Գրիգոր Հակոբյանի ոդիսականը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բաց նամակ է հղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
 
2009 թ-ի հոկտեմբերի 21-ին մեզ է դիմել քաղաքացի Դալար Տոնոյանը /հասցեն' Շիրակի մարզ, գյուղ Հողմիկ/ իր որդու' Գրիգոր Հակոբյանի իրավունքների պաշտպանության խնդրանքով:
 
Գ. Հակոբյանը 2009 թ. ապրիլի 15-ին ծանուցվել է բանակ զորակոչվելու մասին: Նա անցել է տեղական բուժզննություն, որի արդյունքների հիման վրա որոշվել է, որ Գ. Հակոբյանը զորակոչվելու է բանակ 2009 թ-ի մայիսի 17-ին: Սակայն նույն օրը հավաքակայանից նրան ուղարկել են Երևանի օրթոպեդիկ հիվանդանոց հետազոտման նպատակով:

Ըստ հետազոտման տվյալների' նրա մոտ առկա է ձախ ոտնաթաթի ձևախախտում, ողնաշարի ծուռություն: Հետազոտության եզրակացությունն ստանալուց հետո, այնուամենայնիվ, հունիսի 8-ին Աշոցքի զինկոմիսարիատից Գ. Հակոբյանին զորակոչել են Սիսիան' զինված ուժերում ծառայելու:

Հուլիսի 15-ին զինվորը տեղափոխվել է Մեղրի, և մի քանի օր հետո նրա մոտ առաջացել են ուժեղ գլխացավեր, քթի արյունահոսություն, դժվարացել է շնչառությունը: Նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ /տիկին Մարգարիտայի միջոցով, որի հավաստմամբ զինվորն անընդհատ բողոքել է գլխացավերից/, չնայած' ծնողի հավաստմամբ հրամանատարը հայտնել է, որ զինվորը դիտավորյալ է բողոքում գլխացավերից և քթի արյունահոսությունից' մեկ այլ վաշտ տեղափոխվելու պատրվակով:
 
Սեպտեմբերի 12-ին զինվորին տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ, քանի որ Գ. Հակոբյանը բողոքել է ոտքերի թուլությունից, գլխի ու մեջքի ուժեղ ցավերից:
 
Ծնողի հավաստմամբ, երբ հոկտեմբերի 15-ին նա գնացել է այցելության, նրան հայտնել են, որ որդուն ցանկացել են ուղարկել տուն 10 օր ժամկետով, սակայն վերջինս չի ցանկացել: Իսկ ծնողների այն խնդրանքին, որ այդ օրը իրենց զավակին ուղարկեն տուն, պատասխանել են, որ մեկ շաբաթից նա անցնելու է բուժզննություն: Իսկ այն հարցին, թե այդ տասն օրից հետո տղայի առողջական վիճակը լավանալու է, թե ոչ, պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանզի տղան կարիք չունի դեղերի կամ բուժման:  Նրան զննել է նաև հոգեբանը, սակայն որևէ խնդիր չի հայտնաբերվել:
 
Հոկտեմբերի 22-ին /ըստ ծնողի/ Գ. Հակոբյանին կրկին ենթարկել են բուժզննության և ըստ եզրակացության, նրա մոտ առկա է քթի միջնապատի ծուռություն, որը խանգարում է շնչառությանը, ոտնաթաթի ձևափոխում, սրտանոթային անբավարարություն, ձախ ուսահոդի գերշարժունակություն, որի հետևանքով ցավեր ունի ուսի հատվածում և հետևաբար տեղափոխվել է Երևանի ՙԿանազ՚ հիվանդանոց և նրան հայտնել են, որ պետք է շարունակի ծառայությունը: Հերթական անգամ առողջության վերաբերյալ բուժզննության եզրակացությունը չի տրամադրվել զինվորին կամ նրա ծնողին:
 
ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական-վարչական ապարատի ղեկավար Գ. Հայրապետյանը 2009 թ-ի դեկտեմբերի 16-ի ՊՆ/510-ՎԱ-649 գրությամբ հայտնել է, որ ՀՀ ՊՆ 50869 զորամասի զինծառայող շարքային Գրիգոր Հակոբյանը (2009/1 զորակոչ) 25.08.09թ. ընդունվել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ կատարված հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է ՙՁախ ուսահոդի հետվնասվածքային գերշարժունություն՚ և նա 12.09.09 թ. տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունք' հետագա հետազոտման և բուժման նպատակով:
 
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կատարվել են անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտություններ, մասնագետների կոնսուլտացիաներ և 05.11.09 թ. ՙՍոմատոգեն պայմանավորված ասթենոնևրոտիկ համախտանիշ, ձախ ուսահոդի աննշան հետվնասվածքային գերշարժունություն, երկկողմանի  սնամեջ ոտնաթաթեր, քայլքի չափավոր խանգարումով, քթի միջնապատի թեքում, առանց քթային շնչառության խանգարման, չափավոր արտահայտված ՆՑԴ, սրտային ձև, միտրալ փականի արտանկում 1-ին աստիճանի, միտրալ հետհոսք 1-ին աստիճանի՚ ախտորոշումով Գ. Հակոբյանը ներկայացվել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով' փորձաքննության:
 
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայողին, ՊՆ 378 հրամանի 25դ, 27բ, 39բ, 42գ հոդվածների համաձայն, ճանաչել է պիտանի ոչ շարային ծառայությանը և կայացրել որոշում' ՙՍոմատոգեն պայմանավորված ասթենոնևրոտիկ համախտանիշ՚  ախտորոշմամբ տեղափոխել ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք' մասնագիտական հետազոտման և փորձաքննության նպատակով:
 
11.11.09 թ.- 25.11.09 թ. զինծառայողը համալիր հետազոտման է ենթարկվել ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում:
 
24.11.09 թ. ներկայացվել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, որի որոշմամբ ճանաչվել է ՙՀոգեպես առողջ՚, պիտանի ոչ շարային ծառայությանը և սահմանվել է բուժծառայության հսկողություն: 25.11.09 թ. զինծառայողն ուղարկվել է զորամաս:
 
Սակայն մի քանի օր ծառայելուց հետո' դեկտեմբերի 18-ին, Գ. Հակոբյանին  կրկին տեղափոխել են Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:  Ծնողի հավաստմամբ, իրենք տեղյակ չեն, թե ինչու է իրենց որդին տեղափոխվել հոգեբուժարան, որտեղ, ի դեպ, նա կրկին բողոքել  է ձախ թիկունքի և ոտքի շրջանում ցավերից:
 
2009 թ-ի դեկտեմբերի 22-ին կրկին դիմել էինք Ձեզ' խնդրանքով' վերստին բուժզննություն կազմակերպելու և երիտասարդի առողջական խնդիրները վերացնելու հարցով և նոր միայն անդրադառնալ նրա' զինվորական ծառայության պիտանիության որոշման հարցին:
 
18.01.2010 ՊՆ/510-ՎԱ-5 գրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ ՙԳ. Հակոբյանը 18.12.09 թ-ին կրկին ընդունվել է Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք, իսկ նախնական հետազոտումից հետո զինծառայողի մոտ ախտորոշվել է ՙՏարել է իրավիճակային ռեակցիա, ինքնավնասումներով՚ և, որ նա գտնվում է հետազոտման և բուժման փուլում: Վերջնական արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ՚:  
 
Այնուամենայնիվ, մինչ այժմ որևէ էական փոփոխություն չի իրականացվել, քանի որ զինծառայող Գ. Հակոբյանը ներկայում կրկին գտնվում է Երևանի Կանազ հիվանդանոցում, և նրա առողջական հետազոտման եզրակացությունը չի տրվում նրան կամ ծնողներին' չնայած նրանց բազմաթիվ խնդրանքների: 
 
Այսպիսով, 2009 թ. սեպտեմբերի 12-ից մինչ օրս, Գ. Հակոբյանը վեց անգամ ենթարկվել է բուժզննության և ներկայումս էլ գտնվում է Երևանի ՙԿանազ՚ հիվանդանոցում: Առողջական խնդիրների պատճառով զորամասում նա չի կարողանում իրականացնել զինվորական շարային կամ ոչ շարային ծառայությունը:  Անհասկանալի է նաև, թե զինվորի առողջական վիճակի քանի հետազոտում է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ստացվի վերջնական եզրակացություն: Նման վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ կարելի է գնահատել հոգատար, բայց բժշկական  զննության տևողությունը, բժշկական եզրակացության չտրամադրելը հիմք են տալիս եզրահանգելու, որ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը չի համարձակվում միանշանակ եզրակացություն տալ և Գ. Հակոբյանին ճանաչել ոչ պիտանի ծառայության համար, որի բոլոր հիմքերն առկա են:
 
Նման վերաբերմունքը բյուրոկրատական բնույթ է ձեռք բերում և ամենևին չի նպաստում զինված ուժերի նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը:
 
Սույնով, վերստին դիմում եմ Ձեզ' աջակցելու Գ. Հակոբյանի զինվորական ծառայության խնդրին վերջնական լուծում տալու և համապատասխան բժշկական եզրակացությունները քաղաքացուն տրամադրելու հարցում: