ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Էկոլոգիան մարդկանց ագահության զոհ
Հանուն կայուն զարգացման» կազմակերպության ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր կազմակերպած կլոր-սեղան քննարկմանն ընդհանրացնելով իրենց արած էկոլոգիական հետազոտություններն ասաց, որ Երևանում ընթացող քաղաքաշինությունը հակաէկոլոգիական է։
Նրա խոսքով եթե նախկինում անտառները կտրվում էին էկոլոգիական ճգնաժամի պատճառով, հիմա կտրվում են սեփական բիզնեսին զարկ տալու համար և «էկոլոգիական վիճակը զոհ է գնում մարդկանց ագահությանը»։
Կարինե Դանիելյանն ասում է, որ մայրաքաղաքի կենտրոնում շինարարության մեծ ծավալն ու գազոնների, ծառերի վերացումը, նոր ավտոճանապարհների կառուցումն ու փողոցների գերծանրաբեռնվածությունը վտանգվում է քաղաքի սեյսմիկությունը, սրան գումարած նաև Երևանին հատուկ երկու տիպի սմոգերի( թունամշուշների)առկայությունը։
«Էկոլոգիական այս և նմանատիպ խնդիրների մասին 3 անգամ բարձրաձայնել եմ ԱԺ-ում, 2 անգամ կառավարությունում, մեկ անգամ էլ քաղաքապետարանում, առաջին տպավորությունը բոլորի մոտ այն էր, որ իբր ես քաղաքական պատվեր եմ կատարում՝ ներկայացնելով արևմուտքի տեսակետը, ինչպես ասում են՝«продажная девка мирового империализма», պատկերավոր ներկայացրեց Դանիելյանը,- Սակայն հետո սկսեցին հասկանալ խնդրի կարևորությունն ու սկսեցին բարձրաձայն խոսել այդ մասին»։
Բնապահպանի համոզմամբ՝ ՄԱԿ-ի կողմից սահմանած ռեֆորմները Հայաստանը հասցրին այն կարգավիճակին, որ վերջինս էոկոլոգիայի տեսանկյունից շոկային թերապիայի միջով անցնելով աշխատանքի բաժանման շուկայում հասավ ամենացածր նիշային՝մնալով որպես ընդերք օգտագործող և հումքի սպասարկող երկիր։
Նա անդրադարձավ նոր կառուցվող ստորգետնյա կայանատեղիներին, որոնք վտանգում են գրունտի ամրությունը, ինչպես նաև գետառին, որի վերևի մասը փակելով դեպի գետը տարվող ջրի բոլոր հոսքերը փակվեցին և ամեն անգամ տուժում են Հրազդան կիրճի վրա (էկոլոգիայի տեսանկյունից սխալ տեղում) կառուցված ռեստորանները վարարած գետի ջուրն ու անձրևաջրերը լցվում են նկուղները և վնասում շինությունների հիմքը։
Քննարկման մասնակից էկոլոգիական դաշինքի անդամ Մանե Հակոբյանն էլ անդրադարձ կատարեց Սևանի հիմնախնդրին՝ ասելով, որ հարկավոր է բարձրացնել լճի մակարդակը 20 մետրով և հասցնել նախկին մակարդակին՝ 1903,5 մետրի։ Ըստ նրա՝ միայն այս դեպքում լճում նորից ձկնատեսակները կշատանան, ճահճացման վտանգը կվերանա, և լիճը կկորցնի արհեստական ջրամբարի իր ներկայիս կարգավիճակը։
Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի կարծիքով անհնար է մաքրել մի ոլորտ, ուր քաղաքականությունն է ներխուժել,եթե ուզում ենք երկիր կառուցել, պետք է առաջին հերթին մաքրել էկոլոգիան քաղաքականությունից։
Սարդարապատ կազմակերպության անդամ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ էկոլոգիական խնդիրների լուծման օպտիմալ տարբերակ է սոցիալական հեղափոխությունը։
ԼՂՀ շարժման մասնակից Հրայր Ուլուբաբյանի խոսքով էլ պետք է նախ ներսից առողջանալ, քանի որ «ներսից ենք փչացած», իսկ հետո ոչ թե կարծիք արտահայտել, այլ միավորվել ու միասնական կարծիք թելադրել։
«Բնավատար» հասարակական նախաձեռնության ղեկավար Ապրես Զոհրաբյանն էլ առաջարկեց էկոլոգիական խնդիրները սկսել լուծել անձի մակարդակով։ Նրա խոսքով՝ եթե մայրաքաղաքի յուրաքանչյուր ընտանիք իր տան շենքին մոտ տնկի մագլցող կախովի բույսեր կամ մագլցող գազոններ աճեցնի, քաղաքը կսկսի մաքուր օդ շնչել։
Քրիստինե Վարդանյան
