Լրացուցիչ հիմնավորումներ է պահանջում

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայցադիմումի քննությունը, որը սակայն դարձյալ հետաձգվել է: Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը ՍԴ ներկայացրած իր դիմումով վիճարկում էր Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ի մասի սահմանադրականության հարցը։ Հիշյալ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Հիշեցնենք նաև, որ մարտիմեկյան իրադարձություններից հետո սույն հոդվածով որպես թիրախ էին ընտրվել փաստաբաններն ու լրագրողները։ Մարդու իրավունքների պաշտպանը այս հոդվածում վիճարկելի է համարում, հատկապես այն, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում դատավարության ոչ բոլոր մասնակիցների համար։ Հայցի քննությանը ՍԴ-ն անդրադարձել էր նոյեմբերի 10-ին ու որոշել հետաձգել քննությունը՝ լրացուցիչ նյութերի ծանոթանալու համար։ ՍԴ-ն նաև հայցը բանավոր ընթացակարգով քննարկելու որոշում էր կայացրել, ինչը կողմերին ելույթներով ու բանավոր հիմնավորումներով ներկայանալու հնարավորություն էր ընձեռում։ Երեկվա նիստում պատասխանող կողմի ներկայացրած հիմնավորումները ՍԴ-ն բավարար չի համարել և լրացուցիչ նյութերի ծանոթանալու հիմնավորմամբ հայցի քննությունը դարձյալ հետաձգել է մինչև հունվարի 10-ը։

Հիշեցնենք, որ  Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածով մեղադրվող 4 փաստաբաններից Մուշեղ Շուշանյանի գործը հետաձգվել է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, իսկ իսկ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի գործը քննվում է Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 8-ին:

Ի դեպ այս հոդվածով դատապարտվել էին երկու ընդդիմադիր լրագրողներ՝ Գագիկ Շամշյանն ու Գոհար Վեզիրյանը։