Ցմահ կալանավորը փախուստով արդարություն է փնտրում

«Մհերը, ձեռքերը շղթայված, պառկած էր անկողնում, սիստեմայի խողովակը քթին միացված, լուռ ու արցունքներն անընդհատ հոսում էին աչքերից, շատ հուսահատ վիճակում էր»,- պատմում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն, ով այցելել էր նրան վերջին ձերբակալությունից հետո:

Իշխանյանի խոսքով՝ նա բժիշկների կողմից անընդհատ հսկողության տակ է, որ ինքնասպանություն չանի: Մհերը Իշխանյանին միայն ասել է, որ ոչ մի բանի չի հավատում ու ուզում է մեռնել:

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը բանտից փախչում է 2-րդ անգամ: Առաջին անգամ Գորիսի բանտից` 2004թ դեկտեմբերի 9-ին, 2-րդ անգամ մոտ երկու ամիս առաջ 2009-ի դեկտեմբերին: Երկու անգամ էլ բռնվում է քաղաքի կենտրոնում:

Երկու անգամ էլ փախել է նույն խցում նստած իր ընկերոջ՝ Սողոմոն Քոչարյանի հետ: Սողոմոնին էլ բռնել էին Մուղնի գյուղում:

Նա հիվանդանոցում վիրահատվել է, քանի որ ձերբակալվելուց հետո հարցաքննության ժամանակ հանել է մոտը պահված դանակն ու ինքնասպանության փորձ արել, այն խրելով վիզը: Այդ մասին նա ասել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արման Դանիելյանին, որ հարցաքննության ժամանակ ինքն է իրեն հարվածել ու սուր գործիքն այնպես է պահել, որ չեն գտել:

Ինչն է ստիպել 34-ամյա Մհեր Ենոքյանին երկու անգամ ճեղքել պետական համակարգի բարձրացրած պատերը ու փախչել բանտից, իսկ վերջին անգամ բռնվելուց հետո ինքնասպանության փորձ անել:

Մհերը 14 տարի բանտում է, երբ կալանավորվել էր 19 տարեկան էր, բժշկականի ստոմոտոլոգիական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող:

Նա դատապարտվել է մահապատժի իր ընկերոջը սպանելու մեղադրանքով, իսկ 2003 թվականին մահապատիժը վերացնելուց հետո նրա պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման:

1996թ հուլիսի 12-ին ժամը 17-ին Մհեր Ենոքյանը ընկերոջ, հանգուցյալ Իոսիֆ Աղաջանովի հետ գնացել է մյուս ընկերոջ Արամ Հարությունյանի տուն, որտեղ Իոսիֆը սպանվել է Արամի դանակի հարվածից: Քրեական գործով էլ է երևում, որ Արամը դանակը խրել է Իոսիֆի վիզը(ըստ դատաբժշկական փորձաքննության Իոսիֆի մարմնի վրա  հայտնաբերվել է 18 վնասվածք, որոնցից 6-ը կյանքի համար անհամատեղելի են եղել):

Արամը եղել է Մհերի եղբոր դասընկերը, իսկ Իոսիֆը Մհերի համակուրսեցին: Արամն ու Իոսիֆն այդ օրը իրար առաջին անգամ են տեսել:

Ըստ Մհերի ցուցմունքի ինքը Իոսիֆի հետ գնացել է Արամենց տուն, որ հետո երեքով գան իրենց տուն: Այստեղ  Արամն ու Իոսիֆը վիճել են Բուհերի ու դասագրքերի հետ կապված, հայհոյել ու սկսել են խփել իրար: Մհերը սկսել է բաժանել: Արդյունքում Արամը կտրել է Իոսիֆի կոկորդը:

Դատավարության ժամանակ Արամ Հարությունյանը իրեն մեղավոր է ճանաչել և ստացել 15 տարվա ազատազրկում (մի տարի հետո կազատվի): Իսկ Մհեր Ենոքյանը մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել:  

Դատավճռով սպանությունը նախապես կազմակերպված է եղել և իբր Մհեր Ենոքյանը Իոսիֆի ոտքերը բռնել է և ասել է Արամին, որ նրա վիզը կտրի: Մհերի մեղքը հիմնված է Արամի ու Արամի հոր ցուցմունքների վրա (հայրը ներկա չի եղել սպանությանը): Ըստ փաստաբանի ճառի, Արամ Հարությունյանը հինգ ցուցմունք է տվել բոլորը իրար հակասող: Հինգերորդ ցուցմունքում դանակ հայտնվում է Մհեր ձեռքին:

Արամի տված ցուցմունքի հիման վրա դատավճռով Մհերը հարվածել է Իոսիֆի ողնաշարի և գլխի հատման կետին, հետո փորձել է խեղդել նրան: Սակայն դատաբժշկական փորձագետը դատարանում ասել է, որ մեջքի այդ հատվածում հարվածի հետք և Իոսիֆին խեղդելու հետքեր չկան:

Դատավճիռը 1996թ. նոյեմբերի 29-ին  կայացրել է դատավոր Զինավար Ղուկասյանը, ով իր դատավճիռը հիմնավորում է. «Մհերի մասնակցության աստիճանը, սպանության կազմակերպումը և բուն սպանության կատարման մեջ նրա ակտիվ դերը»:

Ըստ դատավճռի, նրանք սպանությունը կազմակերպել են, որ Իոսիֆի դիակի դիմաց նրա հորից 20 հազար դոլար պահանջեն:  

Մհերի հայրը 65-ամյա Դավիւթ Ենոքյանը ասում է, որ Մհերը շահադիտական նպատակով նման բան չէր կարող անել, քանի որ գումարի խնդիր չուներ, իրենք լավ էին ապրում, ստոմատոլոգիական կլինիկա ունեն, որը Մհերն էր ղեկավարելու բժշկականն երկու տարի անց ավարտելուց հետո:

Նաև չկա պատասխանը, որ եթե նրանք շահադիտական նպատակ են ունեցել, ապա ինչո՞ւ են Իոսիֆի սպանվելուց անմիջապես հետո հանձնվել:

Մհերի մայրը' 35 տարվա մանկաբույժ Վարդուհի Օհանյանը մինչև հիմա էլ հիշում է'ինչպես այդ օրը Մհերը զանգել ու ասել է, որ քննությունը 5 է ստացել ու համակուրսեցուն հյուր է բերելու'հայրիկի ատամնաբուժարանն ու սպորտկոմպլեքսը ցույց տալու, ասել է' մայրը  համեղ բան պատրաստի: Հետո էլ ասել է, թե բարձրանալու են յոթերորդ զանգված Արամենց տուն, նոր գան (Ենոքյանները ապրում են հինգերորդ զանգվածում):  Մհերի զանգի մասին  այս փաստը դատարանն անտեսել է:

Մհերը պատանի հասակում զբաղվել է ազատ ոճի ընբշամարտով, եղել է Երևանի չեմպիոն: Այդ սպորտաձևը դատավճռում դարձել է կարատե և  օգտագործվել  նրա դեմ՝ որպես սպանության դրդապատճառ (մինչև 1998թ-ը կարատեն արգելված սպորտաձև էր): Դատավճռում գրված է, թե նա Արամին կարատե է սովորեցրել ու ասել, որ պետք է դաժան լինել ու համարձակ: Գրված է նաև, որ երիտասարդները մաֆիոզ խմբերի գործունեության մասին տեսաֆիլմեր են դիտել, վերլուծել: Իբր Մհերը սպանությունից մեկ տարի առաջ նախօրոք մտածել է առևանգելով փրկագին պահանջելու մասին, արդյունավետ չի համարել մաֆիոզների այն գործողությունները, որ մարդ են առևանգում ու փրկագին պահանջում, ասել է, որ նման դեպքերում ավելի խելացի ու մտածված կգործեր ու փորձել է Արամին մղել դեպի այդ գաղափարները:

Մհերի հայրն ասում է, որ այդ ժամանակ նրանք չէին կարող ֆիլմեր դիտել, քանի որ երկուսն էլ տեսամագնիտոֆոն անգամ չեն ունեցել, իսկ տղան պարապում էր բժշկական համալսարան ընդունվելու համար և Արամի հետ շատ քիչ էր հանդիպում:

Մհերի փաստաբան Մաթևոսյանը՝ մեղադրական եզրակացությունը համեմատել է գրական ստեղծագործության հետ, որտեղ չկան իրավաբանորեն հիմնավորված փաստարկներ:

Սպանության վկան կարող էր լինել Արամի քույրը որ այդ ժամանակ տանն է եղել, սակայն նա չի ներկայացել դատարան՝  հիվանդ լինելու պատճառաբանությամբ:

Մհերի մայրը պատմում է, որ Արամի ծնողներն իրենց խնդրել են, որ դստերը չկանչեն դատարան:

«Խնդրեցին չխառնեք այս գործին, ջահել է, ընտանիք կազմելու խնդիր կունենա,-պատմում է Վարդուհի Օհանյանը,-Մենք էլ որպես մարդ համաձայնվեցինք: Ինչ մտածեինք այդ պահին, որ միգուցե նրա ներկայությունն օգներ տղայիս»:

45 տարվա բժիշկ Դավիթ Ենոքյանը տղայի գործը վերանայելու համար բոլոր դատախազների հետ հանդիպել է, մերժում ստանալուց հետո  աստիճանների վրա երկու անգամ ինֆարկտ է ստացել: Միայն հանգուցյալ Դատախազ Հենրիկ Խաչատրյանն է խոստացել զբաղվել Մհերի գործով. «Խաչատրյանը հեռուստատեսությամ ասաց, որ կան մահապատիժենր որոնք պետք է վերանայել, ու որպես օրինակ բերեց տղայիս գործը»: Սակայն չհասցրեց բացել (Հենրիկ Խաչատրյանին սպանեցին 1998թ. oգոստասին իր աշխատասենյակում):

Ասում է, որ փորձել է մեկ ամիս նույնիսկ ինքնուրույն հետաքննություն վարել, որի ընթացքում սպառնացել են ընտանիքի անդամներին:

«Մի անգամ կլինիկա գալուց դռան վրա գրություն տեսա,- պատմում է նա,- գրել էին շատ ես քիթդ կոխում ոչ քո գործերի մեջ, չես վախենու՞մ, որ կինդ լվացք փռելուց 8-րդ հարկից կընկնի»:

Ենոքյանը վախեցել է սպառնալիքներից ու դադարեցրել աշխատանքը: Տղայի համար փաստաբան վարձելու ու բանտում պերեդաչի տանելու համար վաճառել են նախկին տունը:

Գորիսից Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Մհերը պահանջել էր, որ իր սենյակակիցը ծխող չլինի: Ինքը ոչ խմում է, ոչ ծխում, որ հազվագյուտ երևույթ է երկարաժամկետ պատիժ ստացած կալանավորների մեջ: Մայրը պատմում է, որ նրա վարքի վրա նույնիսկ զարմանում են բանտի աշխատակիցները. «նույնիսկ հացից հրաժարվելիս ասում էր հանկարծ չթափեք, տարեք թող աղբամանների մոտ ման եկող մուրացկաններն ուտեն»: Բանտում Մհերը 700 էջանոց վեպ է գրել «Ձեր աշխարհը» վերնագրով: Գիրքը ռուսերեն լեզվով է: Փախուստից հետո ձերբակալելիս անվտնագության աշխատակիցները Մհերի եղբոր համակարգչից վերցրել են նաև այդ գիրքը:

Քրիստինե Վարդանյան

«Անկախ» շաբաթաթերթ

Հ.Գ. Ըստ դատախազության տվյալների՝ Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը փախուստը պլանոավորել էին 2009թ. Ամռանը։ Նախօրոք ուսումնասիրել էին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատաոճը և համոզվել, որ վերջիններս պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկում՝ խցերից դուրս բերվելուց դատապարտյալներն անձնական խուզարկության չեն ենթարկում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքներին հսկողություն չի իրականացվում:

Նրանք «Նուբարաշեն» ՔԿՀ տնտմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապես ձեռք էին բերել և խցում թաքցրել սղոցի կտորնր ու 3-4 ամիս կտրել  ՔԿՀ-ի թիվ 1 զբոսախցիկի տանիքի մետաղյա ճաղավանդակը:

Ունենալով բավարար քանակության և տեսակի թելեր ու մնալով առանց հսկողության'9,5 և 2 մետր երկարության պարաններ էին հյուսել, որոնց օգնությամբ էլ անցել են զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված հատվածի միջով, ապա թռել արտաքին քողարկող պատի վրայով և դիմել փախուստի:Նախաքննությամբ պարզվել և հաստատվել է, որ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը հոկտեմբերին ՔԿՀ-ի պետի կողմից տեղեկացված է եղել նախապատրաստվող փախուստի մասին, բայց դատապարտյալներին առավել ուժեղ հսկողության տակ չի վերցրել։