Բողոքի քննությունը ուշադրության կենտրոնում

Այսօր Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոնը ներկայացրել է թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրությունների հետընտրական զարգացումների վերաբերյալ միջանկյալ զեկույցը, որն ընդգրկում է հունվարի 10-ից 28-ը ընկած ժամանակահատվածը: Դիտորդների գնահատականը բացասական է:

Ընտրությունների անցկացման վերաբերյալ դիտորդնրեը հայտարարել են. «Քվեարկությունը ուղեկցվել է ոչ միայն Ընտրական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով, այլեւ' անթաքույց հանցավոր ոտնձգություններով քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման դեմ»:

Կազմակերպության 48 դիտորդներ հետևել են Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններին, և դիտորդական առաքելությունը շարունակում են նաև հետընտրական շրջանում։ Այս փուլում կազմակերպության ուշադրության կենտրոնում հետընտրական բողոքների քննության ընթացքն է։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին տասներորդ ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ մեծամասնական լրացուցիչ ընտրություններում հաղթեց «Ազգային Միաբանություն» կուսակցությունը ներկայացնող Արա Սիմոնյանը։

Նրա մրցակից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների արդյունքները վիճարկում է Սահմանադրական դատարանում՝ պահանջելով անվավեր ճանաչել դրանց արդյունքները։ Հայցի քննությունը Սահմանադրական դատարանում նախատեսվում է մարտի 5-ին։

Նաև այս հարցին անդրադարձ կա Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում։ դիտորդների կարծիքով Սահմանադրական դատարանը դիմումի քննությունը նախատեսել է օրենքով սահմանվածից ավելի ուշ։

«ՍԴ-ն պետք է քննությունը նշանակեր մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ քննությունը նշանակել է մարտի 5-ին՝ դիմումի ներկայացման 43-րդ օրը», ասաց առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը։ Նրան հիմնավոր չի թվում մեկնաբանությունը, թե հետաձգման պատճառը Սահմանադրական դատարանի ծանրաբեռնվածությունն է։

«Ընտրական գործերով ծանրաբեռնվածություն Սահմանադրական դատարանն ընդհանրապես չունի, քանի որ սա ընտրական գործերով դատարան ներկայացված միակ դիմումն է»։

Դիմումի քննությունն ուշացնելու վարկածներից մեկն այն է, որ եթե Փաշինյանի քրեական գործով դատավճիռը մինչև մարտի 5-ը օրինական ուժի մեջ մտնի, ապա Սահմանադրական դատարանի որոշումն այլևս անիմաստ կլինի։

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման դատապարտեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ Պաշտպաններն արդեն հայտնել են, որ բողոքարկելու են վճիռը։

Ինչպես տեղեկացանք Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանից, բողոքը Վերաքննիչ դատարան դեռ չի ներկայացրել։

Սակայն Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը մատնանշում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածը, որը նշում է, որ ընտրությունների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի մուտքագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։ Հոդվածի հաջորդ կեսը, սակայն, դատարանին հնարավորություն է տալիս ծանրաբեռնվածության դեպքում ՍԴ որոշմամբ, քննության ժամկետը երկարաձգել մինչև 50 օր։

Իսկ որ Սահմանադրական դատարանը ծանրաբեռնված է աշխատում, Հովհաննես Պապիկյանը թվերով փաստեց։ «2009թ. մուտքագրվել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների 354 դիմում, ֆիզիկական անձինք դիմել են 283 անգամ։ ՍԴ աշխատակարգային նիստում որոշում է կայացվել, որ քննության ամենահարմար պահը մարտի 5-ն է»։

Այդուհանդերձ, դիտորդական առաքելությունը Սահմանադրական դատարանին առաջարկում է մարտի 5-ին նշանակված քննությունը տեղափոխել օրենքով սահմանված ժամկետներ՝ նաև հաշվի առնելով դիմողի անազատության մեջ լինելու համնգամանքը և դրանով պայմանավորված սահմանափակումները, լիարժեք օգտագործել «գործի հանգամանքները ի պաշտոնե պարզելու» իր իրավունքը։

Լուսինե Վասիլյան