ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկնաբանվելու են լրագրողների դեմ

Ազգային Ժողովն այս շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց կոալիցիոն ուժերի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ են առաջարկվում ՀՀ քաղաքացիական, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում: Փոփոխությունները վերաբերում են վիրավորանքի ու զրպարտության հոդվածներին:
Օրենսդիրը որոշել է դրանք քրեաիրավականից քաղաքացիաիրավական հարթություն տեղափոխել:
Զրպարտությունն ու վիրավորանքն այս փոփոխություններով արդեն ոչ թե ազատազրկմամբ, այլ տուգանքով պատժվող արարքներ են: Արտաքուստ մեղմացում ենթադրող այս փոփոխությունները, սակայն, ոլորտի ներկայացուցիչներին ոչ թե մխիթարում, այլ մտահոգում են:
Գաղափարն ընդունելի է, կիրառումը' վտանգավոր. մոտավորապես այսպես են իրենց վերաբերմունքը ձևակերպում ոլորտի մասնագետները: Նրանք որքան էլ փորձում են չանտեսել փոփոխությունների, այսպես ասենք, դրական միտումը, նույնքան էլ չեն կարողանում չնկատել հնարավոր վտանգները:
Փոփոխությունները միանշանակ ի վնաս լրատվամիջոցների են աշխատելու: Հաշվի առնելով Հայաստանի դատական պրակտիկան' կարելի է ենթադրել, որ օրենքը միանշանակ օգտագործվելու է անկախ ու հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ:
Նույնքան միանշանակ չէ «Ազգ» օրարթերթի գլխավոր խմբագրի կարծիքը: Լրատվամիջոցների մի մասի համար վիրավորանքի ու զրպարտության կրառումը գործունեության միջոց է ու հաճախ կիրառվում է միտումնավոր' մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Ավետիքյանը: Այս առումով, փոփոխությունները գուցե անհրաժեշտ են: Սա սակայն «Ազգի» խմբագրին չի խանգարում նաև հետևյալը նկատել.
«Եթե որպես խմբագիր պատասխանեմ, մեր դատական համակարգի անաչառությունը՚ հաշվի առնելով կասեմ, որ ավելի լավ է բանտ նստեմ, քան տուգանք վճարեմ: Որովհետև իմ բանտ գնալուց օրարթերը չի տուժի, իսկ մեծ տուգանքներից կսնանականա»:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ մեր զրույցի ընթացքում հիշեցրեց. «զրպարտության և վիրավորանքի համար նախատեսվող պատիժը մինչև այժմ թեև քրեական, բայց չգործող նորմ էր, և այս առումով' լրատվամիջոցների համար պակաս վտանգավոր»:
Նույն հանգստությամբ, սակայն, լրատվամիջոցները չեն կարող վերաբերվել հարյուր հազարների հասնող տուգանքների հեռանկարին.
«Հիմա, երբ նորմը ապաքրեականացվում է և պատասխանատվությունն արդեն սահամնում է Քաղաքացիական օրենսգիրքը, արդեն ակնհայտ է, որ վտանգը մեծանում է: Միայն այն պատճառով, որ մեր թերթերի համար ավելի մեծ սպառնալիք են ֆինանսկան ճնշումները, քան քրեական դատավարությունները»:
«Հրապարակի» խմբագիրը կարծում է, որ առաջիկայում լրատվամիջոցներին տուգանել պահանջող հայցերի մեծ հոսք կլինի: Հակոբ Ավետիքյանի կանխատեսմամբ' մեծ հոսք չի լինի, փոխարենը կլինեն մի քանի փորձարկումներ , որոնք այս դեպքում նախադեպի ուժ կստանան:
Նախագիծը նաև փորձում է սահմանել, թե որն է վիրավորանքը և որը զրպարտությունը: Բոլոր զրուցակիցներս էլ կարծում են, որ հասկացություններն ավելի սպառիչ սահմանման կարիք ունեն, իսկ ներկա սահմանումները գործելու ՙլայն՚ հնարավորություն են տալիս դատարաններին:
«Հայաստանում պարզապես սուտ տեղեկությունը հաճախ մեկնաբանվում է որպես զրպատություն, իսկ զրպարտությունը'որպես սուտ մատնություն»,- ասում է Արամ Աբրահամյանը ու նշում, որ առաջարկվող օրինագծում նույնպես կա այս տարընթերցումը:
Արմինե Օհանյանի կարծիքով ձևակերպումներն այնքան լայն ու ընդհանուր են , որ կարող են կիրառվել հրապարակման մեջ տեղ գտած ցանկացած անհաճո որակման դեպքում:
«Օրինակ, ծաղրանկարն արդեն կարող է դիտվել անձի դեմ ուղղված վիրավորանք: Իսկ սա նշանակում է, որ ցանկացած փոքր առիթով կարող ենք դատական քաշքշուկի մեջ հայտնվել»:
Հակոբ Ավետիքյանի կարծիքով էլ կարևորը գիտակցված զրպարտությունը չգիտակցվածից տարբերելն է, առավել ևս, երբ նման տարբերակման հաջող փորձը կա միջազգային պրակտիկայում:
Հետաքրքրվեցի նաև , թե փոփոխությունների ուժի մեջ մտնելը որքանով է ստիպելու փոխել կամ վերանայել գործելաոճը:«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքով' փոփոխությունները մեծ վերանայումների առիթ չեն դառնա,«բայց, միևնույնն է, փորձելու ենք պաշտպանվել, որովհետև դրանք, ընդհանուր առմամբ, լրագրողների դեմ են մեկնաբանվելու»:
«Ազգ» օրարթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ մեծ մտավախություններ չունի, բայց' ՙհամենայն դեպս արդեն հրահանգ եմ տվել լրագրողներին և ինքս ինձ, որ երկրորդ, և եթե հնարվոր է երրրոդ աղբյուրից ստուգենք մեր ինֆորմացիաները, նաև ձայնագրություններն ավելի երկար պահենք՚:
Հետաքրքիր էր նաև «Հրապարակ» օրաթերթի խմբագրի պաշտպանական մարտավարությունը:
«Մի կողմից մտածում եմ, որ լրագրողների համար ինչ-որ թրեյնինգների կարիք կա: Իրավաբանների հետ եմ խորհրդակցում, որ հասկանանք' ինչպես ռիսկերը նվազեցնենք, որ մի կողմից կարողանանք լիարժեք մեր վերաբերմունքն արտահայտել, մյուս կողմից էլ դրա համար չտուգանվենք»:
Լուսինե Մանուկյան
Հ.Գ. Չնայած նախկինում քրեական օրենսգրքով սահմանված «Զրպարտություն» և «Վիրավորանք» հոդվածները վտանգ էին ներկայացնում լրագրողների և լրատվամիջոցների համար, սակայն այդուհանդերձ, ավելորդ աղմուկից խուսափելու իշխանությունները լրագրողներին բանտում չէին փակում: Այժմ հարցը տեղափոխոլով քաղաքացիաիրավական հարթություն և ընտրելով տուգանելու մեթոդը, անցանկալի (այսինքն ընդդիմադիր) լրագրողին կամ լրատվամիջոցին պարբերաբար բերման կենթարկեն դատարան մուծումներ կատարելու համար, իսկ մեզ շատ լավ հայտնի հլու դատավորները կվավերացնեն վերևից իջած հրահանգները:
