Նոր մահակ ԶԼՄ-ների համար

Մարտի 18-ին ԱԺ-ը 78 կողմ, 9 դեմ և 12 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է կոալիցիոն խմբակցությունների մշակած օրինագծերի փաթեթը, որով փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական և Քրեական դատավարության մասին օրենսգրքերում:

Փաթեթը երեք անգամ ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով․ ստացվել են մի շարք առաջարկություններով եզրակացություններ: Վերջին եզրակացությունը տրվել է 2009-ի դեկտեմբերին, որտեղ հանձնաժողովը նշել է՝ փաթեթը դեռևս բարելավման կարիք ունի:

Օրինագծի համահեղինակ «Օրինաց երկիր» խմբակցությունից հավաստիացնում են, թե հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, զգալի փոփոխություններ են կատարել փաթեթում։

Սակայն երեկ քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյպա Սաֆարյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ ակնկալելով, որ համահեղինակներն, այնուամենայնիվ կներկայացնեն սույն փաթեթի մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ 20 րոպե անց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պաթետիկ քայլքով մոտեցել է Սաֆարյանին ու կարմիր ժապավենով փաթեթավորված մի ծրար է հանձնել նրան, որտեղ Վենետիկի հանձնաժողովը օրենքների փոփոխությունների հետ կապված մոտ 20 առարկություն էր նշել։ «Ժառանգությունն» առաջարկել է լրամշակված օրինագիծը ուղարկել Վենետիկի հանձնաժողով և դրանից հետո միայն այն քվեարկության դնել: Հովիկ Աբրահամյանը, սակայն, մերժել է առաջարկը:

Փաստորեն փոփոխությունների փաթեթին դեմ են քվեարկել մի քանի անկախ պատգամավորներ և «ժառանգություն» խմբակցությունը։ Ստյոպա Սաֆարյանը կատարվածը բնորոշել է մեկ բառով՝ «աճպարարություն»։

Փոփոխությունների այս փաթեթը դժգոհության ալիք է բարձրացրել նաև լրագրողների շրջանում։ Այսպես՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մամուլում իր մտահոգությունն է հայտնել, որ դրանք «կարող են անցանկալի լրատվամիջոցներին հսկողության տակ առնելու միտում ունենալ։ Այդ կարգի օրենքները միայն որակյալ լինելու դեպքում կարող են իրոք նպաստել խոսքի ազատությանը»:

Մինչդեռ, ըստ Նավասարդյանի, օրենքում հստակեցված չեն, օրինակ, «սուտ մատնություն», «զրպարտություն» հասկացությունները, հստակ սահմանված չեն նաև պատժաչափերը, «ինչը Հայաստանի ոչ անկախ դատարաններին կարող է հիմք տալ օրենքը ընտրովի ու սուբյեկտիվ կիրառելու համար»։

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը փաթեթի քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել, թե ինչպես պետք է տարբերակել՝ տվյալ խոսքը վիրավորա՞նք է, թե՞ ոչ։ Նա բերել է հետևյալ օրինակը․

«Երբ վայրենիներն ուզում են պտուղներին հասնել, կտրում են ծառը, այդպիսին է բռնապետությունը»․ Մոնտեսքյուի խոսքերն են: Արդյոք մեր դատարանները ծանրաբեռնելու ենք, թե՝ Մոնտեսքյուի ասածը օրենքի չափանիշներով՝ վիրավորա՞նք է, թե՞ սովորական արտահայտություն»:

Ըստ տիկին Ալավերդյանի, բոլոր այն գնահատականները, ըստ որոնց այս փոփոխությունները գնահատվում են որպես մի նոր մահակ ԶԼՄ-ների գլխին, պատճառ են դատաիրավական պրակտիկայի այսօրվա վիճակի: Այդ առնչությամբ, վերջինս առաջարկել է, որ իշխանությունը սկսի ինքն իրենից: