Կոռուպցիան Հայաստանում աճ է արձանագրել

Հայաստանում կոռուպցիայի առկայության մասին խոսում են գրեթե բոլորը, դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին' նույնպես: Կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարությունն է մատնանշում ու խոսում նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներից։ Դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը հիմնավորում է՝ ներկայացնելով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը։

ի դեպ, նախորդ տարիների համեմատությամբ Հայաստանում կոռուպցիայի նկատելի աճ է արձանագրվել: Ի±նչ է փոխել կոռուպցիայի դեմ ակտիվացած կամ, այսպես ասենք, քրեականցած պայքարը, որքանո՞վ է մեծացրել պայքարի արդյունավետությունը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը փոխելու է դեմքը, անցնելու ենք առավել անզիջում ու կոշտ միջոցների»,-դեռ 2008 ին հայտարարել էր հանրապետության նախագահը՝ Ազգային ժողովին ուղղված ուղերձում՝ ընդգծելով «Պաշտոնի չարաշահումների հայտնաբերման ու հետապնդման մակարդակն անշեղորեն աճելու է, որի նախադրյալների վկան եք արդեն այսօր»:

Ուղերձին հետևած մեկուկես տարվա ընթացքում ընդհանրապես, վերջին շրջանում հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքերն անշեղորեն աճում են: Մշակույթի նախարարի խորհրդականից մինչև քրեակատարողական հիմնարկի աշխատակից, բնապահպանական տեսչության պետից մինչև ոստիկանության կապիտան. քրեական լրահոսը գրեթե յուրաքանչյուր շաբաթ անմասն չի մնում պաշտոնեական դիրքի չարաշահման, լիազորությունները գերազանցելու, կաշառք տալու և ստանալու մեղադրանքով հարուցված քրեական գործերից:

«Առաջին հայացքից կարելի է գնահատել դրական, քանի որ երկու տարի առաջ նման միտում չի եղել ընդհանրապես՚»- կարծում է Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը:

«Եթե ավելի խորը ուսումնասիրենք հարցը, ապա կարելի ասել, որ բացահայտումների այս աճը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կոռուպցիան նվազեցնելու համալ, քանի որ հիմնականում բացահայտումները սահմանափակվում են ցածր կամ միջին օղակի պաշտոնյաներով ու պետական ծառայողներով: Այն դեպքում, երբ երկրում համակարգային կոռուպցիա է և կա քաղաքական կոռուպցիա, ի լրացում վարչական կոռուպցիայի, պատկերացնել, որ միայն նման միջոցառումներով կարելի է հաղթահարել կոռուպցիան, սխալ է»՚:

Դատախազությունում համոզված են, որ մանր ու միջին կոռուպցիայի դեմ պայքարում կուտակած վստահության պաշարով հնարավոր կլինի անցնել պայքարի հաջորդ' ավելի բարձր մակարդակներ:

«Գուցե առավել լայն շերտերի համար այդ դրական տեղաշարժը այնքան էլ տեսանելի չէ և շատ ավելի մեծ արդյունքներ էին անմիջապես ուզում գրանցել: Դատախազությունը հակված է առաջնորդվել հետևյալ գործելաոճով' փոքր , բայց հաստատակամ քայլերով գնալ այս հանցատեսակի դեմ պայքարելու»՚, - տեսակետը մեզ փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Դատախազությունում նաև չեն կասկածում, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ ակտիվացած պայքարը նաև կանխարգելիչ բնույթ ունի:

Կոռուպցիայի դեմ հայտարարված քրեական պայքարի արդյունավետության հարցում թերահավատ է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Կոռուպցիայի դեմ այդպես չեն պայքարում' մեր զրույցի ընթացքում ասաց նա ու բացատրեց.

«Կոռուպցիայի դեմ պայքարում են երկրում մոնոպոլ տնտեսական համակարգը վերացնելով, մրցակցությունը ապահովելով թե տնտեսական, թե սոցիալական, թե քաղաքական բնագավառներում: Սա է ստեղծում այն համակարգը, որտեղ կոռուպցիայի համար նպաստավոր միջավայր չկա: Իսկ միջավայրը եթե նպաստավոր է, որքան ուզում են կոռուպցիայի դեմ պայքարեն, դա պայքար է հետևանքների դեմ և միշտ չէ, որ կոռուպցիայի պատճառների դեմ է: Հաճախ թույլ օղակներ են գտնում ու ցույց տալիս, որ պայքարում են կոռուպցիայի դեմ»:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման աճը, սակայն, որևէ կերպ չի փոխել հանրության վերաբերմունքը: Կոռուպցիան հաղթահարելու հարցում հասարակությունը շարունակում է թերահավատ մնալ ու այն կայացած փաստ համարել մեր իրականությունում: Սա են փաստում հանրային կարծիքի հետազոտության արդյունքները, որոնք ամփոփվել են վերջերս:

Հայաստանում կոռուպցիայի մասին հանրային կարծիքի հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսներ կովկասյան կենտրոններ կազմակերպության հայաստանյան կառույցը: 2008-ի համեմատությամբ 2009-ի ցուցանիշները կամ չեն փոխվել, կամ վատացել են:

Հարցվածների 70 տոկոսը կամ 10 հարցվածից 7-ը բավարար չի համարում երկրում տիրող իրավիճակը: 2008-ին այս ցուցանիշը 60 տոկոս է կազմել:

10 հարցվածից 8-ը կոռուպցիան համարում է երկրի առջև ծառացած լուրջ խնդիր, շատերը համամիտ են այն տեսակետին, թե կոռուպցիան հայաստանյան իրականության մեջ սովորական երևույթ է :

Մարդիկ կոռուպցիան չափազանց տարածված երևույթ են համարում պետական հաստատություններում և հիմնարկներում: Հարցվածների երկու երրորդը հավատացած է, որ իրավապահ մարմինները և դատախազությունը որոշակիորեն կամ մեծապես կոռումպացված են:

Հայաստանցիների մեծամասնությունը հակված է շարունակել կաշառք տալ, քանի որ համոզված է, թե գործը գլուխ բերելու այլ ճանապարհ կամ գործերի ընթացքն արագացնելու այլընտրանք չկա: «ՙԻնչու կաշառք կտայիք», հարցին հարցվածների 80 տոկոը պատասխանել է «քանի որ ծառայությունը ստանալու այլ տարբերակ չկա՚», իսկ 10 տոկոսը' «քանի որ բոլորը տալիս են»՚:

Հարցվածների ավելի քան կեսը հավատացած է, որ կոռուպցիան կրճատելու ուղղությամբ անձամբ ոչինչ չի կարող անել: Եթե 2008-ին «ոչինչ չեմ կարող անել» պատասխանել էր հայաստանցիների 51 տոկոսը , ապա 2009-ին այդ թիվը դարձել է 60 տոկոս:

Հանրության կարծիքով' կառավարությունը ևս շատ բան չի անում: Հարցվածներց միայն յուրաքանչյուր 4-ն է տեղյակ հակակոռուպցիոն որևէ միջոցառման մասին և միայն 48 տոկոսն է հավատում, որ կառավարությունն անկեղծ ցանկություն և կամք ունի հաղթահարելու կոռուպցիան:

 

Լուսինե Մանուկյան