ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխարհում սպանվել է 139 լրագրող

Լրագրողների միջագային դաշնության (IFJ) հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ 2009 թ-ին մասնագիտական գործունեություն իրականացնելիս աշխարհում սպանվել է 139 լրագրող: Ըստ կազմակերպությունը 2009 թվականը լրագրողների համար վատթարագույն տարին է։
Լրագրողների միջազգային դաշնությունը լրագրողական համայնքը ներկայացնող աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է. դաշնությանն անդամակցում է 600 հազար լրագրող աշխարհի 125 երկրներից: Կազմակերպությունը հիմնադրվել է 1926 թվականին, կենտրոնական գրասենյակը Բրյուսելում է։
Լրագրողների միջազգային դաշնության ղեկավար Էյդան Ուայթի խոսքով՝զեկույցը ավելին է, քան լրատվամիջոցների ներկայացուցիչների մահվան դեպքերի արձանագրումը․«Առավել կարեւոր է, որ զեկույցը ներկայացնում է այն վտանգները, որոնք շարունակում են սպառնալ մեր գործընկերների կյանքին աշխարհի 4 անկյուններում»:
IFJ-ի զեկույցում ասվում է, որ 113 սպանությունները մտադրված են եղել, իսկ դրանց հետևում կանգնածները մեկ նպատակ են հետապնդել՝ թաքցնել իրենց կեղտոտ գաղտնիքները հասարակության ուշադրությունից։
«Դեկտեմբերի 30-ին կանադացի լրագրող Միշել Լանգի մահը Աֆղանստանում և ֆոտոլրագրող Ջեփոն Քադագդագոնի՝ Ֆիլիպիններում սպանված լինելու տեղեկատվության հաստատումը 2009 թվականին սպանված լրագրողների թիվը հասցրեցին 139-ի»,- գրված է զեկույցում:
«Սև» ցուցակում առաջատարն Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, ուր գրանցվել է մահվան 52 դեպք։ Նրան հաջորդում է Ամերիկան՝ 30 դեպքով, որից 13-ը՝ Մեքսիկայում:
Զեկույցում առանձնացված են տարբեր պատահարների արդյունքում սպանված 25 լրագրողներ, որոնց շարքում ընդգրկված են 4 լրագրողներ Վրաստանից, մեկը՝ Թուրքիայից, 4-ը՝ Ռուսաստանից:
Դեռևս 2009 թ-ի դեկտեմբերին Լրագրողների պաշտպանության կոմիտեն(CPJ) հրապարակել էր ամփոփիչ զեկույց, որն արձանագրում էր մեկ տարվա ընթացքում աշխարհում առնվազն 68 լրագրողի սպանության դեպք։
11 լրագրող զոհվել էր ռազմական գործողությունների կենտրոնում գտնվելիս, 7-ը՝ վտանգավոր իրադարձություններ լուսաբանելիս, ինչպիսին են ոստիկանական հարձակումները կամ բողոքի ցույցերը, սակայն դեպքերի երեք քառորդը հաշվեհարդար է լրագրողների հետ' նրանց կատարած աշխատանքի համար:
Կոմիտեի հաշվարկներով՝ ամեն ամիս սպանվում է 3 լրագրող, որոնց հիմնական մասը տեղի լրագրողներ են և լուսաբանել են տեղական իրադարձություններ: Սպանված լրագրողների մեծ մասը' առնվազն 70 տոկոսը մարդասպանների թիրախ են դառնում իրենց հնչեցրած քննադատության համար։
Լրագրողներից 4-ը սպանվել են Իրաքում, 9-ը՝ Սոմալիում, 4-ը՝ Պակիստանում, 3-ը՝ Ռուսաստանում, 2-ական՝ Մեքսիկայում և Շրի Լանկայում: 2 լրագրող էլ զոհվել է մասնագիտական գործունեության համար անազատության մեջ գտնվելիս անուշադրության մատնվելու հետևանքով, նրանցից մեկը՝ Ադրբեջանում, մյուսը՝ Իրանում:
Կոմիտեն նաևարձանագրել է,ր որ սպանված լրագրողների կեսից ավելին՝ 56 տոկոսը տպագիր մամուլի ներկայացուցիչներ են:
Հայաստանում 2009թվականը նույնպես աչքի ընկավ լրագրողների նկատմամբ բռնության կիրառմամբ։ 2009թ-ի հունվարի 9-ին «Առավոտ» և «Չորորդ իշխանություն» պարբերականների ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին քաշքշել էին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն Համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչները, պատռվել էր Շամշյանի բաճկոնն ու պոկվել ժամացույցի շղթան:
Ապրիլի 30-ին Նալբանդյան փողոցում' իր տան մոտ երեք անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Armenia today»/ Armtoday.info/ լրատվական գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանը: Հնչել է նաև երեք կրակոց ատրճանակից, Կիվիրյանը, սակայն, հրազենային վնասվածք չի ստացել: Կիվիրյանի հետ կատարվածը կապված էր կամ նրա կամ էլ կնոջ' փաստաբան Լուսինե Սահակյանի մասնագիտական գործունեության հետ:
Մայիսի 6-ին' կեսգիշերին, իր տան մոտ 2 անհայտ անձինք ծեծել էին Շանթ հեռուստաընկերության հաղորդավար-մեկնաբան Նվեր Մնացականյանին, ապա դիմել փախուստի:
Մայիսի 31-ին' Երևանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել էին լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր. Թիվ 9/1 ընտրատեղամասում պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահները հայհոյել ու հարվածել էին «Հայք» թերթի լրագրող Տաթև Մեսրոպյանին, «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին, «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանին: Թիվ 8/05 ընտրատեղամասում բռնություն էր կիրառվել նաև «168 ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի և «tert.am» էլեկտրոնային պարբերականի լրագրող Լիլիթ Թադևոսյանի նկատմամբ:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ն մատնանշել է նաև լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետևյալ դեպքերը' «Հայկական ժամանակ» թերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանին շրջապատել էին մի խումբ սափրագլուխներ, խլել ֆոտոխցիկը, նրան սպառնացել: «Առավոտ»-ի թղթակից Նելլի Գրիգորյանի վրա հարձակում էին գործել, խլել ֆոտոխցիկը և այն վերադարձրել առանց չիպի:
2009թ-ին Հայաստանում լրագրողների սպանության դեպքեր չեն գրանցվել։
