ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փաստաբանների դեմ հարուցված գործերը կկարճվեն

Հունվարի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր: Այս որոշման համաձայն այլևս դադարեցվելու է քրեական հետապնդումը փաստաբանների նկատմամբ, որոնք մեղադրվում էին հիշյալ հոդվածով' «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու» մեջ:
Անցած նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես մարտիմեկյան դատավարություններից հետո այս հոդվածն առանձնահատուկ կարևորություն ստացավ ու սկսեց «պատժել» հատկապես փաստաբաններին:
Անցած հունիսին ՍԴ ներկայացրած դիմումի մեջ Արմեն Հարությունյանը նշել էր, թե Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի «անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման ու կիրառման համար», եւ վիճարկվող այդ նորմի կիրառմամբ՝ մի շարք փաստաբանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:
Պաշտպանի դիմումի հիմքում ոչ թե քրեական պատասխանատվություն սահմանել-չսահմանելու, այլ այդ պատասխանտվությունը դատավարության կողմերից յուրաքանչյուրի վրա հավասարապես տարածելու հանգամանքն է եղել: Խնդիրն այն է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում պատասխանատվության ենթակա են պաշտպանության կողմը , վկաներն ու տուժողները, բայց ոչ մեղադրողը: Արմեն Հարությունյանն իր դիմումով Սահմանադրական դատարանից պահանջել էր վերացնել այդ անհավասարությունը: ՍԴ դիմելու խնդրանքով Պաշտպանին դիմել էր նաև ՀՀ Փաստաբանների պալատը:
Հիշեցնենք, փաստաբաններ Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյնանն ու Դիանա Գրիգորյանը «Պիցա դի Ռոմայի» գործով ընթացող դատավարության ընթացքում, որպես նախագահող դատավորի ոչ օրինական գործողությունների դեմ բողոքի արտահայտություն, լքել էին նիստերի դահլիճը, ինչը դատարանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք էր դիտվել ու քրեական հետապնդման առիթ դարձել: Նմանօրինակ պահվածք էր դրսևորել նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ով ընդվզել էր ընդդիմության ակտիվիստներից Վարդգես Գասպարիի դատաքննության ժամանակ դատավորի ակնհայտ անօրինական գործողությունների դեմ։
Այս հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձինք պատժվում են նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով կամ կալանքով' մեկ ամիս առավելագույնը ժամկետով:
Մինչև 2006 թվականը դատարանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը վարչական իրավախատում էր համարվում ու պատժվում էր տուգանքով: 2006 թվականից «անհարգալից վերաբերմունքի» նկատմամբ վերաբերմունքը լրջացավ ու քրեականացվեց:
Փաստաբանների նկատմամբ հարուցված գործը գտնվում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում: Դատական նիստեր այս գործով թեև նշանակվել, բայց դրանք տարբեր պատճառներով շարունակ հետաձգվել էին և գործը դատական քննության փուլ դեռ չի մտել: Պաշտպանների' դատավորին հայտնած ինքնաբացարկի մի քանի միջնորդություններից հետո, դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դրանցից վերջինը և ինքնաբացարկ հայտնել:
«Իր այդ քայլով դատավորն առանձնացավ: Նա չցանկացավ այս գործով դատավարություն իրականացնել ու դատավճիռ կայացնել: Բոլորս էլ պատկերացնում ենք, մանավանդ մեզ համար դա պարզ է, որ եթե գործը շարունակվի, ապա արդարացման դատավճռի մասին խոսք լինել չէր կարող ու մնում էր միայն մեղադրական դատավճիռ ակնկալել»: Արամազդ Կիվիրյանի գնահատմամբ' դատավոր Մխիթար Պապոյանը փորձեց գոնե իր ձեռքով չկայացնել մեղադրական դատավճիռը:
Մեղադրվող փաստաբանների համար ՍԴ որոշումը անակնկալ է եղել.
«Մենք հույս ունեինք, որ օրենքի այս նորմը հակասահմանադրական կճանաչվի, սակայն նաեւ կասկածներ ունեինք, որ ինչ-ինչ ներգործություններ կլինեն ՍԴ-ի վրա, քանի որ փաստաբանների վրա ճնշում գործադրելու այս միտումը հենց այնպես չէր, սակայն Սահմանադրական դատարանն իր մեջ ուժ գտավ։ Փաստաբանների դեմ քրեական գործ հարուցելն ու մեղադրյալի աթոռին նստեցնելը փաստաբանի դերի նվաստացմանն ուղղված քայլ է, հարված փաստաբանության ինստիտուտին եւ փաստաբանի մասնագիտությանը», ՍԴ որոշումից հետո ասում էին փաստաբանները։
Չորս փաստաբանների դեմ հարուցված քրեական գործերը դատարաններն արդեն ստիպված կլինեն կարճել։ Նշենք նաև, որ ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է
ՍԴ որոշումից հետո ՄԻ պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի մասին:
Ժաննա Ալեքսանյան
Լուսանկարը armenialiberty.org կայքից
