Հետվիրահատական շրջանը «Դատապարտյալների հիվանդանոցում»

ԱԺ նախկին պատգամավոր, մարտիմեկյան իրսադարձությունների հետևանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին դեկտեմբերի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Սասուն Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոնի մասնագետների համապատասխան եզրակացությունների հիման վրա։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան գրավոր եզրակացություններ են ներկայացրել քիթ-կոկորդային հիվանդությունների բժիշկը, սրտաբանը, նյարդաբանը եւ հոգեբույժը։

Միքայելյանի բուժող բժիշկ, Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ հիվանդի ակտիվ վիրահատական շրջանն ավարտված է, հետվիրահատական շրջանում նրան պարբերաբար կբերեն Արմենիա բժշկական կենտրոն' պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Միքայելյանը 24 օր է անցկացրել «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Դատապարտյալների հիվանդանոցից նա այստեղ էր տեղափոխվել շնչառական ուղիների խնդիրների պատճառով։ Դեկտեմբերի 16-ին իրականացվեց շնչուղիների շրջանում միանգամից մի քանի վիրահատություն։ Ե՛վ վիրահատությունից առաջ, ե՛ւ հետո բժիշկն ահազանգում էր, որ հիվանդի սրտի վիճակն անհանգստացնող է, եւ ցանկալի է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքում։

Արդարադատության նախարարությունը առայժմ չի մեկնաբանել, արդյոք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կա՞ն համապատասխան պայմանները Սասուն Միքայելյանի բուժումը շարունակելու համար։

Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու փաստի առնչությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ դա որակելով վերին ատյաններից թելադրված քաղաքական որոշում։