«Արդյունավետ արդարադատություն»

48- ամյա Սաշա Դավթյանը 4 օր խոշտանգումների է ենթարկվել Կենտրոնի ոստիկանությունում։ 9 ամիս է անցել, սակայն նա մեկառմեկ հիշում է բոլոր այն ոստիկաններին, ովքեր խոշտանգել ու ստորացրել են իրեն։ Փոքրամարմին ու նիհարակազմ Սաշա Դավթյանին ծեծին մասնակցել են մոտ 10 ոստիկաններ։

«Պողոսյան էրիկն է, Պողոսյան Արթուրն է, Հովհաննիսյան Արթուրն է, ստարշի լեյտենանտ Սամվելն է, լեյտենանտ Սերգեյն է։ Մի երեք հոգի էլ կա, որ ինձ խփողներից են, նրանց էլ դեմքով եմ լավ հիշում...

Մի քանի օր ինձ լավ ծեծին ջարդեցին, չեմ հիշում 3, թ՞ե 4 օր։ Բերանիս ատամները թափան, 8 ատամ ջարդվեց, մի հատը ես դատարանում տվեցի աղջիկներիս ներկայացուցչին՝ Աշոտ Աբգարյանին», Նուբարաշենի մեկուսարանում մեր հանդիպման ժամանակ հուզմունքը մի կերպ զսպելով պատմում էր Սաշան Դավթյանը։

Սաշայի հետ միաժամանակ՝ նույն օրերին խոշտանգվել են նրա աղջիկները՝ 18- ամյա Շուշանն ու 22- ամյա Թեմինեն, բայց Կենտրոնի ոստիկանության տարբեր սենյակներում։ Այս միաժամանակյա «խոշտանգում» օպերացիան իրականացվել է գործի քննությունը վարող, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քննիչ Ռուբեն Վարդանյանի ակտիվ նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։

Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքնում Սաշա Դավթյանը հայտնվել է անցած տարվա մայիսի 7-ին, երբ Թալինի ոստիկանության աշխատակիցը  եկել է Կաթնաղբյուր գյուղում բնակվող նրանց տուն։ Սույն ոստիկանին Սաշան ճանաչել է, քանի որ շուրջ 10 ամիս զբաղվել է անչափահաս դստերը՝ Շ.Դ-ին բռնաբարելու փաստով հարուցված քրեական գործով և փորձել ինչ որ հարցերում նպաստել քննության ընթացքին։ 

«Թեհմինես հետս էր։ Էրեխիս  տարան առանձին սենյակ, ասեցին, պապայիդ հետ խոսելիք ունենք։ Ըտենց էլ  չիմացա խոսելիքը որն էր...սկսեցին ինձ քուֆրներ տալ, ամենավերջին քուֆրները, ստորաբար ու ինձ քցեցին լավ ծեծի տակ, ով մտնում դուրս էր գալիս, զարկում էր...

«Որ ինձ միջանցքով տանում էին, իմ էրեխի՝ Թեհմինեի ձենն էր լսվում, լացուկոծն էր լսվում.«իմ պապան տենց բան չի արել...»։ Էրեխիս խփում էին....մի 20-30 րոպե ձենը լսում էի... », պատմում է Սաշան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեր հանդիպման ժամանակ։

Կենտրոնի փոխոստիկանապետ Արթուր Հավհաննիսյանը սկզբում հրահանգել է խուզարկել Սաշա Դավթյանին, ապա անցել է իր բուն գործին։

«Հովհաննիսյան Արթուրն էկավ ամենավերջին քուֆրներով, ստորաբար, ինձ խփելով տարավ իրա կաբինետ, 3 հոգի մարդ էին նստած, Հովհաննիսյան Արթուրը սկսավ ինձ խփել ու չգիտեմ, չեն ասում, թե ինչ եմ արել, ամենավերջին հայհոյանքները տալով, ինձ քրֆում ու զարկում էին։

Նեղված վիճակից ես էլ մի հատ  քուֆր տվեցի, ասեցի, ինչումնա բանը, որ ինձ էսքան խփում եք։ Սկզբում մեկն էր խփում՝ էրկուսը նայում էին, հետո էդ մեկը գնաց՝ մեկ ուրիշը էկավ, էս անգամ երեքով սկսեցին խփել»։

Կենտրոնի ոստիկանությունում Սաշային չեն բացատրել, թե ինչու են բերել և նրա հարցերին չեն պատասխանել։ Նրան շարունակ տեղափոխել են սենյակից սենյակ ու ծեծի ենթարկել։

«Հետո ինձ տարան Պողոսյան Արթուրի կաբինետ։ Տեղից վեր կացավ՝ «ես քու մաման...», եկավ, ընենց զարկեց ինձ, ես թռա ընկա, կողս խփեցի սեղանի անկյունին, ինձ թվաց կողս կոտրվեց, շունչս միանգամից կտրվեց, կռացա, ու զգացի, որ հետևիցս մի 4-5 հոգի լցվեցին գլխիս ու սկսեցին խփել։ Ես հրաժարվում էի ստորագրել...»։

Հետո նորից տանում են Արթուր Հովհաննիսյանի աշխատասենյակ ու ծեծը շարունակվում է այնտեղ։ Ստիպել են ինչ- որ թուղթ ստորագրել։

«Ասեցի ոչ մի թուղթ չեմ ստորագրի, չգիտեի էլ, թե ինչ թուղթ է։ Դրանից հետո նոր ինձ ասեցին, թե դու սենց բան ես արել քո էրեխի հետ... Ասեցի դա բացառված բանա, ըտենց բան չի էղե ու չի կարա էղնի։

«Ինձ քցել էին գետնին ու ֆուտբոլի գնդակի պես չլում էին 4-5 հոգով...գրաժդանսկի հագած մի կուլտուրական մարդ մտավ,իրան զեկուցեցին, թե ինքն է էղել իրա էրեխին բռնաբարողը։  Ասեցի, սուտ է, ըտենց բան չի էղել ու չի կարա ըլինի։ Ինձ թվաց, որ կենտրոնի պետն էր, էդ րոպեին ուշքս տեղը չէր, անունը չեմ հիշում։

Ինձ ասեց, բա ամոթ չի, որ քո էրեխուն բռնաբարում ես, էնքան դուրս ընկածներ կան դուրսը... Ասեցի ըտենց բան չկա, քննիչը գլխիս սարքումա», բայց կուլտուրական հագնված, պետի տպավորություն թողած անձը չի լսել Սաշայի բացատրությունները։

Որ Շուշանն էլ է գտնվում Կենտրոնի ոստիկանների ձեռքում Սաշան տեղեկանում է իր՝ ոստիկանությունում գտնվելու 4-րդ օրը, երբ քննիչ Ռուբեն Վարդանյանը, այսպես ասած, առերեսում է կազմակերպում։

«Մի 3 միլիցա էրեխիս դեմն էին կանգնած, դեմս Վարդանյան Ռուբոն էր նստած, իմ հետևը միլիցա կար կանգնած։ Ասեցի Վարդանյան ես սենց առերեսում կյանքում չեմ տեսել, ասեցի Քալաշյան Արտակը(գործով նախկին քննիչը) ճակատ-ճակատի էր նստեցնում, բացեիբաց խոսեցնում էր մարդկանց, դու էս ի՞նչ ես անում»։

Սաշան չի կարողացել տեսնել աղջկա դեմքը: Ոստիկանները պատի պես կանգնել են նրանց միջև։ Իսկ 18- ամյա աղջկանից ոստիկաններն իրենց ուզած ցուցմունքներն արդեն կորզել էին, թե իբր հայրն է աղջկան բռնաբարել(Անցած դեկտեմբերին դատարանը շինծու այս մեղադրանքի մասով արդարացրեց Սաշա Դավթյանին)։ 

«Դառա ասեցի, Շուշանիկ, պապայի աղջիկ....բառը հլը բերանիսցս չեմ հանել, ես քու մերը ու քցում են քացու տակ, էրեխուս ներկայությամբ, քացով ուժեղ խփեցին ստամոքսիս, ես ընկա գետնին, զգացի որ մեջիցս արուն գնաց, պոլին քցեցին, գլուխս բարձրցրեցի նայեցի էրեխուս կողմը, տեսա էրեխես լացումա մղկտալի....»։

Սաշան հույս է ունեցել, թե գալու է աղջկա գործով նախկին քննիչ Քալաշյան Արտակը՝ տեղեկություն անգամ չունենալով,որ նոր գործ են սկսել ու նոր քննիչ են նշանակել։,

«Ուզում էի ասեի պարոն Քալաշյան, ես քու հետ միասին ման էի գալիս, թե ով էր իմ էրեխին էդ օր քցողը, հիմա իմ գլխի՞ն եք սարքում»։

Թույլ չեն տվել հարազատներին զանգահարել տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, որ դատարանն իրեն  2 ամսով սանկցիա են տվել։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը Սաշա Դավթյանին կալանավորելու մասին որոշում է կայացնում։

«Քարտուղարուհին դուրս եկավ ձեռքին 2 հատ թուղթ՝ առանց կարդալու ստորագրեցի, տեսա որ վերջում գրած էր կարող եմ բողոքարկել, ստորագրեցի ու հարցրեցի էս ինչ թուղթ է, ասեց մեկը քո օրինակն է։ Երբ քարտուղարուհին գնաց, քննիչ Վարդանյան Ռուբոն էս մի թուղթը ձեռքիցս թռցրեց, ու ես չկարողացա ճշտել, որ 5 օրվա ընթացքում բողոքարկեի դատարանի որոշումը։

«Ասեցի խի ես վերցնում, ասեց, եթե տանես բողոքես քո համար ավելի վատ կլինի։ Ես կյանքումս ոչ ընկել եմ դատարանների դռներ, ոչ էլ խաբար եմ»։  

Սաշան դաժանաբար ծեծի է ենթարկվել նաև Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանում՝ քննիչ Ռուբեն Վարդանյանի ցուցումով։

«Ինձ տարան ԿՊԶ, Էրեբունի, մինչև իմ մտնելը, քննիչն արդեն մտել, դուրս էր էկել։ Մտա ըտեղ բոլորը թարս աչքով էին ինձ նայում։ Ըտեղ էլ մի 3 հատ միլիցա ինձ լավ ծեծեցին»։

5 օր շարունակ արյունահոսել է, էրեբունու մեկուսարանում դիմել է հերթափոխի պետին՝ խնդրելով կամ բժիշկ կանչել կամ էլ թույլ տալ լվացումներ կատարել։ Բժիշկ չեն կանչել, սակայն զուգարան գնալ թույլատրել են։

«Էնպես արեցին,, որ ասեցի որպես հայր ապտակել եմ իմ էրեխուն ու ինձ  4 տարի սռոկ տվեցին' բերեցին ստեղ փակեցին։ Կենտրոնի բաժնի տղերքը՝ քննիչով բանով ինձ տվեցին զարկին, ջարդին, էս օրը քցեցին.... էսօրվա օրը շիվար եմ մնացել, թե ինչի՞ համար, որ իմ էրեխուն մի ապտակ ե՞մ տվել։  4 տարի...սենց շիվարել մնացել եմ»,

Ժաննա Ալեքսանյան

Հ.Գ.Հայտնի է, որ դատապարտյալների կողմից ամենաանընդունելի հոդվածը անչափահասին բռնաբարությունն է և բնական է, որ արդեն բանտում Սաշա Դավթյանը պետք է այդ կապակցությամբ բացատրություններ տար։ Խցակիցներին նա պատմել է իր գլխի եկածը, որ «քննիչն իմ գլխին սարքել է»։ Նրան մոտ 20 դատապարտյալ է լսել կարանտինի խցում։ Հետո ասել են մի 15-20 րոպե սպասիր։ «Վերևից մեր լավ ախպերները իջան, ոնց որ Ձեզ եմ պատմում այնպես էլ պատմել եմ»։ Ավելի ուշ նրան փոխանցել են. «ապրիր ոնց որ պետք է, դու ստեղ պրոբլեմ չունես։ Եթե մեկը քեզ նեղի կամ հարց ու փորձ անի, ուրեմն մեր հետ գործ կունենա»։ Փաստորեն, շատ կարճ ժամանակահատվածում «վերևից իջածները» պարզել են եղելությունը։

Իրավաբաններից մեկը, ում պատմում էի բերդում հստակ գործող օրենքների մասին, ասաց.«Իրավաբանության մեջ դա կոչվում է արդյունավետ արդարադատություն, ինչը իսպառ բացակայում է մեր իրավապահ համակարգում»։