Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 դեպք

1988թ. մինչև 2009թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 808 դեպք Հայաստանի քաղաքացիների շրջանում, որոնցից 134-ը' 2009թ. ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները' 590 մարդ (73%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 218 դեպք (27%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 59,5%-ը 25-39 տարիքային խմբում է:

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության տարածած մամլո հաղորդագրությունը:

Սկսած 1988թ.-ից ամեն տարի դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է իբրև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն անցկացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու նպատակով:
ՄԻԱՎ վարակի համաճարակն ազդում է անհատի և ողջ հասարակության կյանքի տարբեր ոլորտների վրա, և համապատասխանաբար համաճարակին հակազդումը պետք է լինի բազմաոլորտային: Սակայն ցանկացած բազմակողմանի խնդրի լուծման մեջ միշտ կան առաջնահերթ ուղղություններ, և դրանք ժամանակի ընթացքում փոփոխվում են: Այդ պատճառով ամեն տարի դեկտեմբերի 1-ն անցկացվում է տարբեր կարգախոսներով, որոնք արտացոլում են ընթացիկ ժամանակի կենսական հարցերը:
Այս տարի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Համընդհանուր հասանելիությունը և մարդու իրավունքները» կարգախոսով: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում' վերաճելով գլոբալ համաճարակի: 2008թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,4մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (50%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (41,2%): Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 371-ի մոտ (կին' 85, երեխա' 8 ) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 78-ի մոտ' 2009թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 200 դեպք: Մահացածների թվում կան 33 կին և 4 երեխա:

Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները տղամարդիկ են, ընդ որում' նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում' 352 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 43,6%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է' 10,4%:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա ՄԻԱՎ վարակ ունեցող 2300 մարդ:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին նկատվում է արձանագրվող դեպքերի թվի աճ: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվության և հետազոտության (ԿԽՀ) համակարգի ստեղծմամբ: Արդյունքում բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը: Մինչ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի իրականացումը' 2002թ. ՀՀ-ում գործում էր ընդամենը 3 ԿԽՀ կետ (ոչ մի կետ կանանց կոնսուլտացիաներում), ինչը սահմանափակում էր խորհրդատվություն ստանալու և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու բնակչության հնարավորությունը: Ներկայումս ՀՀ տարածքում գործում է 155 ԿԽՀ կետ, որոնցից 79-ը' կանանց կոնսուլտացիաներում: 2004թ. ընթացքում հետազոտվել է 24 244 մարդ, որոնցից 49-ի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ, 2008թ.-ին հետազոտված 71510 (2,9 անգամ ավելի) մարդկանցից 136-ի մոտ է ախտորոշվել ՄԻԱՎ վարակ: 2009թ. երեք եռամսյակի ընթացքում հետազոտվել է 53 297 մարդ, որոնցից 111-ի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ:

Արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ վարակ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան:

Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասանելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004թ. հետազոտվել է 3219 (ծնունդների թիվը' 37520), հղի, ապա 2008թ. ընթացքում հետազոտվել է 40067 հղի (ծնունդների թիվը' 41454), ինչը մոտ 12,4 անգամ ավելի է 2004թ. հետազոտված հղիների թվից: 2009թ. երեք եռամսյակի ընթացքում հետազոտվել է 29947 հղի: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է հղիների շրջանում ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը. եթե 2000-2004թթ. հղի կանանց շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 3 դեպք, ապա 2005թ.-ից մինչև 2009թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 35 դեպք, ինչը հնարավորություն է տվել իրականացնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում և էապես նվազեցնել նորածնի վարակվելու հավանականությունը:

ՄԻԱՎ վարակի կլինիկահամաճարակաբանական առանձնահատկությունների պատճառով հնարավոր չէ միայն գրանցված դեպքերի հիման վրա դատել համաճարակի զարգացման միտումների մասին: Հիվանդությունն ունի երկարատև' 8-10 տարի շարունակվող թաքնված շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որևէ նշանակալի դրսևորում, հետևաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է: Ահա թե ինչու ՄԻԱՎ-ի տարածվածության իրական մակարդակը բացահայտելու, համաճարակի զարգացման միտումները պարզելու համար պարբերաբար իրականացվում են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել բնակչության տարբեր խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածությունը, այլև պարզել ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը և ՄԻԱՎ-ի տարածմանը նպաստող վարքագծային գործոնները, նաև գնահատել իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը:

ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով և կենսակերպով: Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսևորել անվտանգ վարքագիծ' զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց առկայության դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաև ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում' դիմակայելով խարանին և խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ իր գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից: