«Խիզախ կին» մրցանակ Մարիամ Սուխուդյանին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ  «Խիզախ կին» մրցանակ հանձնեց «ՍՈՍ-Թեղուտ» նախաձեռնության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Դեսպանի խոսքով «Խիզախ կին» անվանումով մրցանակ երբեևէ չի եղել և այն իր տեսակի մեջ առաջինն է։

«Մրցանակը հանձնվում է Սուխուդյանին շրջակա միջավայրի և հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը և արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվություն, խիզախություն և առաջնորդություն ցուցաբերելու համար»,- ասաց դեսպանը՝ հիշեցնելով Մարգարիտ Թետչերի խոսքերը, որ քաղաքականության մեջ եթե ուզում են, որ խոսք ասվի, ապա դիմում են տղամարդուն, իսկ եթե ուզում են, որ գործ արվի, ապա դիմում են կնոջը։

Մարաիամ Սուխուդյանն էլ իր շնորհակալական խոսքում նշեց, որ չնայած պարգևատրմանն ինքը դեռևս պոտենցիալ հանցագործ է համարվում․

«Ես մեղադրվում եմ զրպարտության մեջ այն բանի համար, որ բարձրաձայնել եմ Նուբարաշենի հատուկ դպրոցում կատարվող արատավոր երևույթները: Պարտավորված եմ մրցանակը կիսել բոլոր նրանց հետ՝տարբեր հասարակական կազմակերպություններ, մամուլ, ովքեր միշտ գտնվել են կողքիս»,- ընդգծեց նա։

Մարիամն իր խոսքում նշեց նաև, որ կցանկանար նախևառաջ գնահատված լինել իր պետության կողմից և իր երկրում իրեն պաշտպանված զգար իրավապաhների կողմից և ոչ թե պաշտպանվեր նրանցից, իսկ Թեղուտի անտառների պաշտպանության համար մղվող պայքարը դիտվեր ոչ թե որպես իշխանությունների դեմ պայքար, այլ պայքար հանուն հայերի լինելիության, առողջ և լիարժեք կյանքի:

Մարիամը Հայաստանի բնապահպանական շարժման ակտիվիստ է, մասնակցում է Թեղուտի անտառների պաշտպանության շարժմանը, նաև մեծ աշխատանք է կատարել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տիրող վիճակը հրապարակավ ներկայացնելու ուղղությամբ։ Այդ դպրոցում նա մասնակցել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող կամավորական ծրագրերից մեկին և խմբի այլ անդամների հետ ահազանգել դպրոցում տիրող վիճակի մասին՝ վատ սնունդ, թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ։

Նուբարաշենի դպրոցի ուսուցիչներից մեկի կողմից աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգությունների փորձի մասին բարձրաձայնելուց հետո Մարիամին մեղադրանք առաջադրվեց «զրպարտության», ապա «սուտ մատնությանն հոդվածով»:

Ներկայումս Մարիամի նկատմամբ քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է։

ԱՄՆ դեսպանատանը կազմակերպվող միջոցառմանը հրավիրված էին նաև տարբեր լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քրիստինե Վարդանյան