ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանը պաշտպանության կարիք ունի
Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը դռնփակ խորհրդակցությունից հետո հրապարակեց մի որոշում, որով հետաձգվեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայցի քննությունը՝ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասը(դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք) հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ ՍԴ-ն որոշել է հաջորդ փուլում հայցը քննել բանավոր ընթացակարգով, ինչը կողմերին ելույթներով ներկայանալու հնարավորություն կտա։
։Գագիկ Գարությունյանի խոսքով դատարանին հետաքրքրում է, թե 2005-ի դեկտեմբերին ինչ հիմնավորումներով է կատարվել այն օրեսնդրական փոփոխությունը, որով պատասխանատվությունը վարչականից դարձել է քրեական և հարցն ինչ ընթացք է ունեցել խորհրդարանում։ Այս նյութերին ծանոթանալուց հետո միայն ՍԴ-ն կկարողանա վերջնական որոշում կայացնել։
ՍԴ նման որոշումը անսպասելի բայց դրական է գնահատել Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։ Նրա գնահատմամբ՝ քննության հետաձգումն ու ընթացակարգի փոփոխությունը՝ գրավորից բանավոր նպաստելու է օբյեկտիվ քննությանը։ Հարցի վերաբերյալ միանշանակ չէ ՄԻ պաշտպանի գնահատականները։ Հարցին, թե քննության հետաձգումը մեծացնում է արդյո՞ք հայցը բավարարելու հավանականությունը, Արմեն Հարությունյանը պատասխանեց.«համարում եմ, որ մեր դիմումը միանշանակ հիմնավորում է , որ հոդվածը հակասահմանադրական է»։
ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Հատկապես մարտիմեկյան դատավարություններից հետո այս հոդվածն առանձնահատուկ կարևորություն ստացավ ու սկսեց «պատժել» հատկապես փաստաբաններին: Հիշյալ հոդվածով հարուցված քրեական գործերը Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը փաստաբանների դեմ սկսված «խաչակրաց արշավանք» է գնահատում:
Մինչև 2006 թվականը դատարանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը վարչական իրավախատում էր համարվում ու պատժվում էր տուգանքով: 2006 թվականից «անհարգալից վերաբերմունքի» նկատմամբ վերաբերմունքը լրջացավ ու քրեականացվեց::
«2006 թվականին Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի թեթև ձեռքով այդ նորմը Քրեական օրենսգիրք մտավ: Այլ պետություններում ես նման նորմ չգիտեմ, այնտեղ կա կարգապահական պատասխանատվություն: Իսկ այստեղ' ոչ. անպայման պետք է փաստաբանին պատժենք, տանենք բանտախուց, որպեսզի նա իմանա, որ չի կարելի «պաշտպանել» մեղադրյալի շահերը և հակառակվել դատավորի կամ դատախազի կարծիքին», ավելի վաղ մեզ հետ զրույցում նման կարծիք էր հայտնել Ռուբեն Սահակյանը:
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը նույնպես 343-րդ հոդվածը փաստաբանական ինստիտուտը ճնշելու միջոց է համարում: Նա դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ մեղադրվող երեք փաստաբաններից մեկի' Դիանա Գրիգորյանի շահերի պաշտպանն է:
Հիշեցնենք, փաստաբաններ Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյնանն ու Դիանա Գրիգորյանը «Պիցա դի Ռոմայի» գործով ընթացող դատավարության ընթացքում, որպես նախագահող դատավորի ոչ օրինական գործողությունների դեմ բողոքի արտահայտություն, լքել էին նիստերի դահլիճը, ինչը դատարանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք էր դիտվել ու քրեական հետապնդման առիթ դարձել:
Փաստաբանների նկատմամբ հարուցված գործը գտնվում էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում: Դատական նիստեր այս գործով թեև նշանակվել են, բայց դրանք տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվել են: Դործը դատական քննության փուլ դեռ չի մտել: Պաշտպանների' դատավորին հայտնած ինքնաբացարկի մի քանի միջնորդություններից հետո, դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դրանցից վերջինը և ինքնաբացարկ հայտնեց:
«Իր այդ քայլով դատավորն առանձնացավ: Նա չցանկացավ այս գործով դատավարություն իրականացնել ու դատավճիռ կայացնել: Բոլորս էլ պատկերացնում ենք, մանավանդ մեզ համար դա պարզ է, որ եթե գործը շարունակվի, ապա արդարացման դատավճռի մասին խոսք գնալ չի կարող ու մնում է միայն մեղադրական դատավճիռ ակնկալել»: Արամազդ Կիվիրյանի գնահատմամբ' դատավոր Մխիթար Պապոյանը փորձեց գոնե իր ձեռքով չկայացնել մեղադրական դատավճիռը:
Գործը մակագրվեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանին: Նրա նախագահությամբ վերջին նիստը նույնպես հետաձգվեց, ու հաջորդը նշանակվեց նոյեմբերի 17-ին:
Հունիսի 8-ին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ Արմեն Հարությունյանը նշել էր, թե Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի «անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման ու կիրառման համար», եւ վիճարկվող այդ նորմի կիրառմամբ՝ մի շարք փաստաբանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Միաժամանակ նկատի ունենալով, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչեւ 5 տարի ժամկետով, եթե նա մեղադրվում է իր մասնագիտական գործունեության հետ կապված դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ , ՄԻ պաշտպանը միջնորդել էր այս ընթացքում կասեցնել վիճարկվող նորմի գործողությունը:
Պաշտպանի դիմումի հիմքում ոչ թե քրեական պատասխանատվություն սահմանել-չսահմանելու, այլ այդ պատասխանտվությունը դատավարության կողմերից յուրաքանչյուրի վրա հավասարապես տարածելու հանգամանքն է: Խնդիրն այն է, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքում պատասխանատվության ենթակա են պաշտպանության կողմը , վկաներն ու տուժողները, բայց ոչ մեղադրողը: Արմեն Հարությունյանն իր դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում է վերացնել այդ անհավասարությունը:
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո պարզ կդառնա փաստաբանների նկատմամաբ հարուցված քրեական գործերի ընթացքը», - մեր զրույցի ընթացքում նշեց Արամազդ Կիվիրյանը: Նրա խոսքով' եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, ապա փաստաբանների նկատմամբ հարուցված գործերը կկարճվեն: «Հակասահմանադրական ճանաչելուց հետո դադարում է գործել այն հոդվածը, որով կարելի էր անձին պատասխանատվության ենթարկել», ասաց Արամազդ Կիվիրյանը:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու համար այս տարի դատապարտվել են 2 ընդդիմադիր լրագողներ' «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը եւ լուսանկարիչ Գագիկ Շամշյանը: Երկուսն էլ դատապատվել էին դրամական տուգանքի' 300-350 հազարի չափով:
Լուսինե Վասիլյան
