ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թեղուտի գործը Օրհուսի միջազգային հանձնաժողովում։

Մարտի 18-ից Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում՝ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովում, սկսվում են լսումներ Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հայաստանյան 3 հասարակական կազմակերպությունների ներկայացրած փաստարկների վերաբերյալ։
Նարտի 16-ին Ժնև են մեկնել գործը ստանձնած փաստաբան Հայկ Ալումյանը, «Էկոդար» հ/կ-ի և «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հուլիսին ՀԿ-ները 65 էջից բաղկացած հայցով դիմել էին դատարան՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել մի շարք պայմանագրեր։ Ըստ «Armenian copper programm» ընկերության հետ ունեցած պայմանագրի նախատեսվում էր 357 հա անտառային ծածկույթի հատում։ Կառուցապատման տակ են դրվում ֆաբրիկաներ, օժանդակ կառույցներ, պոչամբար և այլն, շուրջ 274 հա տարածք։ Մոտ 200 հա անտառածածկ տարածք հավասարեցվում է հողին։ Փոխվելու են նաև գետերի հուներ։
Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ «պետությունը չի կարող թույլատրել մի գործողություն, որն օգտավետ չէ իրեն։ Պետք է սթափ գնահատել շրջակա միջավայրին հասցվող վնասը և դա համեմատության մեջ դնել իր շահի հետ։ Մինչդեռ, թույլատրվում է մի գործունեություն, որն ահռելի վնաս է բերում։ Պատճառաբանում են, թե մի քանի հազար մարդ աշխատանք կունենա, բայց չի հաշվարկվում բնապահպանական ոլորտին հասցվող վնասները, որն ուղղակի անդրադառնալու է մեր ազգաբնակչության վրա»։
Փաստաբանի խոսքով «օրենքում արված ֆոկուսների արդյունքում» գոյացող թափոնների վնասներն առաջացնողի կողմից ընդհանրապես չեն դիտվել որպես հաշվառման կամ հատուցման ենթակա։
«Մենք լուրջ գիտնականներ ունենք, որոնք բարձրաձայնել են, որ չի կարելի Թեղուտը շահագործել այն ձևով, ինչը փորձում են անել հիմա։ Մեր պետությունը չի կարող մտահոգված լինել ինչ որ կազմակերպության շահերով՝ անտեսելով իր ազգաբնակչության կենսական կարևորության խնդիրները», ասում է փաստաբանը։
Ռուզան Ավոյան
