ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նահանջ, նահանջ մինչեւ …

Մեսրոպ Հարությունյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2009 թվականի ինդեքսը. Հայաստանը հերթական անգամ նահանջել եւ 31.13 ցուցիչով (ծանոթություն - որքան ցածր է ցուցիչը, այնքան բարձր է մամուլի ազատության աստիճանը) զբաղեցնում է 111-րդ հորիզոնականը (2008 թվականին՝ 101-րդն էր): Ընդ որում՝ վերջին 6 տարիների ընթացքում սա ամենամեծ նահանջն է՝ ցուցիչը բարձրացել է համարյա 9 կետով (2008-ին եղել է 22.75): Եթե հաշվի առնենք 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունները՝ եւ օրենսդրության ոլորտում, եւ լրագրողների դեմ կատարված բռնությունների առումով, ապա նահանջը պիտի տրամաբանական համարել:
Այսուհանդերձ, անհասկանալի է մնում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մոտեցումը: Այսպես՝ 2008 թվականի ցուցիչը 2007- ի համեմատ նվազում է արձանագրել, այն դեպքում, երբ այդ տարվա հաշվարկի ժամանակաշրջանն ընդգրկում էր նաեւ 2008 թվականի մարտի 1-ից 20-ն ընկած հատվածը, երբ Երեւանում մտցված արտակարգ դրության պայմաններում բացահայտ գրաքաննություն էր կիրառվում, ինչի պատճառով բազմաթիվ թերթեր լույս չէին տեսնում, ինտերնետային կայքերը արգելափակված էին, իսկ հեռուստաընկերությունները պաշտոնականից զատ այլ տեղեկատվություն չէին տարածում:
Ինչեւէ: Հայաստանում մամուլի ազատությունը 2009-ին, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, նահանջ է ունեցել, եւ մեր երկիրն այդ առումով միեւնույն խմբում է Ջիբութիի, Հորդանանի, Տաջիկստանի հետ: Ընդ որում, ըստ կազմակերպության ներկայացրած աղյուսակի, մեզանից ավելի ազատ են Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Բուրունդիի եւ նման այլ երկրների լրատվամիջոցները: Մեր հարեւան Վրաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը, եւ անցյալ տարվա համեմատ նրա ցուցիչը համարյա կրկնակի նվազում է ունեցել (այսինքն՝ մամուլի ազատության աստիճանը համարյա կրկնակի բարձրացել է): Ոմանք մխիթարվում են նրանով, որ Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը մեզանից ավելի վատ դիրքերում են: Բայց սա, մեր կարծիքով, մխիթարություն չէ:
Ի՞նչը կարող է ազդած լինել Հայաստանի ցուցիչի այդքան վատանալու վրա: Ամենից հավանականն է, որ 2008 թվականի մարտյան գրաքննության արձագանքները նոր են արտացոլվել ցուցիչի հաշվարկման կամ՝ դրա հաշվարկի համար հիմք ընդունվող հարցումների պատասխանների մեջ:
Երկրորդ՝ 2008 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ ընդունած տխրահռչակ օրենքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ըստ որի՝ «Մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում»: Սրանով մրցակցությունը հեռարձակման ոլորտում մարեց, եւ պետությունը երկու տարով ազատվեց «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերություններին հերթական մրցույթներում «պարտվող» ճանաչելու եւ դրա համար միջազգային հանրությանը բացատրություններ տալու գլխացավանքից:
Վերջապես՝ 2008 թվականի սեպտեմբերից մինչեւ 2009 թվականի սեպտեմբերը հաճախացել էին մամուլի ու լրագրողների դեմ հարձակումները, ինչը նույնպես կարող էր ազդել Հայաստանի ցուցիչի վրա:
Ամփոփելով՝ պիտի ասենք. եւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, եւ այլ միջազգային կառույցների ամենամյա զեկույցներում Հայաստանը վերջին 10 տարում «կայուն հետընթաց» է արձանագրում ընդհանրապես ժողովրդավարության եւ, մասնավարապես, ԶԼՄ-ների ազատության ոլորտում: Նահանջը շարունակվում է նաեւ այս տարի, նահանջի ականատեսն ենք մենք ամեն օր: Ընդամենը մի փաստ. հասկանալու համար, որ հեռարձակման ոլորտն ունի իր «դիրիժորը»՝ բավական է միայն դիտարկել, թե քանի հեռուստաընկերություն է լուսաբանում որեւէ ընդդիմադիր գործչի ասուլիսը, եւ քանիսը նրանցը, ովքեր գովերգում են «հարազատ իշխանության իմաստուն քաղաքականությունը...»:
Մոտ 20 տարի է անցել, որ վերջին արտահայտության ոգով հրապարակումները հուշ են դարձել, սակայն վախենում եմ Հայաստանի նահանջը ժողովրդավարությունից մեզ վերադարձնի հենց այդ՝ վերահսկվող եւ միակարծ մամուլի ժամանակները: Մամուլ, որը «միահամուռ հավանություն է տալիս...»:
Մնացյալը հայտնի է...
