ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը պարտավոր էր համաներում կիրառել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անձամբ է սկսել ուսումնասիրել 7 տարի ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցը։
Ըստ օմբուդսմենի, քանի որ համաներման հարցը միանշանակ չէ, օրենքը պետք է աշխատի ի օգուտ Նիկոլ Փաշինյանի՝ այսինքն նրա նկատմամաբ պետք է համաներում տարածվի։
«Օրենքի տառը պահանջում է, որ եթե բովանդակության նկատմամբ միանշանակ վերաբերմունք չկա և առկա են հակասություններ, ապա այդ հակասությունները պետք է մեկնաբանվեն ի օգուտ ոչ թե պետական ինստիտուտի, այլ քաղաքացու»,- լրագրողների հարցին ի պատասխան մեկնաբանել է Արմեն Հարությունյանը»
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH-ի) օրեր առաջ Հայաստան կատարած այցից հետո կազմակերպության նախագահ տիկին Սուեր Բելասենը արդարադատության նախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի գործով դատավճռին՝ սահմանված պատժաչափը որակելով խիստ։
Նա նաև բարձրացրել էր Փաշինյանի նկատմամաբ համաներման կիրառման անհրաժեշտության հարցը՝ հիշեցնելով, որ մինչև Նիկոլի հանձնվելը իշխանությունները խոստացել էին նրա նկատմամբ կիրառել համաներումը, սակայն խոստումը չպահեցին։ Տիկին Սուեր Բելասենի այս անդրադարձը տարակարծիք քննարկումների նյութ դարձավ։
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի FIDH-ի նախագահ Սուեր Բելասենի և Գևորգ Դանիելյանի անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպումից հետո նախարարի խոսքը մամուլում ճշգրիտ չի արտացոլվել։ «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կարող է համաներում կիրառվել, եւ որ հնարավոր է դեպքերի նոր զարգացում», նախարարի խոսքը փոխանցել էր տիկին Բելասենը։
Ըստ մամուլի քարտուղարի, նախարարը բառացիորեն ասել է հետեւյալը. «Համաներման կիրառում է համարվում ոչ միայն պատժից ազատելը, այլեւ նշանակված պատժի ժամկետը կրճատելը։ Վերջնական դատավճռի պարագայում պարզ կդառանա, թե կա՞ն արդյոք բավարար հիմքեր համաներում կիրառելու համար, եւ կոնկրետ ի՞նչ չափով պատիժը կարող է կրճատվել»։
Տիկին Բելասենի հնչեցրած խոսքն ու նախարարի պարզաբանումն, ըստ էության, նույն բովանդակությունն ու իմաստն ունեն, միայն թե պարզ չէ, թե ինչ նկատի ուներ պարոն Դանիելյանը «վերջնական դատավճիռ» ասելով։
Իրավաբանները, ում մենք դիմեցինք, անհեթեթություն որակեցին «վերջնական դատավճիռ» հասկացությունը. «ցանկացած ատյանի դատարանում հրապարակվող դատավճիռ վերջնական է համարվում», իսկ համաներումը պարտադիր պետք է կիրառել դատարանում, եթե այն կիրառման ենթակա է։ Տվյալ դեպքում նախարարի այդ խոսքն անուղղակիորեն նշանակում է ժամանակի շահում։
Անդրադառնալով Արդարադատության նախարարի խոսքին՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդեց, որ ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ առնվազն համաներում կիրառել՝ համաձայն համաներում հայտարարելու մասին ԱԺ 2008թ. որոշման։ Փաստաբանի խոսքով, այդ դեպքում Փաշինյանի պատժի ժամկետը պետք է կրճատվեր եւ վերջնական պատիժ սահմանվեր 3.5 տարի, ինչը դատավորը չի արել, իսկ դա նշանակում է, որ կայացված դատական ակտը օրինական չէ։
Քրիստինե Վարդանյան
