությունն առանձին հարցազրույցներ է անցկացրել փետրվարի 19-ի հետընտրական իրադարձություններից հետո տարբեր մեղադրանքներով կալանքի տակ պահվող անձանց հիմնական մասի հետ։
«Գործնականում բոլոր անձինք, ովքեր կալանավորվել էին 2008 թվականի մարտի 1-ին, հայտարարել են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունք է ցուցաբերվել իրենց ձերբակալության պահին, նույնիսկ եթե իրենք ակնհայտ դիմադրություն չէին ցուցաբերում»,- գրված է հաղորդագրությունում,-Պատվիրակությունը նաև մի քանի հայտարարություններ էր ստացել' կապված ոստիկանական հարցաքննման ժամանակ վատ վերաբերմունքի ցուցաբերման հետ»։
Կոմիտեի ներկայացուցիչները հարցազրույցներ են անցկացրել անազատության մեջ գտնվող ընդդիմության շուրջ 7 տասնյակ կողմնակիցների հետ։
Հարցաքննությունների ժամանակ վատ վերաբերմունքից դժգոհողները հայտնել են, որ իրենց ապտակել են, հարվածել բռունցքներով, մահակներով' ցուցմունքներ կամ այլ անձանց մասին տեղեկատվություն կորզելու նպատակով: Ըստ զեկույցի, ազատազրկվածներից ոմանց վրա առկա էին նրանց պնդումներին համապատասխանող ֆիզիկական հետքեր:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում է, որ իշխանությունները պետք է «հստակեցնեն իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցների համար, որ անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը ապօրինի է և կարժանանա խիստ վերաբերմունքի' քրեական հետապնդման ձեւով»:
Հայաստանի կառավարությունը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ նույն օրը հրապարակած իր պատասխանում հերքել է խոշտանգումների վերաբերյալ պնդումները' վստահեցնելով, թե «ոստիկանությունը նման բողոքներ չի ստացել 2008 թ․-ի ութ ամիսներին»:
ԽԿԿ-ն, պնդում է, որ Հայաստանի իշխանությունները դեռ ունեն անելիք անցյալում իրենց ստանձնած' ոստիկանության կողմից բռնությունը բացառելու պարտավորությունը կատարելու համար:
Եվրախորհրդի կոմիտեն նաև կասկածի տակ է առնում իշխանությունների կողմից 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության արժանահավատությունը, ընդգծելով, որ այն պետք է պարզի' «արդյո՞ք ոստիկանության կողմից ուժի կիրառումը իրավաչափ էր, անխուսափելի և ցուցարարների ներկայացրած վտանգի աստիճանին համաչափ»:
Ըստ զեկույցի' իշխանությունները պետք է նաև բացատրեն, թե «ինչպե՞ս և ինչո՞ւ սպանվեցին մարդիկ և վիրավորվեցին այլոք»: Հարցը անպատասխան է մնում, և ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել մարտիմեկյան դեպքերի հետևանքով տասը անձանց մահվան կապակցությամբ:
Այդ առնչությամբ Հայաստանի կառավարությունը պատասխանել է. «Մարտի 1-ի իրադարձությունների քննության արդյունքները և իրավական գնահատականը կարող է տրվել միայն այդ դեպքերի առնչությամբ քրեական ընթացակարգերի ավարտից հետո»: Կառավարությունը նաև մանրամասն տեղեկատվություն է տրամադրել արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների եւ այլ հատուկ միջոցների վերաբերյալ, որոնք օգտագործվել են ցուցարարների դեմ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ:
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ընդգծում է, որ «հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների լրջությունը' հրապարակային քննությունը պատշաճ կլիներ»:
«ԽԿԿ-ն հանձնարարականներ է մշակել, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը իրականացվի արդյունավետ հետաքննության չափանիշների համապատասխան,և որ այդ հետաքննության արդյունքներն օգտագործվեն որպես ուղենիշներ՝ ոստիկանական ապագա օպերացիաների իրականացման համար՝ պլանավորման, վերապատրաստման և ամբոխի վերահսկման իրավիճակներում ոստիկանության մարտավարության առումով։ Զեկույցում նաեւ ամփոփված են այլ առաջարկություններ, որոնց նպատակն է պայքարել իրավապահ մարմինների պաշտոնյաների կողմից վատ վերաբերմունքի դեմ՝ այդ թվում ամրապնդելով վատ վերաբերմունքից պաշտպանող պաշտոնական ընթացակարգերը, որոնք ազատությունից զրկված անձանց են առաջարկվում ոստիկանության կողմից (օրինակ՝ կալանավորման մասին հայտնելը, իրավաբանի եւ բժշկական օգնության մատչելիության ապահովումը)», - տեղեկացնում է Եվրախորհրդի գրասենյակը:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի
