Ոստիկանությունը պարտվեց դատարանում

ՀՀ վարչական դատարանն այսօր ավարտեց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանների հայցադիմումի քննությունը, սակայն որոշման հրապարկումը դատավոր Արծրունի Միրզոյանը հետաձգեց մինչև նոյեմբերի 20-ը։

 

Փաշինյանի շահերի պաշտպանները վիճարկում էին ներկայացրած բողոքը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կայացրած որոշման դեմ, որով մերժվել էր պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը։ Ըստ այդ փաստաթղթի Փաշինյանը անցած տարվա փետրվարի 26-ից մինչև այս տարվա հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ և Հայաստանում չի բնակվել։ Հիշյալ տեղեկանքը անհրաժեշտ է հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Փաշինյանի թեկնածության գրանցման համար։

 

Նիկոլ Փաշինյանն ու իր ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ Փաշինյանի անձնագրում հանրապետությունից դուրս գալու մասին որեւէ նշում չկա, ինչը հաստատում է, որ նա վիճարկվող ժամանակահատվածում՝ գտնվել է Հայաստանում։ Եթե նա ապօրինաբար է լքել հանրապետությունը, ապա ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել, ինչը չի արվել։

Փաշինյանի շահերի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը դատարանին ներկայացրեց հայտնի գրությունը մերժող  հիմնավորումները և պահանջեց այն անվավեր ճանաչել, տրամադրել օրենքով սահմանված կարգով նոր տեղեկանք։ Սակայն Ոստիկանության ներկայացուցիչներ Հայկ Գաբրիելյանն ու Գոռ Հարությունյանը «ամբողջությամբ առարկեցին» հայցապահանջի դեմ՝ բերելով իրենց հիմնավորումը։

 

Նրանք պնդում էին, որ Փաշինյանը 2008թ փետրվարի 26-ից մինչև 2009թ. հուլիսի 7-ը չի գտնվել Հայաստանում և չի բնակվել Իջևանում Մետաղագործների փողոցում գտնվող այն բնակարանում, որտեղ նա հաշվառված է։ Ընդ որում ոստիկանները վկայակոչելով օրենքի պահանջը, ասում էին, որ բնակության վայրը փոխելու դեպքում  անձը պարտավոր է 7 օրյա ժամկետում տեղեկացնել Պետական ռեգիստրին։ Ոստիկանության ներկայացուցիչները որևէ փաստարկ չկարողացան բերել, թե Փաշինյանը վերջին 5 տարում Հայաստանում չի բնակվել։

 

Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում հայտարարեցին, որ իրենց համար հիմք են հանդիսացել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի տրամադրած գրությունը այն մասին, որ Փաշինյանը, գտնվելով հետախուզության մեջ, այդ ժամանակահատվածում չի հայտնաբերվել, ինչը Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հիմք է տվել եզրակացնելու, որ հետախուզվողը այդ ընթացքում հանրապետությունում չի գտնվել։

 

Բացի այդ, պատասխանող կողմը նշեց, որ իրենք որպես հիմք են ընդունել նաեւ Փաշինյանի հայտարարությունները մամուլում այն մասին, որ ինքը Հայաստանում չէ։ Խոսքը «Հայկական ժամանակ» օրաթերթում  հրապարակված՝ «Երկրի հակառակ կողմից» վերնագրով Նիկոլ Փաշինյանի ստեղծագործության մասին էր։

«Ներկայացված փաստարկները տրամաբանական չեն։ Նրանք փորձ են անում որևէ կերպ հիմնավորել իրենց մերժումը, սակայն դա օրենքից չի բխում։ Պահանջվող տեղեկանքը Հայաստանի հանրապետությունում բնակվելու մասին է և ոչ թե Իջևան քաղաքի կոնկրետ հասցեի, ինչն այսօր փորձում է ներկայացնել ոստիկանությունը։ Ոստիկանությունն ինքը ապացուցեց, որ իրենց ներկայացրած տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը», պարզաբանեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Ոստիկանությունը մի  «ապացույց» էր ներկայացրել դատարան Իջևանից մի քանի կանանց գրավոր բացատրություններն այն մասին, որ Փաշինյանը հիշյալ հասցեում չի բնակվել։ Սակայն ամենազավեշտալին այն էր, որ ոստիկանները հիշյալ անձանցից բացատրություններ ունեին, սակայն նշված հասցեում բնակվող Փաշինյանի հարազատներից բացատրություններ նրանց որդու գտնվելու վայրի կամ բնակարանը խուզարկելու մասին արձանագրություն չունեին։

Փաշինյանն ու իր շահերի ներկայացուցիչները, մեղմ ասած, ջախջախեցին ոստիկանության ներկայացրած «փաստարկներն» ու ամբողջությամբ բացահայտեցին ոստիկանության «իրավական» մոտեցումները խնդրին։ Ոստիկանության ներկայացուցիչների պատասխանների գերակշիռ մ,աս էր կազմում «հրաժարվում եմ պատասխանել հարցին»։  Վերջիններս չէին կարողանում հիմնավորել նույնիսկ իրենց իսկ առաջ քաշած հարցերը։

Ժաննա Ալեքսանյան