Սասուն Միքայելյանը քաղաքացիական հիվանդանոցում

Դեկտեմբերի 4–ին, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն ։ Տեղափոխելիս նրան ուղեկցել են համազգեստով եւ քաղաքացիական հագուստներով մեկ տասնյակից ավելի անձինք` արգելելով որեւէ շփում նրա հետ։
«Իրենք են բերել, նախաձեռնությունը իրենցն է եղել», - իր տեղափոխվելու փաստը մեկնաբանել է Միքայելյանը՝ հավելելով, որ իր առողջական վիճակը լավ է։
Ըստ ԱՆ մամուլի խոսնակ Լանա Մշեցյանի Սասուն Միքայելյանը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ բժիշկների եզրակացության հիման վրա։ Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մինչ այս պահը նշում էր, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» կան անհրաժեշտ բոլոր պայմանները՝ Սասուն Միքայելյանին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Ըստ ԱՆ խոսնակի Սասուն Միքայելյանը տեղափոխվել է մի քանի օրով։ «Արմենիա» բժշկական կենտրոնում հետազոտություն անցնելուց հետո նա պետք է ենթարկվի ոչ բարդ վիրահատության։

Սասուն Միքայելյանի բուժող բժիշկ՝ Գլխի, պարանոցի եւ քիթ-կոկորդային օրգանների վիրաբուժության ամբիոնի վարիչ Ավետիք Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է հետևյալը.
«Սասուն Միքայելյանը ունի շնչառական ուղիների պրոբլեմ։ Կոնկրետ քթի խոռոչի հետ կապված դժվարաշնչություն, քթի հարակից խոռոչում բորբոքային պրոցես, անհայտ ծագման գլխացավեր եւ քնած ժամանակ շնչառության կանգ»։

Բուժման գործընթացը, բժշկի կարծիքով, տեւելու է 2-ից 4 շաբաթ։

«Պատրաստվում ենք մանրակրկիտ հետազոտել՝ ի նկատի ունենալով սրտի պրոբլեմը. 70-ից ավելի բեկորները, որ ռազմի դաշտից մնացել են նրա օրգանիզմի բոլոր մասերում ոչ պակաս նեղություն են տալիս, եւ հիմնական միջամտությունը մեր պրոֆիլով լինելու է քթային շնչառությունը վերականգնող, բորբոքային պրոցեսը արմատահան անող եւ քնի մեջ կանգ առաջացման պրոցեսը կանխող վիրահատական միջամտություն», - մասնավորապես, ասել է Ավետիք Մինասյանը։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի հերոս Սասուն Միքայելյանը հունիսի 22-ին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու ու կրելու մեղադրանքներով:
Առողջական վիճակի վատթարացման հետ կապված՝ սեպտեմբերի 12-ին Սասուն Միքայելյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Անցած ամիս Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու առաջարկով էր հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նշելով, որ քրեակատարողական հիմնարկում չկան անհրաժեշտ պայմաններ Սասուն Միքայելյանի բուժումը կազմակերպելու համար։

Առողջական վիճակի վատթարացման պատճառով Սասուն Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացրել դեռ այն ժամանակ, երբ նա գտնվում էր նախնական կալանքի տակ։ Բազմաթիվ այլ միջնորդություններ՝արվել են նաև հանրության կողմից ճանաչված գեներալների ու մտավորականների կողմից, սակայն ապարդյուն։
Սասուն Միքայելյանի հիվանդասենյակը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Հիվանդի ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար, սակայն մինչ այս պահը հայտնի չէ Միքայելյանին կվիրահատեն, թե ոչ»:
Դեկտեմբերի 7-ը Ռուսաստանում հայտարարվել է սգո օր՝ կապված Պերմում տեղի ունեցած ողբերգության հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի գիշերը Պերմի Хромая лошадь գիշերային ակումբում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել էր 112 մարդ։ Հիվանդանոցներում գտնվում է 123 մարդ, նրանցից 5-ի ինքնությունը հաստատված չէ։
Այսօր Ռուսաստանի ողջ տարածքում իջեցվելու են բոլոր պետական դրոշները։ Հեռուստառադիոընկերություններին առաջարկվել է հետաձգել ժամանցային ծրագրերն ու միջոցառումները։
Հիշեցնենք, որ ակումբի այցելուների մեծ մասի մահվան պատճառ էր դարձել պլաստիկ նյութի այրոցը, որը ծայրահեղ թունավոր է և արգելվում է օգտագործել։ Ակումբում ոչինչ չէր այրվել՝ բացառությամբ դեկորատիվ տարրերի, որոնցով զարդարված էր ակումբի առաստաղը։
Նշենք, որ քննչական կոմիտեի կայքը նախօրեին հայտնել է, որ Хромая лошадь ակումբի համահիմնադրի, գործադիր տնօրենի և արտ-տնօրենի դեմ հարուցվել է քրեական գործ, նրանք կալանավորված են։