ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ-ն կոչ է անում
Օրեր առաջ Շիրակի մարզպետի որոշմամբ դադարեցվել է Գյումրիի բնապահպանական «Օրհուս» կենտրոնի աշխատանքը:
Բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ապահովող հասարակական Օրհուս կենտրոնը Շիրակի մարզում սկսել է գործել 2007թ.-ից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ բնապահպանության նախարարության և Շիրակի մարզպետարանի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Լիդա Նանյանի համար կենտրոնի գործունեության դադարեցման հիմք է դարձել կենտրոնի համադասողի պայմանագրի ժամկետի ավարտը։ Մինչդեռ անցյալ տարի ևս Օրհուս կենտրոնի համադասողը առանց պայմանագրի աշխատել է մոտ երկու ամիս, և նման խնդիր չի առաջացել։ Նշենք, որ Հայաստանում գործում է Օրհուսի 14 կենտրոն, որոնցից Ներկայումս դադարեցված է միայն Գյումրիի Օրհուս կենտրոնի գործունեությունը:
Դեպքի առթիվ հայտարարություն է տարածել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, որտեղ կոչ է արվում «շուտափույթ վերականգնել Օրհուս կենտրոնի աշխատանքը»։ Գրասենյակը միաժամանակ բանակցում է ՀՀ տարածքային կառավարման և բնապահպանության նախարարությունների հետ:
«2001 թ.-ից ԵԱՀԿ երևանյան գրասենյակը զբաղվում է Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանմամբ։ Այն է' բնակչության համար բնապահպանական տեղեկատվության և արդարադատության մատչելիությունը և հանրության մասնակցությունը բնապահպանական հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին:
Տեղական իշխանությունները շարունակում են դիմել Գրասենյակին' նմանատիպ նոր գրասենյակներ հիմնելու խնդրանքով: Գյումրու Օրհուսի կենտրոնը ամենաակտիվ կենտրոններից է և երեք տարվա գործունեության ընթացքում հետևողական ու խանդավառ կերպով աշխատել է Շիրակի մարզի բնակչության բնապահապանական իրազեկումն ու իրավակիրառումը բարձրացնելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Այս պահին համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Գյումրու կենտրոնի աշխատակիցները կարողանան կազմակերպել միջոցառումներ կենտրոնի տարածքում մինչև տեխնիկական հարցերի վերջնական լուծումը:
