Մուրադ Բոջոլյանի գործի շուրջ

 

Ութ տարի առաջ' 2002թ. հունվարի 26-ին ձերբակալվեց արեւելագետ, լրագրող, ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Մուրադ Բոջոլյանը: Հայաստանյան դատարանների կայացրած վճիռներով Մուրադ Բոջոլյանը 2003թ. դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ հայրենիքի դավաճանության' Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով:

Ինքը՝ Բոջոլյանը համոզված է, որ դատապարտվել է լրագրողական գործունեության արդյունքում և տեղեկությունները, որ իբրև թե ինքը փոխանցել է թուրքական հատուկ ծառայություններին պետական կամ ռազմական գաղտնիք չէր կարող հանդիսանալ, քանի որ այդ տեղեկությունները ինքը որպես լրագրող վերցրել էր հանրային աղբյուրներից։  

Մինչդեռ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործում ընդգրկված թուրք լրագրողներին, որոնց հետ համագործակցել է Բոջոլյանը, նախաքննական մարմինը ներկայացրել է իբրեւ լրտեսներ եւ այս կերպ փորձել հիմնավորել նրա լրտեսությունը:

Չընդունելով իր դեմ առաջադրված մեղադրանքը՝ նա նույն թվականին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Նա հանդիսանում է մի շարք թուրքական լրատվամիջոցների թղթակից և կատարել է իր որպես լրագրողի պարտականությունները, իսկ եթե իրոք ճիշտ է կառավարության պնդումը, որ իրոք փոխանցել է պետական կամ ռազմական գաղտնիք, ապա պետք էր հստակ ցույց տալ։ Այնքան էլ հստակ չէ, թե կոնկրետ ինչ տեղեկություններ, ում և ինչպես է փոխանցել։ Այս հարցն անորոշ է մնում։ Սա է իր հայցապահանջի առարկան։», պարզաբանում է ԵԴ-ում Բոջոլյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը։ Նրա համոզմամբ ԵԴ-ն պետք է քններ գործը և պարզեր, թե արդյոք խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ այս դեպքում ազատ արտահայտվելու իրավունքը։

Շուրջ 8 տարի անազատության մեջ գտնվող Մուրադ Բոջոլյանը բանտից փոխանցել էր, որ երկար տարիների սպասումներին միշտ հավատացել է, որ արդարությունը անպայման հաղթելու է և համոզմունք էր հայտնել, որ արդարադատություն մի օր կլինի նաև Հայաստանում և այլևս դրսի հետ հույսեր չեն կապի։

Բոջոլյանի ընտանիքը նույնպես մեծ հույսեր էր կապում Եվրադատարանի հետ, սակայն անցած տարվա նոյեմբերի 3-ին Եվրադատարանը մերժեց Բոջոլյանի հայցը:

«8 տարվա ընթացքում մենք համոզվեցինք, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի և մեր հույսը մնում էր միայն եվրադատարանի վրա։ Ես միայն արդարացում էի սպասում», մեզ հետ զրույցում նշեց Մուրադ Բոջոլյանի կինը։

 «Եվրոպական դատարանը մեղքի մասին հարցը չի լուծում, ուստի մենք նման ձեւակերպումով չէինք դիմել դատարանին, որ անմեղ ճանաչի Մուրադ Բոջոլյանին։ Մենք դիմել էինք' հայտարարելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որովհետեւ նրա իրավունքներին եղել է ոչ օրինական և անհամաչափ միջամտություն։ Սա է եղել մեր ձեւակերպումը: Եվրոպական դատարանը իր կայացրած որոշումով մերժել է մեր բողոքի ընդունելության հարցը։ Քվեարկությունը միաձայն չի անցել, այլ ձայների մեծամասնության արդյունքում», - ԵԴ որոշումից հետո մեզ հետ զրույցում պարզաբանել էր Արայիկ Ղազարյանը:

Փաստաբանն ասում է, որ Եվրադատարանի վճռի բողոքարկման հնարավորություն չկա, քանի որ «սա ընդունելության մասին որոշում է, ճիշտ է, ընդունելության մասին որոշումը գործի էության հետ է լուծել, բայց ընթացակարգը թույլ չի տալիս բողոքարկել: Եթե սա լիներ վճիռ' այդ դեպքում հնարավոր կլիներ բողոքարկել Մեծ պալատ»:

Դատարանը գտել է, որ տեղեկությունը, որ Մուրադ Բոջոլյանը փոխանցել է թուրքական MIT-ին (գաղտնի ծառայությանը), պետական գաղտնիք չէր, բայց փոխանցել է գործի փաստերով այլ տեղեկություններ։

«Այսինքն' նույնիսկ եթե այդ տեղեկությունը պետական գաղտնիք չէ, դրա արդեն իսկ փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայություններին հիմք է, որպեսզի պետական մարմինները միջամտեն եւ դատապարտեն անձին», մեկնաբանում է փաստաբանը։

Հանգամանքը, որ Բոջոլյանը լրագրող էր այս դեպքում նվազ նշանակություն է ունեցել, որովհետև նա չի դատապարտվել որպես լրագրող իր պարտականությունները կատարելու, այլ՝ բացառապես այդ տեղեկությունը օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնելու համար։

Եթե ազգային դատավճիռներում նշվեր Մուրադ Բոջոլյանը տեղեկատվություն է տրամադրել թուրք լրագրողներին եւ ոչ թե հատուկ կառույցներին, ապա ըստ Ղազարյանի որոշումն այլ կլիներ։

«Եվրադատարանի կարգավիճակը նրան թույլ չի տալիս ինքնուրույն ապացույցներ գտնել եւ ներկայացնել: Նա ուսումնասիրում է իրեն ներկայացված ապացույցները»:

Մուրադ Բոջոլյանը անազատության մեջ է 2002 թվականի հունվարից: Բոջոլյանի կինը՝ Լյուդմիլա Բոջոլյանն ասում է, որ շարունակելու են պայքարել արդարության հասնելու համար։

Բոջոլյանը անկախ Հայաստանի առաջին քաղաքացին է, ով դատապարտվել է Հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Բոջոլյանը հավաքագրվել է թուրքական հետախուզության կողմից եւ գաղտնի տեղեկատվությունը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ռազմական տեղեկությունները գումարային փոխհատուցման դիմաց հանձնել է թուրքական կողմին:

«Մուրադ Բոջոլյանին 10 ազատազրկման դատապարտեցին առանց որեւէ ապացույցի: Այդ վճռով դատապարտվեց ոչ միայն Մուրադ Բոջոլյանը, այլեւ նրա ընտանիքի բոլոր անդամները: Հայրենիքի դավաճանի պիտակը' նաեւ մեր վրա դաջվեց, որն արդեն 8 տարի շարունակ ուղեկցում է մեզ»,- մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Բոջոլյանի կինը:

Նշենք, որ 1 տարի 4 ամիս հետո լրանում է Մուրադ Բոջոլյանի ազատազրկման ժամկետը։ Ընտանիքի վկայությամբ բազմաթիվ անգամ անհիմն մերժվել են վաղաժամկետ ազատ արձակելու նրա դիմումները։

Ժաննա Ալեքսանյան