ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստան. Իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը

Մամլո հաղորդագրություն
Փարիզ - ժնև- Երևան, փետրվարի 16, 2010. Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:
Փետրվարի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ կայացրեց Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ և կազմակերպության պաշտոնական կայքէջի լուսանկարիչ պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ։
2009 թ-ի հունիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը պարոն Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Կալանքը նրա նկատմամբ հետեւել էր Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իր կողմից դիտորդական առաքելության իրականացմանը։ Ընտրատեղամաս մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո, ոստիկանությունը հրավիրել էր պարոն Արշալույս Հակոբյանին որպես վկա եւ հետագայում ձերբակալել՝ առաջադրելով մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։ Այդ գործի դատաքննությունը սկսվել է 2009 թ-ի սեպտեմբերի 16-ին։
Հոկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց 4 ամիս կալանքի տակ գտնվող Արշալույս Հակոբյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխարինել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ։
Մեր կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի։
Մեր կազմակերպությունները, այնուամենայնիվ, իրենց խորը մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով՝ ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի և Հայաստանի կողմից վավերացված տարածաշրջանային և միջազգային պայմանագրերի համաձայն։
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
- FIDH, Կարին Ափի, + 33 1 43 55 25 18
- OMCT, Դելֆին Ռեկուլաու + 41 22 809 49 39
- Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, +374 10 574317
