ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
89-ամյա երգչուհին ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Օպերայի թատրոնի երգչախմբի նախկին երգչուհի 89-ամյա Էվելինա Գևորգյանը արդար դատաքննության խախտման համար դիմել է Եվրոդատարան։ Հաշվի առնելով դիմումատուի տարիքը՝ Եվրադատարանը 3-4 ամսվա ընթացքում գործն ընդունել է վարույթ։
Էվելինա Գևորգյանն ապրում է երգչախմբային ընկերության տնտեսական կարիքների համար նախատեսված 3,5 քառակուսիանոց փոքրիկ սենյակում։ Փոքրիկ խուց հիշեցնող այս սենյակում փայտե թախտ է դրված, կոտրած մի աթոռ, իսկ մի քանի հնամաշ իրերը լրացնում են ողջ կահավորանքը:
«Իմ հայրական տան տեղում ներկայիս Մոսկովյան լիճն է' Առագաստ՚ սրճարանը, իսկ նախկին Կիրովի անվան մանկական զբոսայգու տարածքում եղել են հորս խանութները», պատմում է ծեր կինը։
Հայրը՝ մեծահարուստ վաճառական Երվանդ Գևորգյանը, 1924 թվականին առանց դատաստանի գնդակահարվել է: Կուլակաթափությանը հաջորդեցին ճնշումներն ընտանիքիս մյուս անդամների նկատմամբ»:
1942-ի մարտի 8-ին Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի վոկալ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհու մեծ բեմ տանող երազելի ճանապարհն ընդհատվեց»։ Նրան աքսորեցին Ուրալ։ Ծանր ժամանակներ էին ստալինյան բռնատիրության տակ, չեկիստների կողմից գնդակահարված ժողովրդի թշնամու դուստրը չէր կարող երազանքներ ունենալ: Չորս տարի անց Էվելինան վերադառնում է Հայաստան ու բնակություն հաստատում Դիլիջանում (Երեւանը փակ էր աքսորից վերադարձածների համար):
1957-ին, ի թիվս այլոց, Էվելինա Գեւորգյանն արդարացվում է։ Դիմում է իրավասու մարմիններին՝ ցանկանալով օգտվել բռնադատվածի նկատմամբ պետության ստանձնած պարտավորություններից ու ստանում համապատասխան կարգավիճակ։
Օգտվելով իր բռնադատվածի իրավունքներից՝ 2003-ին գրավոր դիմում է ներկայացնում Երեւանի նախկին քաղաքապետին՝ խնդրելով իրեն հատկացնել 400 քմ հողատարածք և երկարաժամկետ վարկ Երևանի կենտրոն համայնքի տարածքում՝ նկատի ունենալով, որ բռնադատման պահին ապրել է այդ տարածքում՚:
Սակայն այդպես էլ չի ունենում իր սեփական բնակարանը։
«Հայաստան վերադառնալուց հետո համոզվեցի, որ կյանքը հայրենիքում կարող է ավելի ծանր լինել, քան համակենտրոնացման ճամբարում,- ասում է նա։
1994-ին ընդունված «Բռնադտվածների մասին օրենք»-ով հանրապետությունից բռնադատնվածներին սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափի հողատարածք՝ բնակարանային անհատական շինարարության համար։ Շինարարության համար հատկացվում է նաև արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ։
2006-ին, սակայն նշված հոդվածը կրում է փոփոխություն, որի համաձայն այդուհետ հողահատկացումը կատարվելու է բռնադատվածների նախկին բնակության, կամ վերջին 3 տարվա բնակության վայրերում բացի Երեւան քաղաքից։ Իրեն տարածք հատկացնելու նպատակով դիմում է դատարան ու բոլոր դատական ատյանները սպառելով ու որևէ արդյունք չստանալով՝ նա դիմում է Եվրոպական դատարան։
Առաջին ատյանի դատարանը մերժում է Գեւորգյանին, ու թեև 2007-ին ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը վճռում է դիմումատուի հայցը բավարարել մասնակի' տրամադրել նրան համապատասխան հողամաս, այնուամենայնիվ երկրի վարչական կառույցների բյուրոկրատական քաշքշուկների պատճառով դիմումի ընթացքը ձգձգվում է մինչեւ 2008 թիվը:
Նրա գործը եվրոպական դատարան ներկայացրած փաստաբան Հայկ Ալումյանն, ով հայաստանյան դատարաններում պաշտպանել է նրա շահերը, ասում է, որ ոչ նախկին քաղաքապետը, ոչ ԴԱՀԿ-ը ծառայությունը, ոչ Արդարադատության նախարարը, ոչ Մարդու իրավունքների պաշտպանը չեն նպաստել հարցի լուծմանը։
«Քանի որ մեր երկրում ավարտվեց արդարության հասնելու բոլոր միջոցները, ստիպված էինք դիմել Եվրոդատարան՚,- ասում է Ալումյանը:
Եվրոդատարանը պարզաբանումներ է խնդրել կառավարությունից, որին հաջորդել է հաշտեցման առաջարկը:
<Մեր կառավարությունը, իմ դեմս Երևանի ներկայիս քաղաքապետի, հաշտություն կնքեց և մենք գնացինք դրան>,- ասում է փաստաբանն ու ավելացնում, որ այժմ տիկին Էվելինային տրամադրվել է իրեն հասանելիքը՝ 400քմ հողամաս Երեւան քաղաքում։
«Այս գործը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տիկին Էվելինայի՝ այլեւ ողջ իրավական համակարգը առողջացնելու համար: Սա դաս է այն իրավապահների համար որոնք անպատասխանատու վճիռներ են կայացնում՝ հուսալով, որ մինչեւ Եվրոդատարանը կհասցնի քննել գործը, շատ բան կփոխվի», -ասում է Հայկ Ալումյանը։
Տիկին էվելինայի լավատեսությունը և պայքարելու անընկճելի կամքը հաղթեց թեպետ ինքն էլ չէր հավատում, որ կապրի միչեւ եվրոպական դատարանի վճիռը:
Արդար դատաքննության խախտման վերաբերյալ ՀՀ-ի դեմ 20 վճիռ կա։ Դրանց մեջ են նաեւ բարեկամական կարգավորմամբ լուծվածները, որոնց թվում 89 ամյա Էվելինա Գևորգյանի սեփականության իրավունքի խախտման հետ կապված գործն էր։
Վերջին 7 տարիներին՝ 2002-ից մինչեւ 2009-ի ապրիլ ամիսը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ներկայացվել 1120 գանգատ, որոնցից 291-ը վարույթ չի ընդունվել։ Հայաստանի կառավարության հետ հաղորդակցվել է 105 գործ, որոնք այժմ գտնվում են քննարկման փուլում։ Դրանցից 5-ն արդեն ճանաչվել են անընդունելի։
Չնայած չիրականացավ տիկին Էվելինայի երազանքը՝ դառնալ ճանաչված օպերային երգչուհի, միևնույն է, նա երգեց Կապելլայում, ապա օպերային թատրոնի երգչախմբում։ Հավատարիմ մնալով սիրված բնագավառին՝ նա շարունակեց աշխատել Երգչախմբային ընկերությունում:
Եթե չլիներ ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի բարությունը՝ անկախացած Հայաստանը եւս դառը ճակատագրերի դատապարտված կնոջը կթողներ փողոցում:
«Ինչ էլ որ պատահի, ինչքան էլ որ ինձ համար հիմա ծանր լինի ապրելը, ես ուրախ եմ, որ սովետմիությունը փլուզվեց, ու չեմ ցանկանա, որ նախկին ռեժիմը երբեւէ վերադառնա»,- սթափվելով դառը հուշերից ասում է նա:
Ռուզան Ավոյան
