ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միլանոյի» տարածքը վերցրեցին

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ձեռքով այսօր կնքվեց Աբովյան փողոցում գտնվող Միլանո վաճառասրահի (Օլիմպ ՍՊԸ) դուռը։ Չնայած տարածքը լքելու համար ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մինչև մարտի 12-ը ժամանակ էին տվել Օլիմպ ՍՊԸ-ի սեփականատերերին, սակայն չհամբերեցին, առավոտ շուտ եկան ու նրանց վտարեցին։ Տարածքի իրական սեփականատերը՝ Հովհաննես Ղուկասյանը մոլորվել մնացել էր և չէր միջամտում վտարման գործընթացին։
ԴԱՀԿ աշխատակիցները թույլ չէին տալիս, որ լրագրողները մտնեին խանութ ու ներկա գտնվեին գույքահաշվարկի ու դրա գնահատման գործընթացին։ Մուտքը խանութի տարածք արգելված էր, և լրագրողները մի քանի ժամ նկարահանումները կատարում էին ապակիների հետևից:
Խանութի սեփականտեր Հովհաննես Ղուկասյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի խոսքով իրենք գիշերը 12-ին են ստացել վտարման մասին ծանուցագիրը և հնարավոր չէր ոչ աշխատանքային ժամերին խանութի հագուստը տեղափոխել։
Հովհաննես Ղուկասյանին սեփական տարածքից վտարում են ոչ միայն որպես «Օլիմպ» ՍՊԸ-ի սեփականատեր, այլև որպես ֆիզիկական անձ՝ իր տնից։ Չնայած վտարման գործընթացին' Ղուկասյանը պատշաճ փոխհատուցում դեռևս չի ստացել տարածքի նոր սեփականաիրոջից, ում հետ պետք է պայմանգիր կնքեր։
Կարագուլյանը Ղուկասյանին առաջարկում էր փոխհատուցում երկհարկանի կառույցի միայն առաջին հարկի դիմաց՝ 125 քմ (200 մլն դրամ): Իսկ խանութը եռահարկ է' չհաշված տանիքը և նկուղը: Նա չի ստացել նաև նախատեսված 200 մլն դրամը։
ՓաստաբանՀայրապետյանն ասում է, որ եթե տարածքը համարվել է հանրային գերակա շահ, ապա սեփականատերը գոնե ողջամիտ ժամկետում պետք է հնարավորություն ունենար գումարը ստանալու, մեկ ուրիշ տեղ տարածք գնելու և տեղափոխվելու։
«Համաձայն Սահմանադրության 31 հոդվածի և հասարակության ու պետական կարիքների համար սեփականության օտարման մասին օրենքի՝ եթե պետությունը վերցնում է քո տարածքը, պետք է լինի նախնական համարժեք փոխհատուցում, այսինքն գումարը տրվի սկզբում,-ասում է փաստաբանը,-Ընդ որում նույն օրենքով 2 ամիս ժամանակ է տրվում մինչև դուրս գալը, իսկ դատարանի նախագահը պահանջում է պայմանագիր կնքել, նոր գումարի փոխհատուցում ստանալ»։
Հովհաննես Ղուկասյանը փետրվարի 19-ին նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին ու տեղեկացրել իրեն «սեփականությունից ապօրինի զրկելու մասին»։ Սակայն նամակը մնացել է անարձագանք:
Փողոցի այն հատվածը, ուր գտնվում է «Միլանո» խանութը, ճանաչվել է հանրային գերակա շահ։ Տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ. Մ.Հ» ՍՊԸ-ն, որի ղեկավարը սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանն է։
Քրիստինե Վարդանյան
