ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խարդախության զոհը

Խարդախության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Նշան Հարությունյանի փաստաբանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և առաջին ատյանի դատարանում՝դատավորների այլ կազմով գործը նոր քննության առնելու համար։ Գործն առաջին ատյան հետ բերելով՝ փաստաբանը հույս ունի այս կերպ իր պաշտպանյալին արդարացնել։
Նշան Հարությունյանի գործով արդարացման դատավճիռ կայացնելու պահանջով վերաքննիչ դատարան էր դիմել նաև փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Մինչդեռ մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Արարատի մարզի դատախազությունը ջանքեր է գործադրում, որպեսզի Վճռաբեկ դատարանը Նշան Հարությունյանի գործը վարույթ չընդունի։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի(նստավայրը Մասիս), ապա Վերաքննիչ քրեական դատարանի վճիռներով Նշան Հարությունյանը դատապարտվել է իր հորաքույր Մարգարիտայից խարդախությամբ16 հազար դոլար (4 միլիոն 520 հազար դրամ) հափշտակելու համար(խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափով)։
«Չհամարձակվես որևէ բան գրել, թե չէ հաստատ Արտակիս գործերը կփչանան, էս ամեն ինչը տղայիս շուրջ է պտտվում, քանի Արտակիս գործով նախագահի աշխատակազմի ներման բաժինը որոշում չի կայացրել, թե չէ...»,-իրեն ուղղված մեր հարցերին ի պատասխան սպառնալից տոնով ասում էր Մարգարիտ Մարտիրոսյանը։
Նրա որդին՝ 30 ամյա Արտակ Մանասերյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել միայնակ ապրող մորաքրոջը՝ Ռոզա Մարտիրոսյանին սպանելու համար։ Վերջինիս համոզել էր գրավ դնել բնակարանը, ապա վաճառել։ Ուզում էր փակել բանկում ունեցած խոշոր պարտքերը։ Մորաքույրը չէր համաձայնել և Արտակին զգուշացրել էր, որ բնակարանը կտակելու է ոչ թե նրան, այլ զարմիկներից մեկնումեկին։
Արտակի դատավարության ընթացքում Նշան Հարությունյանը իր կամքով և դատարանի որոշմամբ ճանաչվել է մահացած Ռոզայի իրավահաջորդը։
Վերաքննիչ դատարանում Նշանի գործը քննել է դատարանի նույն կազմը, ով և 12 տարի ազատազրկման է դատապարտել Մարգարիտայի տղային՝ Արտակին։ Նույն դատարանը հետագայում Արտակի դատվածության հոդվածը փոխել և 4 տարով նվազեցրել ազատազրկման ժամկետը՝ այն դարձնելով 8 տարի։
Քանի որ Արտակը հայտնվել էր անազատության մեջ, Նշանն օգնում է հորաքրոջը՝ 1 միլիոն 7 հարյուր հազար դրամով վաճառել տան հարակից ջերմոցն ու այդ գումարով մարել բանկում ունեցած Արտակի վարկերը, ինչպես նաև հանել հարսի անունով գրավադրված ոսկին ու վաճառել։ Ստացված գումարով մայրը պետք է նվազեցներ տղայի դատվածության տարիները։
Մարգարիտայի խոսքով Նշանը ջերմոցի ու ոսկիների վաճառքի հարցում իրեն խաբել է ու տվել գումարի մի մասը։
«Երբ Նշանը հայտարարություն է տվել ոստիկանություն, թե հորաքույրն իրեն շանտաժ է անում, արդյունքում քրեական գործ է հարուցվում ոչ թե հորաքրոջ, այլ Նշանի դեմ։ Քրեական գործը հարուցվում է Մարգարիտայի հայտարարությամբ, թե Նշանն իրենից խարդախությամբ հափշտակել է գումար, որով խոստացել էր պակասեցնել Արտակի տարիները»,- ասում է փաստաբանը,- 6 ամիս շարունակ վկայի կարգավիճակում հարցաքննվող Նշանը տեղյակ չի եղել, որ հարցաքննվում է որպես կասկածյալ։ Իր դեմ հարուցված քրեական գործի մասին նա տեղեկանում է միայն Արտակի դատավճռի հրապարակումից անմիջապես հետո՝ 2009թ. փետրվարի 3-ին»։
4 ամիս անց՝ հունիսի 25-ին Նշան Հարությունյանը կալանավորվում է։
Ըստ Նշանի գործով կայացված դատավճռի «Արտակ Մանասերյանի առաջադրված մեղադրանքն ավելի թեթև փոխելու և հետագայում քիչ դատապարտելու պատրվակով որոշել է Մարգարիտայից գումար հափշտակել»։
Նշանի գործով փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Վարդան Նիկողոսյանը անհիմն են համարել նախաքննական մարմնի կողմից ապա դատարանում արդեն քննվող գործով ձեռք բերված ապացույցները և պահանջել են արդարացման դատավճիռ կայացնել իրենց պաշտպանյալի նկատմամբ։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի վկաներին դատարան հրավիրելու բոլոր միջնորդությունները և առաջնորդվել իրավական ուժ չունեցող փաստաթղթերով։
«Դատարանների վճիռներն ապօրինի են և իրականում Նշան Հարությունյանն է դարձել խարդախության զոհ։ Դատարանն անտեսել է փաստացի ապացույցները և առաջնորդվել ենթադրություններով», ասում է փաստաբան Նիկողոսյանը։
Դատարանի վճռում փաստարկված հիմքերից մեկն այն է, որ Մարգարիտան հարսին պատկանող ոսկին վերագրել է իրեն ու այն գնահատել մեկ գրամի համար 30-33 դոլար։ Փաստաբան Նիկողոսյանի խոսքով՝ սա անընդունելի է, քանի որ տարբեր հարգի (կարատի) ոսկի ունի տարբեր շուկայական արժեք։ Մարգարիտան ասում է, որ երբ դատավորն իրեն հարցրեց, թե ինչ արժե իր ոսկին, ինքը հիշեց հարևան գյուղից մի կնոջ, որն ասել էր՝«դե գրամը մի 30-33 դոլար կլինի էլի»։
Դատարանը հիմք է ընդունել Մարգարիտայի այս ենթադրությունը և մերժել է ոսկու իրական արժեքն իմանալու համար փորձաքննություն նշանակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Սակայն Նշանը պնդում է, որ ողջ կյանքում հաշվապահ աշխատած հորաքույրը ոչ միայն ներկա է եղել առքուվաճառքի պայամանավորվածությանը, այլև գումարը վերցնելուն ու նույն օրը դրանով բանկի պարտքերը մարելուն։ Առքուվաճառքին Մարգարիտայի ներկա լինելու մասին փաստեց նաև գործով վկա Հմայակ Մկրտչյանը, ով գնել էր ջերմոցն ու ոսկյա շղթան։
Գումարները մաս-մաս ստանալու նույն օրը Նշանը դրանցով մարել է հորաքրոջ՝ բանկում ունեցած վարկերը։ Այս մասին վկայում են նաև բանկից ստացված վճարման մասին կտրոները, ինչին դատարանը ուշադրություն չի դարձրել։ Հմայակի մոտ կա նաև Նշանի ստորագրությամբ ստացական, որում գրված է, որ գումարը փոխանցելիս Մարգարիտան ներկա է եղել, սակայն այս փաստաթղթի մասին դատարանը չի իմացել, քանի որ, վկաներին նորմալ չի հարցաքննել։
Նշանին դատելիս դատարանը հիմք է համարել ներկայում գոյություն չունեցող Արտաշատի քաղսովետի թիվ 26 թաղային կոմիտեի անվավեր կնիքով կնքված տեղեկանքը, որում գրված է, թե մարգարիտան ունեցել է 56 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 115 խոզ(ընդհանուր 171 գլուխ)։
2002թ. մայիսի 7-ից գործող ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքով թաղային լիազորները չեն գործում։ Այսինքն՝ նախկին թաղային լիազորի տված այս տեղեկանքն իրավական որևէ ուժ չի ունեցել, սակայն դատարանը այն դրել է մեղադրանքի հիմքում։
Տեղեկանքին հակասում է նաև 2009թ. սեպտեմբերի 10-ին Արտաշատի քաղաքապետարանի կողմից տրված անասնագլխաքանակի հաշվառման մասին փաստաթուղթը, որում ասվում է, որ Մարգարիտան ունեցել է ընդամենը 18 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 6 հորթ և 26 խոզ (ընդհանուր 50 գլուխ), ինչը հենց անասնաքանակի իրական թիվն է։
Նախկին թաղային լիազոր Գագիկ Պետրոսյանն ասում է, որ ինքը գիտի՝ իր կնիքն անվավեր է, բայց ինչ անի, եթե քաղաքապետարանը իրենից հետ չի վերցրել այն։ Մարդիկ գալիս ու տեղեկանք են ուզում, ինքն էլ մարդկությունից ելնելով՝ տալիս է։ Չի մերժել նաև դրկից Մարգոյին, «հաշվառել էր» նրա կենդանիներին ու համապատասխան տեղեկանք տվել,«եթե Մարգոն համաձայն չէր իր տեղեկանքին, թող քաղաքապետարանից վերցներ»։
Համաձայն Արտաշատի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման տվյալների՝ Մարգարիտային պատկանող անասնագոմի տարածքը 236,4 քմ է։ Ստացվում է՝ նախկին թաղայինի տվյալներով յուրաքանչյուր կենդանու բաժին է ընկնում 1,3 քմ տարածք, այսինքն՝ 171 գլուխ կենդանիներն առնվազն պետք է ձկան պահածողյի սկզբունքով դասավորվեին միմյանց վրա, որպեսզի տեղավորվեին ֆերմայում։
Արտակի դատավճռով երևում է, որ նրա մայրը մինչ իր հարազատ քրոջ սպանությունն ունեցել է 15-17 գլուխ անասուն։ Իսկ Նշանի դատավարությանը Արտակը հայտնել էր, որ Նշանի հետ պարտք ու պահանջ չունի և վերջինս մոր գումարները չի յուրացրել։ Արտակը հայտարարել է նաև, որ քննիչը ճիշտ չի արձանագրել իր ցուցմունքերը և վստահ չէ, որ իր ձեռքով է գրված։
Փաստաբանի խոսքով՝ նախաքննությունն անցել է նաև ընդատության կանոնների խախտմամբ. Քննությունը պետք է կատարվեր Արարտաի մարզի ոստիկանության բաժանմունքում, սակայն մարզի դատախազությունում հայտնվելուց հետո այն հայտնվել է Մասիսի քննչական բաժնում։
Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր այն միջնորդությունները, որոնք կարող էին լույս սփռել գործի իրական հանգամանքները բացահայտելու համար։ Այդ թվում նաև ականատես վկա, ոստիկանության աշխատակից Գեղամ Սերվազյանին դատարանում որպես վկա հարցաքննելը, ով ականատես է դարձել, թե ինչպես է Մարգարիտան Նշանին շանտաժ անում։
Փաստաբանն ասում է, որ եթե Նշանը խարդախությամբ փորձեր գումար հափշտակել, ապա նվազագույնը կպահանջեր, որ մահացած հորաքրոջ տան մի մասը ժառանգություն թողնվեր իրեն։
Մարգարիտան առանց մյուս հարազատների, այդ թվում գործով իրավահաջորդ ճանաչված Նշանին տեղյակ պահելու, ժառանգություն է ձևակերպում իր անունով ու դառնում իր որդու ձեռքով սպանված քրոջ՝ Ռոզայի բնակարանի տերը։ Այն վաճառում է 3 միլիոն 900 հազար դրամով։ Ընդ որում, Նշանի ձերբակալությունից հետո բնակարանի առքուվաճառքի և հետագայում Արտակի 12 տարին 4 տարով նվազեցնելու ամսաթվերը համընկնում են։
Մեղադրական դատավճռի հիքում է դրվել նաև Մարգարիտայի բարեկամի՝ Սուրիկ Մինասյանի ոչնչով չհիմնավորվող ցուցմունքները, թե նա, իբր, 1 միլիոն դրամ է տվել Մարգարիտային։ Դատարանը վկայի այս ցուցմունքները արժանահավատ է համարել, և 1 միլիոնը գումարվել է ոսկու, կենդանիների ու ջերմոցի վաճառված գումարին։ Արդյունքում ստացվել է, որ Նշանը 4 միլիոն 520 հազար դրամ խաբել է Մարգարիտային։
«Խարդախությունն այն է, երբ խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով տիրանում ես ուրիշի գույքին, իսկ Նշանի դեպքում հիմքերը բացակայում են, այս գործով խարդախությունը չի հիմնավորվել և բացակայում է հանցակազմը», պնդում է փաստաբանը։
Քրիստինե Վարդանյան
