ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ դատարան՝ առանց մեծ ակնկալիքների
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ փաշինյանի գործով այսօր հրապարակված որոշումն, ըստ օրենսդրության, ուժի մեջ է մտնում վճռի հրապարակումից մեկ ամիս անց։ Պաշտպան Լուսինե Սահակյանի կարծիքով «այստեղ օրենսդրական լուրջ խնդիր կա», երբ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունում գործը, ստացվում է, որ դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չէ։
«Այստեղ լուրջ օրենսդրական բաց կա։ Մի դեպքում նշվում է, որ մեկ ամիս հետո է դատական ակտը օրինական ուժ ստանում, մյուս դեպքում էլ նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում դատական ակտը կարող է բողոքարկվել, այսինքն, այն դեռևս օրինական ուժի մեջ չէ », ասում փաստաբանը։
Պաշտպանության կողմը վերաքննիչ դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարան՝ առանց մեծ ակնկալիքների։ Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ մարտիմեկյան գործերով դատարանները չեն, որ որոշումներ են կայացնում։
«Ուղղակի դիմելու ենք Վճռաբեկ դատարան, որպեսզի սպառենք դատական բոլոր ատյաններն ու կարողանանք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան», լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանը։
Վերաքննիչ դատարանի այսօրվա վճիռը պաշտպանները «խայտառակ ապօրինի» որոշում որակեցին։
«Վերաքննիչ դատարանը մնաց մարտիմեկյան գործերով նախկինում որդեգրած սկզբունքներին հարազատ», ասաց Լուսինե Սահակյանը։ Ինչ վերաբերում է համաներման կիրառմանը, ապա փաստաբանը նախ շեշտեց, որ պաշտպանության կողմը համաներում չէր ակնկալում, քանի որ համոզված է Փաշինյանի անմեղության մեջ։
«Մենք արդար դատական ակտ ու արդարացման դատավճիռ էինք ակնկալում», ասաց փաստաբանը։ Այդուհանդերձ պաշտպանության կողմի կարծիքով, համաներման մասին որոշում կայացնելով, Վերաքննիչ դատարանը փորձեց շտկել ընդհանուր իրավասության դատարանի բացթողումը և որոշակիորեն սրբագրեց հունվարի 19-ին կայացված դատավճիռը։
Ի դեպ, դատավճռի հրապարակմանը ներկա չէր մեղադրող կողմը։ Լուսինե Սահակյանի կարծիքով՝ մեղադրանքի կողմին վճիռն այնքան էլ չէր հետաքրքրուն, քանի որ բողոքը ձևական էր, իսկ կայացվելիք որոշումը հայտնի։
Լուսինե Մանուկյան
