ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սաշա Դավթյանն ազատ արձակվեց

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի բողոքի քննությունը, որով վերջինս խնդրել էր մասնակիորեն բեկանել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը ՀՀ քր.օրի 119 հոդվածը (խոշտանգում) և մեղմ պատիժ սահմանել։ Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքը, և Սաշա Դավթյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատարանը 3 տարվա ազատազրկման փոխարինեց Սաշա Դավթյանի պատիժը և կիրառելով ՀՀ ԱԺ-ի համաներում հայտարարելու մասին որոշումը' ազատ արձակեց նրան։
Մինչ այդ նա իր խոսքում ընդգծեց, որ ինքը պայքարելու իրական հանցագործներին գտնելու համար։ «Իսկական հանցագործների փոխարեն ինձ բերեցին նստեցրեցին»։
Դատական նիստին ներկա էին Սաշա Դավթյանի տուժող ճանաչված դուստրերը, որոնք հենց դատարանի դահլիճում հոր գիրկը նետվեցին։ Մինչ դատարանից խնդրում էին. «Թողեք թող մեր հերը գա հասնի մեզ»։
Անցած դեկտեմբերին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել էր Սաշա Դավթյանին իր դուստրերից մեկին՝ անչափահաս աղջկան բռնաբարելու մասով և 4 տարվա ազատազրկման էր դատապարտել խոշտանգման հոդվածով։
Նա կալանքի տակ է գտնվում 2009թ. մայիսի 8-ից և մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու ու նրանցից մեկին անօգնական վիճակն օգտագործելու ու բռնաբարելու համար։
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցած դեկտեմբերին Սաշա Դավթյանին արդարացրեց անչափահաս աղջկան բռնաբարելու մասով և 4 տարվա ազատազրկման էր դատապարտել խոշտանգման հոդվածով։
Դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հայաստանյան արդարադատության իրականության մեջ հազվադեպ մի որոշում է կայացրել՝ իր կայացրած վճռով անթույլատրելի է ճանաչել տուժողներ Թեhմինե և Շուշան Դավթյանների նախաքննական ցուցմունքները ձեռք են բերվել օրենքի պահանջների խախտմամբ։ Դատարանում հաստատվել է, որ ոստիկանությունը խոշտանգումների արդյունքում է կորզել ցանկալի ցուցմունքները։
Սաշա Դավթյանը նույնպես խոշտանգումների է ենթարկվել Կենտրոնի ոստիկանությունում և դատաքննության ընթացքում հայտնել է, որ իրեն դաժանաբար ծեծի են ենթարկել, կոտրել են ատամներն ու կողոսկրերը և ինքը ստիպված է եղել ստորագրել իրեն ներկայացված փաստաթղթերը։
Սակայն առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ «փաստաթղթերով նման հանգամանքներ չեն հաստատվել և «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունվելիս Դավթյանի մարմնական զննության ժամանակ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Բողոքը վերաքննիչ դատարան բերել է ինքը՝ Սաշա Դավթյանը' պահանջելով, որ իր նկատմամբ կայացրած վճիռը պատժի մասով խիստ է և ենթակա է փոփոխության։
Գլխավոր դատախազությունը, ով առաջին ատյանի դատարանում պաշտպանում էր մեղադրանքը, վերաքննիչ բողոք այս գործով չի բերել։
