ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երեքշաբթի օրը հրապարակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը։ Դատարանը անմեղ ճանաչեց Փաշինյանին Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով(ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը), փոխարենը, նրան մեղավոր ճանաչեց և 7 տարվա ազատազրկման դատապարտեց 225 հոդվածի 1-ին մասով(զանգվածային անկարգությունների կազմակերպում)։ Դատարանն ավելի մեծ պատժաչափ սահմանեց, քան պահանջել էր մեղադրող կողմը։
Մեղադրող Կորյուն Փիլոյանը դատարանին միջնորդել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման' 2 տարի' ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 6 տարի' զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի համար հրապարակված վճիռը անսպասելի էր:
«Գործնականում դատարանները գոնե մի տարի պահանջված պատժաչափից ավելի ցածր են տալիս, այս պարագայում հակառակն էր, փաստորեն», - նշեց փաստաբանը,- «Արդար դատավճիռ, իհարկե, չէինք ակնկալում դատարանից, քանի որ հայաստանյան դատարանները վաղուց արդարադատություն չեն իրականացնում»:
Լուսինե Սահակյանի գնահատմամբ' ձեւականություն էր Փաշինյանին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով արդարացնելը.
«Սա ձեւականություն է, որպեսզի դատարանը փորձեր ցույց տալ, որ իբրեւ թե ինքը որոշ դեպքերում կարողանում է արդարադատություն իրականացնել:»:
Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ դատարանը պատժեց Նիկոլ Փաշինյանին քաղաքական գործունեության համար:
Լուսինե Սահակյանը հաստատեց, որ իրենք անպայման կդիմեն վերադաս ատյաններ, սակայն որևէ ակնկալիք չունեն նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններից:
«Փաստորեն էլի միակ ճանապարհը մնում է եվրոպական դատարանը: Հայաստանում, փաստորեն, մենք չենք կարողանում հասնել նրան, որ արդարադատություն իրականացվի և մենք ստիպված չլինենք դիմել միջազգային ատյաններին»,- ասաց փաստաբանը:
Մեղադրող դատախազ Կորյուն Փիլոյանը չէր ներկայացել դատարան' վատաոռջության պատճառով: Դատարանի առջեւ հավաքված հարյուրավոր քաղաքացիներ մեղադրում են իշխանություններին իրենց վանկարկումներով: Հավաքվածների մեջ կային մարդիկ, ովքեր այսուհանդերձ, հույս ունեին, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այնուամենայնիվ կարդարացնի «Հայկական Ժամանակի» խմբագրին:
Դատարանում էին նաև ընդդիմության առաջնորդներից ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
«Հստակ պատվեր կատարվեց:Ամեն գնով ուզում են Փաշինյանին պահել անազատության մեջ: Սա խայտառակ դատավարությունների շղթայի մեկ օղակն էր, իսկ մարտի մեկի իրական մեղավորները դեռ ազատության մեջ են»,-ասաց նա:
Դատավճռի հրապարակումից հետո Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը դատարանին «Լինչի դատարան» արտահայտությամբ որակեց, իսկ դատավճիռը՝ քաղաքական պատվերի արդյունք։
«Մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներից շատերի համար դատարանն այնպիսի դատավճիռներ էր սահմանում, որ հնարավորություն էր ստեղծվում դատապարտյալներին համաներման միջոցով ազատ արձակել, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ազատազրկեցին 7 տարով:
Ժաննա Ալեքսանյան
